Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետը ո՞ր պաշտոնյաներին կուղարկի ճաղերի ետեւ

Հոկտեմբեր 20,2016 10:30

Կառավարությունը ծրագրում է «ապօրինի հարստացման» քրեականացում
Վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի եւ նրա ծրագրային բարեփոխումների վրա հույս է դրել իշխող Հանրապետական կուսակցությունը. այս նոր կառավարությունը պետք է այնպիսի ծրագիր իրականացնի, որպեսզի մեր երկրում իրապես բարեփոխումներ իրականացվեն, եւ ՀՀԿ-ն մինչ գարնանը սպասվող ընտրությունները, այսպես ասած, սրբագրվի, նոր վարկանիշով մասնակցի ընտրություններին: Ինչ կհաջողվի անել այս կառավարությանը՝ ժամանակը ցույց կտա, իսկ թե ինչ է նախատեսվում կառավարության նոր ծրագրով՝ արդեն պարզ է:

Համեմատելով այս եւ նախորդ կառավարության ծրագրերը՝ բեկումնային փոփոխություններ առանձնապես չկան, այս եւ նախորդ ծրագրերում էլ տարբեր ոլորտներին վերաբերող շեշտադրումները գրեթե նույնն են, ձեւակերպումներն են մի քիչ տարբեր:

Կարեն Կարապետյանի թիմի ծրագրում, այնուամենայնիվ, որոշ նորամուծություններ կան: Օրինակ՝ մարդու իրավունքների եւ արդարադատության ոլորտներում այս կառավարությունն այնպիսի բաներ է ծրագրում, որոնք նախորդներն անտեսել էին: Ծրագրում գրված է՝ պատիժը կրելուց վեցամսյա ժամկետում պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի բարեփոխում՝ օբյեկտիվ չափանիշների սահմանման միջոցով ապահովելով գործընթացի արդյունավետությունը եւ կանխատեսելիությունը, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների 2017-2019թթ. ծրագրի հաստատում: Այս կառավարությունը, ի տարբերություն նախորդի, չի շրջանցում ԴԱՀԿ ծառայությանը. ծրագրով նախատեսվում է դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի բարելավում, մասնավորապես՝ առավել հստակեցնելով դատական ակտերի հարկադիր կատարման ժամկետները, նվազեցնելով հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները:

Այս ոլորտում նախատեսվում է հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Նոր կառավարությունը կալանավորների համար էլ «անակնկալ» ունի. ծրագրվում է քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ապահովում, էներգախնայողության ծրագրի իրականացում՝ 10 քրեակատարողական հիմնարկներում կատարելով շենքերի ջերմային եւ հիգիենիկ հարմարավետության ապահովման աշխատանքներ:

Կոռուպցիայի դեմ պայքարի է՛լ ռազմավարություն, է՛լ խորհուրդ, է՛լ պայքարի ցանկություն բոլոր կառավարություններն էլ ունեցել են, այս կառավարությունն էլ բացառություն չէ, միայն թե կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր գրելը մի բան է, այն իրականություն դարձնելը՝ այլ բան: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին այնպիսի դրույթներ կան, որ եթե դրանք իրագործվեն, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ճաղերի ետեւում հայտնվեն: Օրինակ՝ ծրագրով նախատեսված է եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում եւ վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում: Բազմաթիվ պաշտոնյաների միայն պաշտոնական հայտարարագրերը, դեռ չենք նշում չհայտարարագրած գույքը կամ զոքանչի, կնոջ, քենու, աներձագի անունով գրանցած բիզնեսները, արդեն լուրջ ուսումնասիրության առարկա են, եւ եթե վարչապետի խոսքը նաեւ գործ է, ապա դրանք քրեական գործի հարուցման եւ ձերբակալությունների հիմք կարող են լինել:

«Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»,- գրված է ծրագրում. մնում է սպասենք, թե այդ առավելագույն ջանքերը որ պաշտոնյաների նկատմամբ են կիրառելու կամ ընդհանրապես կիրառելո՞ւ են, թե՞ ոչ:
Ծրագրով վեցամսյա ժամկետում նախատեսվում է գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնմանը եւ փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով, հակակոռուպցիոն կանխարգելիչ եւ իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում, շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում, ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացում, կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող իրավակարգավորումների սահմանում:

Մեկ տարվա ընթացքում կառավարությունը ծրագրում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։

Քաղաքաշինության ոլորտում ծրագրվում է երկրաշարժի հետեւանքով աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում, 2017 թվականին Գյումրի քաղաքում ծրագրի ավարտ:

Էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում կառավարությունը նախատեսում է տարածաշրջանում իրացման նոր շուկաներ փնտրելու, ներկրման եւ արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների ակտիվ կերպով իրականացում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագրի մշակում եւ 2018 թվականին ծրագրի մեկնարկ, նոր կառուցվող եւ վերակառուցվող բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում պարտադիր էներգախնայողության չափանիշների սահմանում: Հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվում է տատանվող գների ազդեցությունը մեղմող միջոցառումների մշակում` ելնելով առանձին ծրագրերի վրա այդպիսի միջավայրի ազդեցության առանձնահատկություններից, ընդերքօգտագործման իրավունքի մրցակցային տրամադրման, ընդերքի արդյունավետ եւ պատասխանատու օգտագործման, ինչպես նաեւ 2017-ին արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության հայտի ներկայացում:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

20.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Նյութի վերնագիրը կապ չունի նյութի հետ: Մեկ էլ մի հարց. էդ ոնց է, որ Նելլի Բաբայանի այս նյութում չկա Գագիկ Մակարյանը?

  2. Նարեկ says:

    Խոսքը Գագիկ Մակարյանի մասին չէ: Նելլի Բաբայանը մշտապես նրա կարծիքն է ներկայացնում, մինչդեռ լավ տնտեսագետներ էլի կան: Միայն Գագիկ Մակարյանը չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31