Լրահոս
Օրվա լրահոսը

Չկորցնել զգոնությունը

Հոկտեմբեր 20,2016 10:02

Չգիտեմ, թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը եւ ում շահերն է այդ գործիչը ներկայացնում (չնայած կարող եմ ենթադրել, թե ում), բայց նրա վերջին հարցազրույցում տեղ գտած միտքն, իմ կարծիքով, 100 տոկոսով արտացոլում է իրականությունը` Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի: Այդ կանխատեսման օգտին է խոսում թեկուզ այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո ոչ մի գործնական քայլ չի արվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

Պարզ է, որ Ադրբեջանին դա պետք չէ: Բայց դա այնքան էլ պետք չէ, հավանաբար, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, հակառակ դեպքում այդ երկրների դիվանագիտությունն այդ ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկեր: Իսկ այդ պասիվությունն Ադրբեջանին թեւ է տալիս` նոր հարձակմանը պատրաստվելու: Վերջնական «դաբրոն», իհարկե, պետք է Ռուսաստանը տա, ինչպես որ դա արել է այս տարվա ապրիլին, բայց դա ժամանակի հարց է՝ պատեհ առիթը վաղ թե ուշ կներկայանա:

Եթե որեւէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա կամ մոտակա պատմական հեռանկարում խաղաղ հանգուցալուծում կստանա, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Եվ խնդիրն այն չէ, որ Իլհամ Ալիեւը խելապակաս է կամ նապոլեոնական ամբիցիաներ ունի. պարզապես պատերազմի մշտական սպառնալիքը եւ բուն պատերազմը նրա իշխանության պահպանման միակ երաշխիքն են: Առանց բռնապետության Ադրբեջանը կքայքայվի՝ նախեւառաջ երկրի ներսում սոցիալական եւ ազգային խնդիրների ճնշմամբ, ինչպես նաեւ դրսից իսլամական գործոնի ազդեցության տակ: Իսկ բռնապետության միակ «հիմնավորումը» պատերազմն է, որն ուղեկցվում է ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռասիստական հայտարարություններով: Իհարկե, այդքանով հանդերձ Ադրբեջանը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները, եթե դրսի գլխավոր խաղացողներն իսկապես ցանկանան, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի: Այնպես որ՝ այս ամիսների հարաբերական անդորրը ոչ մեկին չպիտի թյուրիմացության մեջ գցի եւ, այսպես ասած, թուլացնի՝ առջեւում պատերազմ է, եւ մեր պետությունը պետք է դրան պատրաստ լինի: Թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ բազմիցս ասվել է:

…Դեռեւս 1920 թվականի մայիսին Խորհրդային Ռուսաստանի արտգործնախարար Գեորգի Չիչերինը զեկուցագիր էր գրել Լենինին, որի իմաստը հետեւյալն է. Ղարաբաղը, չնայած պատմականորեն հայկական հող է, չի կարելի տալ Հայաստանին: Բայց, մյուս կողմից, չի կարելի տալ նաեւ Ադրբեջանին: Հիմնավորումը շատ արդիական է հնչում. երկու դեպքում էր կա թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը կորցնելու վտանգը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    նենց էլ հստակ գիտեք, որ Ռուսաստան էր ապրիլի հեղինակը:
    Հիմա ուրշի տենց գրեր, Բուդդայի ոճով կասեիք գոնե փաստեր են պետք ու ապացույցներ:
    Իսկ Ձեզ իհարկե կարելի է:
    հա մեկ էլ կարաք ասեք՝ Ձեր ենթադրությամբ ում շահերն ա ներկայցնում Բաբայանը:???մենք էլ իմանանք- մարդ ենք էլի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31