Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Հայկ Խաչատրյանը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ հավանական է, որ նա համալրի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության շարքերը: Հայկ Խաչատրյանն առայժմ չի ցանկանում խոսել իր քաղաքական հետագա ճակատագրի մասին:
Համենայնդեպս, Aravot.am-ի հարցին ի պատասխան, նա ասաց, որ որեւէ կուսակցության անդամակցել դեռեւս չի պատրաստվում, ժամանակը ցույց կտա:
Նաեւ ասում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու հատուկ պատճառներ էլ չի ունեցել, պարզապես, իրեն այդպես էր հարմար` ի պատասխան այն հարցի, որ այս փուլում իր`ԲՀԿ-ից դուրս գալը փոքր ինչ անակնկալ եւ անսպասելի էր:
Հայկ Խաչատրյանը բավական լավ հարաբերություններ ունի «Համախմբում» կուսակցության նախկին ԲՀԿ-ական անդամների հետ ու թերեւս տարօրինակ էր, որ նա այն ժամանակ չլքեց ԲՀԿ-ն եւ չմիացավ «Համախմբմանը»:
Կարդացեք նաև
Ի դեպ, հարցազրույցներից մեկում Հայկ Խաչատրյանն ասել էր, որ ինքը կողմ էր, որ ԲՀԿ-ն լինի իրական ընդդիմություն: Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Խաչատրյանը պնդեց, որ ինքն այն կարծիքին չէ, թե ԲՀԿ-ն կեղծ ընդդիմություն է, հետեւաբար նման բան ասել չէր կարող, իրեն սխալ են հասկացել կամ սխալ մեկնաբանել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ