Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Հոկտեմբեր 20,2016 16:30

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը կարծում է, որ սփյուռքի
հնչակյանների համար օդի եւ ջրի նման անհրաժեշտ է հայաստանյան կառույցի ուժեղացումը:

– Պարոն Աճեմյան, ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՍԴՀԿ-ն նույնպես մասնակցեց մոտ մեկ տասնյակ բնակավայրերում, սակայն արդյունքները գոհացուցիչ չէին, ինչո՞ւ:

– Նախ՝ կարծում եմ, որ այս հարցը ճիշտ կլինի ուղղել Հայաստանի վարչությանը, ի մասնավորի՝ ընկեր Նարեկ Գալստյանին: Սակայն, այնուամենայնիվ, եթե կա հարց, ուրեմն պետք է լինի նաեւ պատասխան: Իմ համոզմամբ՝ առաջին փորձն էր, մասնակցեցին, տեղեր կային, որ շատ մոտ էին հաջողությանը, տեղեր կային, որ հաջողեցին, օրինակ՝ Այգեզարդ համայնքում հաղթանակ գրանցեցին, սակայն, ընդհանուր առմամբ, ճի՛շտ է, արդյունքն այդքան էլ գոհացուցիչ չէր: Կարծում եմ, որ հետեւություններ անելու ժամանակն ու պատեհ առիթն է:

– Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, սակայն ՍԴՀԿ-ի այսօրվա ուժերը, կարծես, բավարար չեն, որպեսզի միայնակ մասնակցի եւ հաղթահարի նվազագույն շեմը: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն օրեր առաջ որոշում ընդունեց ցանկացած պարագայում մասնակցել ընտրություններին: Այո՛, ծանր փորձաշրջան է մեզ սպասվում առջեւում, սակայն քաղաքական կուսակցությունը, այն էլ շուրջ 130 տարվա պատմություն ունեցող, չի կարող դուրս մնալ գործընթացներից եւ պատասխանատվությունից: Ընտրություններին մասնակցելը մեզ համար նախեւառաջ պատասխանատվության բաժին վերցնելու անհրաժեշտություն է: Մենք կարծում ենք, որ ՍԴՀԿ-ն Հայաստանի քաղաքական կյանքում իրավունք ունի իր պատշաճ տեղը ստանձնելու: Իհարկե՛, շատ դժվար է լինելու, սակայն 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից շատ բան է կախված: Այն ուղղակիորեն կարող է ազդել թե՛ Հայաստանի եւ թե՛ Սփյուռքի մեր կառույցների վրա: Այսօր աշխարհի 15 երկրում Հնչակյան կուսակցությունն ունի մասնաճյուղեր, կից մարզական, բարեսիրական ու մշակութային միություններ ու հազարավոր համակիրներ, որոնց հայացքն ուղղված է ՍԴՀԿ Հայաստանի կառույցի վրա:

Իհարկե՛, մեր տեղի ընկերների վրա ծանր պատասխանատվություն եւ բեռ կա, սակայն փաստը մնում է փաստ, որ իմ նշած կառույցների բնականոն աշխատանքի, զարգացման, նոր մարտահրավերներին դիմագրավելու համար կարեւոր բաղկացուցիչ է նաեւ Հայաստանի հնչակյանների դերակատարության բարձրացումը: Այս մասին գիտենք բոլորս, սակայն կարծես խուսափում ենք բարձրաձայնել: Իզո՛ւր, այլեւս ոչ թե Սփյուռքը պետք է սնի Հայաստանին, պետք է լինի ուղիղ հակառակը: 25 տարի է՝ ՍԴՀԿ-ն Հայաստանում է, ինչքան կարողացել ենք, ամբողջ ուժերով օգնել ենք Հայաստանի կառույցին, պատերազմին մասնակցել ենք թե՛ կուսակցական ջոկատներով, թե՛ նյութականով ու բարոյականով: Ապրիլյան պատերազմին իբրեւ կամավորներ մասնակցեցին շուրջ 50 հնչակյաններ եւ կուսակցության կողմից հովանավորվող ջոկատների ազատամարտիկներ: «Մեծն Մուրադ» ջոկատի, «Փարամազ» ջոկատի, Արտաշատի կառույցի ընկերները, առանձին բազմաթիվ հնչակյաններ նետվեցին ճակատ: Մենք Հայաստանին տվել եւ տալիս ենք ամեն ինչ, բայց քաղաքական առումով ձախողումը հետեւում է ձախողմանը: Հիմա այլեւս հաղթել է պետք՝ հանուն մեր գաղափարախոսության, հանուն այն հսկա ընտանիքի, որ կոչվում է ՍԴՀԿ:

– Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ ՍԴՀԿ-ն առանձի՞ն է մասնակցելու ընտրություններին, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր է դաշինքային տարբերակ:

– Չեմ կարող ասել, այս հարցի հասցեատերը նույնպես Հայաստանի վարչությունն է: Միայն վստահեցնում եմ, որ ցանկացած որոշման դեպքում կանգնած ենք կուսակցության կողքին: Որքան որ տեղեկացված եմ, այս պահին ընթանում են բանակցություններ մեզ մոտ քաղաքական ուժերի հետ: Թե ուր կհասնի՝ ժամանակը ցույց կտա: Անշուշտ, շատ ավելի լավ կլինի մասնակցել հավաքականությամբ, սակայն գործընթաց է, թե ուր կտանի՝ չենք կարող ասել:

– Ինչպե՞ս եք վերաբերվում նոր կառավարության գործունեությանը:

– Գիտեք, կարծում եմ, որ ազդակները դրական են: Եվ քաղաքական, եւ տնտեսական առումով նոր կառավարության հայտարարություններն ու որոշումները մեզ համար սրտամոտ են: Իհարկե՛, դեռ պետք է ժամանակը ցույց տա, թե համակարգային առումով ինչպիսի փոփոխություններ կլինեն, սակայն սկիզբը լավ է: Համենայնդեպս, նախկին կառավարության իներտ գործողությունների հետ համեմատած՝ նոր վարչապետի կեցվածքը շատ ավելի ողջունելի է: Գաղտնիք չեմ ասի, որ ես Հայաստանում էլ ներդրումներ ունեմ, եւ ինձ համար, իբրեւ նաեւ բիզնեսմեն, ազդակները դրական են: Կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի իրականացրած փոփոխությունները ճիշտ ժամանակին էին:

– Մի քանի ամիս առաջ ողջ հայության ուշադրությունը սեւեռված էր ՊՊԾ գնդի գրավման եւ «Սասնա ծռեր» զինյալների գործողությունների վրա: Նրանց աջակցություն հայտնեցին բազմաթիվ հայտնի սփյուռքահայեր, Լոս Անջելեսի հյուպատոսության դիմաց ցույց եղավ, անգամ շենքի ապակիները կոտրեցին: ՍԴՀԿ-ն այդ օրերին խոհեմության եւ արյունահեղությունից խուսափելու կոչեր արեց, ի՞նչ եք անձամբ Դուք կարծում:

– Ես երբեք չեմ խուսափել իմ կարծիքն ասելուց՝ անկախ այն հանգամանքից, թե ում է դա հաճելի կամ տհաճ: Մի բան հստակ է, որ զենքով բարեփոխումների չես կարող հասնել: Ի՞նչ տեղի ունեցավ, մի քանի տասնյակ մարդիկ որոշեցին, որ իրենց իրավունքն է անմեղ մարդկանց կյանքեր խլելով հասնել չգիտես՝ ուր: Ես համաձայն եմ Սերժ Սարգսյանի այն գնահատականի հետ, որ Երեւանը Հալեպ կամ Բեյրութ չպետք է դառնա: Այո՛, տեղի ունեցավ հանցագործություն, եւ, իսկապես, շատ ողջունելի են իրավապահների՝ ավելորդ արյունահեղությունից խուսափելուն միտված գործողությունները: Եթե զինվորական կամ ոստիկանական գունդ գրավեին ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ անգամ արեւելյան ինչ-որ բռնատիրական երկրում, ապա մեկ ժամ հետո կհաջորդեր ոստիկանների գրոհը: Երկրին պետք են փոփոխություններ, սակայն անարյուն, առանց ցնցումների, էվոլյուցիոն ճանապարհով: Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ ապրելու իրավունք ունեն, սակայն աշխարհում չկա գեթ մեկ պատմական օրինակ, որ զենքի գործածումը հանգեցնում է ժողովրդավարության ամրապնդման: Ես անձամբ կարծում եմ, որ պետք է լինի գաղափարների եւ ծրագրերի պայքար: Մենք, իբրեւ սոցիալ-դեմոկրատներ, մեկ միլիմետր անգամ չենք զիջել եւ չենք էլ զիջելու մեր գաղափարները: Մենք այս ենք, ընտրությունը՝ ՀՀ քաղաքացիներինը:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31