Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն անցնում է «պրեսինգի»

Հոկտեմբեր 20,2016 16:00

Բաքուն ու Անկարան չեն թաքցնում
Ղարաբաղի հարցով «տորգը» Մոսկվայի հետ

Ադրբեջանն ու Թուրքիան թեժացրել են Ղարաբաղյան թեմայի արծարծումը: Անկարայի եւ Բաքվի սպասումները հատկապես առավել ցայտուն դարձան այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահը մեկնեց Ստամբուլ, որտեղ մասնակցեց Համաշխարհային էներգետիկ համաժողովին: Ստամբուլում, ամենայն հավանականությամբ, Էրդողանն ու Ալիեւը Պուտինի հետ Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում քննարկել են նաեւ ԼՂ խնդիրը:

Պուտինի` Ստամբուլ կատարած այցից հետո հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձավ ԼՂ խնդրին` նշելով. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաեւ Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:

Իսկ հոկտեմբերի 14-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ հայտարարեց, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ԼՂ խնդրում. «Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց կապելու դա Ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով՝ ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»:

Այնուհետեւ հերթը Ալիեւինն էր: Հոկտեմբերի 18-ին հրապարակվեց նրա հարցազրույցը «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ, որում Ալիեւը խոսել է ԼՂ-ին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին. «Խելամիտ փոխզիջում հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության ապահովում, ինքնակառավարում, տարբեր ներդրումային ծրագրեր Ադրբեջանի կողմից»: Ապա Ադրբեջանի նախագահը կրկին ասել է, որ «երբեք չեն համաձայնի անկախություն տալ ԼՂ-ին». «Փոխզիջումը կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման շուրջ, ապագայում, եթե մենք համաձայնության գանք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»:

Ղարաբաղյան բանակցությունների քսանամյա պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ պաշտոնական Բաքուն ներկայացնում է իր պատկերացրած «զիջումը», այն է` «ինքնավարության բարձր աստիճան Ադրբեջանի կազմում»:
Այսինքն` Ալիեւը մի կողմ է դնում բանակցությունների սեղանին դրված առաջարկները, սկզբունքները եւ ներկայացնում է իր պայմանը, որն առհասարակ հակասում է փոխզիջումների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու միջնորդների առաջարկած սկզբունքների փիլիսոփայությանը:

Պաշտոնական Երեւանն արձագանքեց Ալիեւի` «ԼՂ-ին ինքնավարություն տրամադրելու» հայտարարությանը: «Արցախի խնդրում մեզ համար ամենակարեւորը կարգավիճակի հարցն է: Մեր պատասխանն էլ Ալիեւին հետեւյալն է՝ Արցախը որեւիցե կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում։ Խնդիրն ադրբեջանցիների մեջ է։ Եթե փոխզիջում ասելով նկատի ունեն ինքնավար հանրապետություն, ապա տվայտանքների եւ ինքնախաբեության մեջ են։ Փոխզիջումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Իսկ թե ինչի՞ դիմաց, դա կորոշեն Ղարաբաղի իշխանությունն ու ժողովուրդը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելել է, որ Ալիեւն ուղղակի շփոթել է «անկախ» եւ «ինքնավար» բառերը` հավելելով, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է. «Եթե Ալիեւը տեղյակ չէ բանակցային սկզբունքներից, ապա տեղեկացնեմ, որ դրանցից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Այդ մասին իրենց հայտարարություններում ասել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները»:

Ուշագրավ է, որ Ալիեւը Կիսելյովին տված հարցազրույցում չի բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին` Եվրասիական տնտեսական միությանը: Թեեւ նա նշել է, որ առայժմ Ադրբեջանն իրեն ավելի ապահով է զգում ներկա կարգավիճակում` ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով, բայց, այնուամենայնիվ, նա ծավալվել է այդ թեմայով` նկատելով, որ դրա շուրջ խոսակցություններ վաղուց են ընթանում՝ ե՛ւ փորձագիտական հանրության, ե՛ւ տարբեր երկրների քաղաքական էլիտայի շրջանում: «Կասեմ այսպես. սկզբունքորեն մենք այսօր մեզ բավականին վստահ ենք զգում այն կարգավիճակում, որում գտնվում ենք… Ուստի մենք դեռ պետք է հետեւենք՝ ինչ միտումներ կլինեն: Իհարկե, եթե Միությունը դառնա գրավիչ, այն շատերին կձգի: Այնպես որ՝ ոչինչ բացառել չի կարելի, բայց ներկա փուլը ես հենց այսպես կբնութագրեի»: Ալիեւը հավելել է, որ իրենք ուշի-ուշով հետեւում են եվրասիական տարածությունում տեղի ունեցող գործընթացներին. «Այսօր ԵվրԱզԷՍ անդամ երկրների հետ մեր տնտեսական, ինչու ոչ՝ նաեւ քաղաքական համագործակցության ձեւաչափը շատ ամուր է: Ինտեգրման ճանապարհով ընթանալու համար, իհարկե, անհրաժեշտ է շարժառիթ: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ շարժառիթ: Եվ մենք այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասել է նա:

Թե ինչ քաղաքական «շարժառիթ» է անհրաժեշտ Ալիեւին, որպեսզի նա ավելի լրջորեն մտածի այս միությանն անդամակցելու մասին, կարելի է հեշտությամբ կռահել: Ղարաբաղի հարցով «տորգը» Մոսկվայի հետ կարող է ավելի առարկայական դառնալ, եթե Բաքուն Մոսկվայից ավելի «հետեւողական» աշխատանք տեսնի Հայաստանի ուղղությամբ ճնշումներ կիրառելու դեպքում:

Իսկ առայժմ պաշտոնական Բաքուն անցել է միջնորդներին շանտաժի ենթարկելու իր ավանդական քաղաքականությանը` կրկին ապացուցելով, որ դեմ է խաղաղ բանակցային գործընթացին եւ առհասարակ փոխզիջումներին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը «Ազերբայջան» պաշտոնական թերթում հրապարակված հոդվածում հիշեցրել է ապրիլյան պատերազմը՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել նոր ուժով»: Մամեդովին վրդովեցրել է այն հանգամանքը, որ թեեւ «միջազգային միջնորդները հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, բայց, չգիտես ինչու, նախընտրում են հստակ դիրքորոշում չունենալ» այդ հարցում: «Մենք համանախագահ երկրներից, ինչպես նաեւ միջազգային հանրությունից սպասում ենք կոնկրետ քայլեր՝ հակամարտության արդարացի լուծման համար»,- նկատել է Մամեդովը` հավելելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը Ադրբեջանի առաջ ծառացած «ամենամեծ մարտահրավերն է»։ Նա կրկին դժգոհել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող «բանակցություններում մինչեւ այժմ առաջընթաց չի գրանցվել», ու հավելել է. «Հայաստանը շահագրգռված չէ հակամարտության լուծմամբ եւ փորձում է պահպանել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դրությունը»։

Պատերազմի սպառնալիքով ու միջնորդներին շանտաժի ենթարկելու «մեսիջներով» էր համեմված նաեւ օրեր առաջ Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը Ալիեւի մեկ այլ ելույթ. «Պատերազմների գլխավոր պատճառն այն է, որ հարեւանները խնդիրներ են ունենում միմյանց հետ։ Վերստին հայտարարում եմ, որ եթե 1990-ական թվականների սկզբին իշխանության ղեկին լիներ մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւը, ապա երբեք չէր սկսվի հայ-ադրբեջանական պատերազմը։ Մենք երբեք թույլ չէինք տա դա։ Սակայն այսօր մենք պետք է լուծենք այդ խնդիրը։ Մենք ունենք ինչպես դիվանագիտական, այնպես էլ այլ ուղիներ։ Ադրբեջանը շատ մեծ ջանքեր է գործադրել բանակաշինության ուղղությամբ։ Մենք գիտենք մեր ուժը, վստահ ենք նրանում, պարզապես ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով»։

Խիստ ուշագրավ է, որ Ալիեւը հպարտանում է՝ վստահ լինելով, որ եթե հայրը 1990-ական թվականների սկզբին իշխանության ղեկին լիներ, «չէր սկսվի հայ-ադրբեջանական պատերազմը», սակայն ամիսներ առաջ ինքը դիմեց ագրեսիայի, իսկ այսօր էլ շարունակում է խոսել նաեւ «այլ ուղիներով» ցանկալի լուծման մասին:

Այժմ Բաքվի համար «ցանկալի լուծման» հասնելու ճանապարհին հույսը Մոսկվան է, իսկ ավելի կոնկրետ` «Լավրովի պլանը», որի մասին անուղղակիորեն ակնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, իսկ օրեր առաջ էլ` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը, որը դժգոհեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունից, թե Մոսկվան լավատեսորեն չի տրամադրված առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, բայց շարունակում է աշխատանքները Երեւանի եւ Բաքվի հետ: «Հայտարարությունը մեզ մոտ զարմանք եւ ափսոսանք է առաջացնում: Պարոն Ուշակովի հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախագահների մակարդակով արված հայտարարություններին: Այն նաեւ չի համապատասխանում այն մանրակրկիտ բանակցություններին, որոնք վարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած իր այցերի ընթացքում»,- նշել էր Հաջիեւը:

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31