Լրահոս
Օրվա լրահոսը

Որ աղջկա բախտը քաղաքում չի բերում, հետ են գալիս` գյուղի ջահելներն են «տեր կանգնում»

Հոկտեմբեր 20,2016 15:30

Վրաստանի Ախքյորփի հայաբնակ գյուղը հիմնական մայրուղուց 30 կիլոմետր հեռավորության վրա է: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է: Գյուղն էլ առանձնապես բարեկեցիկ ապրուստ չունի, եւ դա պարզ է դառնում գյուղ մտնելուն պես: Այստեղ էլ, ինչպես այս գյուղի բնակիչները նշեցին, մարդիկ իրենց օրվա հացը դժվարությամբ են վաստակում:

Ախքյորփի գյուղը գազիֆիկացված չէ, մարդիկ վառելափայտ են գնում: Թեեւ Հայաստանի համեմատությամբ փայտն այստեղ ավելի էժան է` 1 խորանարդ մետրը 6 լարի, ինչը հայկական դրամով մոտ 1500 դրամ է, բայց միեւնույն է՝ այդ գումարն էլ դժվարությամբ են հայթայթում: Հայաստանում վառելափայտի 1 խմ-ն 6000 դրամ է:

4-6

Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: 56-ամյա Սարգիս Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սեզոնին էլ անտառից գետնամորի, մոշ են հավաքում, մի մասը՝ վաճառում, մի մասն էլ՝ ձմռան համար պահեստավորում:
Նրա ներկայացմամբ՝ Ախքյորփի գյուղում ձմեռը շատ ցուրտ է լինում, եւ ամեն ընտանիքին մոտավորապես 12 խորանարդ մետր փայտ է անհրաժեշտ, որպեսզի ձմեռն անցկացնեն:

4-4

Գյուղի երիտասարդների զբաղմունքն էլ գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Կարտոֆիլ, եգիպտացորեն, արեւածաղիկ են ցանում ու վաճառում: Մեր զրուցակից երիտասարդները նշեցին, որ գյուղում ամուսնություններ լինում են, բայց ծնունդների թիվը շատ քիչ է՝ պայմաններ չկան:

Նրանց խոսքերով՝ խորհրդային տարիներից հետո գյուղը մանկապարտեզ էլ չի ունեցել, եւ միայն հիմա է, որ վերաբացվելու աշխատանքներ են տարվում:
Գյուղը չնայած գտնվում է Վրաստանում, բայց բնակիչները հիմնականում հայերենով են խոսում: Դպրոցում ուսուցումը եւս հայոց լեզվով է. «Այս տարի էլ առաջին դասարան 8 երեխա է գնացել, մինչդեռ ժամանակին՝ 10 տարի առաջ, 200 աշակերտ ենք ունեցել, հիմա աշակերտների թիվը 60-ին մոտ է»:

4-3

Մարգար Բարխուդարյանի ներկայացմամբ՝ գյուղում այսօր ապրում է 200 ընտանիք՝ մոտ 700 բնակչով, համայնքում նորմալ բուժկետ էլ չունեն եւ անհրաժեշտության դեպքում կամ Թբիլիսի են գնում, կամ Մառնեուլի:

Ախքյորփիի համայնքապետն ազգությամբ վրացի է, գյուղի բնակիչները նրա հետ հաղորդակցվում են նրա` ազգությամբ հայ տեղակալի միջոցով: Գյուղը քանի որ անտառամերձ է, Ախքյորփիի տղամարդկանցից ոմանք կարող էին անտառում աշխատել, բայց, ըստ վրացի անտառապահների, նրանց չեն ընդունում, քանի որ լեզվի խնդիր ունեն եւ որոշ փաստաթղթեր պետք է վրացերեն լրացնեն:

4-2

Այս համայնքի երիտասարդները նույնպես արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն:

«Ամեն մեկն էլ փորձում է մի բանով զբաղվել, որ կարողանա պահել իր գոյությունը»,- գյուղից արտագաղթն այսպես են բացատրում մեր զրուցակից երիտասարդները:
Մարտին Օլքինյանը ապրել է Երեւանում, բարձրագույն կրթություն ստացել, բայց վերադարձել է հայրենի գյուղ, հարմարվել եղած պայմաններին. «Ապրում ենք Վրաստանում, սիրում ենք հայերին եւ Հայաստանում շատ բարեկամներ ունենք»,- ասում է նա:

Ըստ նրա՝ ուսուցման համար Վրաստանում ավելի լավ պայմաններ են՝ մատչելի է, եթե լեզվին տիրապետեն: Կարող են նույնիսկ անվճար սովորել:

4-1

Երիտասարդ տղաների խոսքերով՝ գյուղի աղջիկներն էլ աշխատում են գյուղից դուրս ամուսնանալ եւ քաղաքում են իրենց բախտը փնտրում, իսկ ում բախտն էլ չի բերում եւ գյուղ են վերադառնում, ինչպես նրանք են ասում` «գյուղի ջահելներն են տեր կանգնում»:
Գյուղի ամենաերկարակյաց բնակիչներից է Բեգլար Հակոբյանը, որը 101 տարեկան է եւ ապրում է միայնակ: Նրա երկու դուստրերն էլ գյուղից դուրս են ապրում, մեկը` Չանաչխիում, մյուսը` Երեւանում: Տղաներն էլ իրենց ընտանիքներով նույնպես Երեւանում են բնակվում: Հայրենական պատերազմի մասնակից Բեգլար պապը հաշմանդամություն ունի, բայց առողջությունից չի դժգոհում, նրա մտահոգությունը նոր դարաշրջանի բարքերն ու սովորույթներն են. «Առաջ մարդիկ ավելի ջերմ ու հանդուրժող էին, պետությունն էլ ուշադիր չի, «մալադյոժը» փախնում, գնում է, մեծերն էլ թոշակառու են եւ դժվարությամբ են իրենց այգիներում բանջարաբոստանային կուլտուրաներ մշակում»:

Բեգլար պապը Երեւանի գրանցում ունի, 70-ական թվականներից գյուղի գրանցումից դուրս է եկել՝ գնացել Երեւան, հետո վերադարձել է իր հայրենի գյուղ, իր կառուցած տունը: Նա այս գյուղում մեղվաբուծությամբ է զբաղվում, «արտադրած» մեղրի մի մասը Վրաստանում վաճառում, մի մասը` Երեւանում: Ասում է` չի սիրում երեխաներին նեղություն տալ եւ մինչեւ հիմա ինչով որ կարողանում է, նույնիսկ օգնում է:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հ. Գ. Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում անցկացված թրեյնինգի եւ մեդիատուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին՝ Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

 

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31