«Եվ ես ապրում եմ հիմա սոսկ պատասխանատվություն ունենալով բոլոր ինձ սիրող մարդկանց նկատմամբ: Սա ուրիշի դրախտ է: Նավթը ջրից անտարակույս ավելի թանկ է: Բայց ձուկը ջրի մեջ է ապրում: Մարդը պիտի ապրի իր միջավայրում: Մի բանաստեղծություն ունեմ, որ լավագույնս բնորոշում է իմ վիճակը. Ես հիմա չեմ մեռել, Ապրում եմ, Այդ մասին գիտեն բոլորը, Ինձնից բացի…». «Առավոտ» օրաթերթի 12.02.2016թ. «Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյան. «Նավթը ջրից անտարակույս ավելի թանկ է: Բայց ձուկը ջրի մեջ է ապրում» հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայում ժամանակավորապես բնակվող բանաստեղծն ասաց, թե իր «Ֆրանսիական նամականի» գրքի շնորհանդեսը կլինի աշնանը:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանում բանաստեղծությունների նոր ընտրանին ներկայացվեց առանց Ա. Հովհաննիսյանի մասնակցության:
Այն թվով երրորդն էր՝ «Տաք երկիր» եւ «Հայելի» ժողովածուներից հետո:
Բանաստեղծությունների մեկ ժողովածու էլ լույս է տեսել ռուսերեն:
Գրքի խմբագիր Սեյրանուհի Գեղամյանն ասաց, թե երբ առաջին անգամ Անատոլին իր բանաստեղծություններն է ներկայացրել ու հեռացել, առաջին բանաստեղծությունից հետո անմիջապես վազել է նրա հետեւից ու ասել՝ կտպագրվի: Անատոլին հարցրել է՝ բայց Դուք դեռ ամբողջը չեք կարդացել, իսկ Սեյրանուհին ասել է՝ մեկն արդեն բավական էր, որպեսզի հասկանամ բանաստեղծին:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նկարագրեց իր եւ Անատոլիի առաջին հանդիպումը, հանդիպումները: Ըստ նրա՝ արվեստը, մասնավորապես՝ երաժշտությունը, իգական սեռի է…Անատոլիի բանաստեղծությունները առնական են, կրակոտ, նկարագրությունները, պատկերները ուժեղ:
Բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանն ասաց. «Ծանր հիվանդության բերումով արդեն հինգ տարի է, ինչ Անատոլին տեղավորվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, լիարժեք բուժումը դեռ հեռու է, բայց նա կտրվեց իր համար ամենակարեւոր Երեանից, իր միջավայրից ու շրջապատից: Մտավոր մարդու համար սա պակաս ծանր չէ, քան իր հիվանդությունը: Կարոտը սպանում է: Հեռակա կապը դարձավ նրա բանաստեղծությունների նոր գրքով, որի եւ բովանդակությունը, եւ վերնագիրը իրական վիճակի արտահայտությունն են»:
Դ. Գասպարյանը ներկայացրեց գիրքը. այն բաղկացած էր երկու մասից եւ հետգրությունից. «Սա արդեն պոեմի ճարտարապետություն է, կառուցվածքը ճիշտ է մտածված: Մուտքը կյանքի փոփոխությունն ազդարարող Լիոնն է այսպիսի անմիջական վերաբերմունքով. «Այս քաղաքը բարձի տակ առավոտներ չունի, Բանաստեղծությունը չի նկատվում», կամ՝ «Ծովում խեղդվողի ծարավով, Եվ քնքուշ-հանդիմանող ձեռքդ Հեռու է ավելի, Քան փրկության ափի պատրանքը»:
Հանրապետության վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանն ընթերցեց նրա հարցազրույցներից, բանաստեղծություններից. «Մեր պատկերացումների Ֆրանսիան դա Փարիզն է, Մոնմարտրը: Ապրել եւ Փարիզը չտեսնելը երբեւէ սիրահարված չլինելու պես բան է: Այստեղ ես իմ աչքով տեսա Լուվրը, Օրսեյը, Պոմպիդու կենտրոնը. դա պատմելու բան չէ: Բարեկեցիկ, հրաշալի երկիր է, քաղաքի, գյուղի տարբերություն չկա: Շատ բարձր է կենցաղային մակարդակը: Ինչպես բաժակի մեջ ջուրը տարբեր ռելիեֆներ չի կարող ունենալ, այդպես էլ կուլտուրայի պարագայում է, սկսած կենցաղային կուլտուրայից մինչեւ մշակութային որակը: Մի օր ընկերներիցս մեկի հետ խոսելուց ասացի, որ այստեղ սոված շներ էլ չկան: Հետո հասկացա, որ եթե ֆրանսիացուն ասես նույնը, երկար պիտի բացատրես, թե շները ինչո՞ւ պիտի սոված լինեին»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի
«Առավոտ»
19.10.2016