Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատերական Լոռին» նվիրված էր Անկախության 25-ամյակին

Հոկտեմբեր 20,2016 13:30

«Թատերական Լոռի» փառատոնը շուրջ 40 տարվա պատմություն ունի, այն հիմնադրվել է Լոռու մարզի Ակներ գյուղում: Սկզբնական տարիներին փառատոնն իր շուրջն էր համախմբում հանրապետության ժողովրդական թատրոններին: Տարեցտարի ընդլայնելով շրջանակները` փառատոնը ներառեց պրոֆեսինալ թատերախմբերի, ապա հրավեր ստացավ արտերկրների թատրոններից եւ «Թատերական Լոռին» դարձավ միջազգային: Այժմ այն Ալավերդի քաղաքի այցեքարտն է:

Շնորհիվ փառատոնի երկարամյա տնօրեն Հրաչյա Պապինյանի կազմակերպչական ունակությունների եւ արվեստասեր հովանավորների, այն դարձավ հանրապետության ամենաերկարակյաց ու շարունակվող փառատոնը: Այս տարի` 23-րդ փառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը շնորհավորեց եւ բարի երթ ցանկացավ մասնակիցներին:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն անդրադարձ կատարեց փառատոնի անցած ուղուն, ուրախության եւ հպարտության զգացում արտահայտեց, որ փառատոնը սկսվում է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի ելույթով, որը նվիրված է թատրոնի եւ կինոյի մեծանուն բեմադրիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հ. Մալյանի հիշատակին` նրա ծննդյան 90 եւ կինոդերասանի թատրոնի հիմնադրման 35-ամյակներին: «Մալյանի անվան թատրոնը հանրապետության լավագույն թատրոններից է: Նրա դուստրը` Նարինե Մալյանը, շարունակում է մեծ վարպետի թողած լավագույն ավանդույթները»,- հավելեց Հ. Ղազանչյանը:

«Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 4-13-ն անցկացվեց «Ռուսական թատրոնի օրեր»: Ելույթ ունեցան Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան, Թբիլիսիի Ալ.Գրիբոյեդովի անվան եւ Վլադիկավկազի Եվ. Վախտանգովի անվան ռուսական թատրոնները: Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը եւս ողջունեց փառատոնի բացումը:

Փառատոնը բացվեց Ա. Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացմամբ:
Մյուս օրերին թատերասերները դիտեցին Հովհ. Թումանյանի անվան, Ճապոնիայի Սայտամա քաղաքի «Իտո-Գումի» թատրոնի, Սոս Սարգսյանի անվան Համազգային, Ալավերդու քաղաքային թատրոնի, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի, «Ռազմիկ» թատերախմբի, Թեհրանի «Ստեղծարար» թատերախմբի եւ Երեւանի Հ. Պարոնյանի անվան թատրոնի լավագույն ներկայացումները: Թատերախմբերը, բացի Ալավերդիից, ելույթներ ունեցան Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ եւ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքներում:

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի առաջին այցը Լոռու մարզն էր: Նա մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Թումանյանի ծննդավայր: Այցի նպատակն էր ծանոթանալ Մեծ լոռեցու թանգարանի մանրամասներին եւ հավուր պատշաճի նախապատրաստվել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:
Նախարարը եղավ Ալավերդիում, տեղի մշակույթի աշխատողների եւ «Թատերական Լոռի» փառատոնի ներկայացուցիչների հետ անցկացրեց խորհրդակցություն: Իրազեկվելով, որ հանրապետության ամենաերկարակյաց փառատոնն է՝ նախարարը պատրաստակամություն հայտնեց, որ հաջորդ փառատոնին, հնարավորության սահմաններում, աջակցել:

 
ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հակոբ says:

    Ոչ միայն Ալավերդու. այլև Լոռու մարզի մշակութային խորհրդանիշերից է. իմ կարծիքով ընդհանրապես մայրաքաղաքային փառատոների մի ամսը պիտի ուղղորդել դեպի ամզեր. իսկ հասկանալու թե համար թե ինչու. պարզապես պետք է ներկա լինել Թատերական Լոռիի դահլիճներում. մարդիկ տարիներով կարոտ են մշակութային իրադարձությունների.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31