Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթը ոչ թե հանկարծակի հղիությունն է, այլ դրա ընդհատումը

Հոկտեմբեր 20,2016 12:30

Մայրանալու զգացումն այնքան մեծ ու վեհ է, որ ցանկացած խնդիր դրա մոտ դառնում է երկրորդական

Մեր հասարակությունում հաճախ կարելի է տեսնել միայնակ մայրերի, որոնք երեխա են ունեցել ինչ-ինչ պատճառներով՝ լինի դա առողջական, թե պարզապես մայրանալու մղումից:

Հոգեբանության մեջ կա մի կարգախոս, որ ընդունված է ասել՝ կնոջ մարմինը եւ արգանդը դեռ չեն ենթադրում մայրություն: Մայրությունը ոչ միայն ֆիզիոլոգիական գործընթաց է, այլ պահանջվում է նաեւ հոգեկան պատրաստակամություն: Մարդը պետք է հոգեբանորեն դրան պատրաստ լինի: Լինում են այնպիսի դեպքեր, որ հղիությունը պլանավորված չի լինում ու այդ դեպքում հղիության լուրը դառնում է հանկարծակի, պատահական, որի ժամանակ շատերը անելանելի դրության մեջ են հայտնվում:

Հոգեբան Աննա Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ որպես կանոն՝ երեխան երբ սկսում է ձեւավորվել, մայրը իր ենթագիտակցական մղումներով, ապրումներով արդեն այդ փոքիկ բջիջին սիրում է. «Ուղղակի այս պարագայում առաջ են գալիս որոշակի տագնապներ՝ «ի՞նչ կանեմ ես», «ինչպիսի՞ մայր կլինեմ», «ինչպիսի՞ պայմաններ կստեղծեմ իմ բալիկի համար», «ինչպե՞ս կընթանա հղիությունը», «ինչպե՞ս կդասավորվի իմ հետագա կյանքը», «արդյո՞ք լավ մայր կլինեմ եւ կկարողանամ իմ բալիկին լավ ապագա ապահովել», այսինքն՝ դրանք պարտքի, պատասխանատվության զգացում ունեցող կնոջ հարցաշար է, որը բերում է տագնապալի վիճակի: Այս հարցերը շատ հաճախ լինում են նույնիսկ պլանավորած հղիության ժամանակ առաջին եռամսյակի ընթացքում՝ կինը հարմարվում է իր նոր վիճակին հոգեբանորեն»:

14793900_997426967033567_11
Հոգեբանը նշեց, որ հնարավոր է՝ նույնիսկ չպլանավորված հղիությունից որոշ ժամանակ անց մայրական մղումներն արթնանան նրա մեջ եւ հարցաշարի փոխարեն ապագա մայրը այնպիսի զգացում ունենա, որ բոլորին ցանկանա հայտնել իր՝ բալիկ ունենալու մասին լուրը:

«Երբ կինն ունենում է հասուն մտածելակերպ, թե ի՞նչ պետք է անի, որ երեխային կարողանա ճիշտ, ֆիզիոլոգիապես առողջ ձեւավորել, անցնում է բժշկական հետազոտություն, նորմալ սննդակարգի եւ եթե ամեն ինչ կարգին է, ապա այդ բալիկը պետք է լույս աշխարհ գա»,- ասաց մասնագետը:

Նա, նշելով այն հանգամանքները՝ ամոթի զգացում, հանրության բացասական կարծիք՝ ասաց, որ մայրանալու զգացումն այնքան մեծ ու վեհ է, որ ցանկացած խնդիր դրա մոտ դառնում է երկրորդական: Այսինքն, եթե նա արժանացել է այդ պարգեւին, ուրեմն այն իրեն ի վերուստ է տրված: «Ամոթ կլինի այն ժամանակ, երբ մայրը երեխային վերացնի, ամոթ է, որ երեխային հեռացնում են, որ ցանկալի սեռին չի պատկանում»:
Հոգեբանի խոսքերով՝ հղիության դրական նախատրամադրվածությունը շատ կարեւոր է, եւ եթե կինը հոգեբանորեն հասուն է եւ ունի որոշ ինտելեկտուալ պաշար, պետք է գիտակցի, որ երեխան իրեն տրված շնորհ է, որ յուրաքանչյուր կնոջ Աստծո կողմից տրվում է այդ կարեւորագույն պարգեւը՝ մայրանալու, արարելու, նոր կյանքի սկիզբը իր մեջ կրելու օրհնությունը եւ այդ մայրական գործընթացը, որը իր մեջ ներառում է ուժ, սեր, նվիրվածություն, զորություն, նեցուկություն, երազանքներ:

14798820_997427330366864_21
«Ամենակայացած կինը նույնիսկ հղիության ընթացքում կարող է խոցելի լինել, դրա համար պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի երեխայի վրա, քանի որ խնդիրների լուծումը ուղղվում է երեխայի ձեւավորմանը, աշխարհընկալմանը»,- ասաց Աննա Բադալյանը:

Ոչ ցանկալի հղիության ժամանակ հաճախ է պատահում, որ կնոջ զուգընկերը, այս պարագայում արդեն՝ երեխայի ապագա հայրը, պատրաստ չէ հայրական պարտականությունները կատարել, ապա, ըստ հոգեբանի, կինը ստանում է կենսական ուժ՝ իր մոտ ձեւավորվում է մի նոր կերպար, որը կոչվում է ծնող-ունիվերսալ, այսինքն՝ ե՛ւ հայր է, ե՛ւ մայր եւ կինն է որոշում երեխայի ճակատագիրը՝ լույս աշխարհ բերելով նրան: «Նույնիսկ ժամանակի ընթացքում ապագա հայրն էլ հնարավոր է՝ փոխի իր պատկերացումները, եթե կինը մայրանա, ձեւավորվի բալիկը, տղամարդն էլ գուցե պատրաստ լինի ընդունել իր բալիկին: Շատ կարեւոր է հղի կնոջ դերը, թե նա ինչպես կստեղծի այն եռյակ կապը՝ հայր, մայր, երեխա»:

Մասնագետը նշում է, որ անցանկալի հղիության ժամանակ ինչպես տղամարդը պատրաստ չի լինում, այնպես էլ կինը, երկուսն էլ նույն հարթության վրա են գտնվում, ուղղակի մեկը ընդունում է, իսկ մյուսը՝ ոչ. «Այս պարագայում, եթե մոր առողջական վիճակը թույլ է տալիս, որ ծնվի այդ երեխան, եւ եթե մայրը գիտակցում է, որ ինքը կարող է իր բալիկին նեցուկ լինել, ապա այդ բալիկը պետք է ծնվի»:
Շատ հաճախ կարող է լինել պաթոլոգիական հոգեվիճակով կին, որն այդ ընթացքում չկարողանա կարգավորել իր հույզերը եւ զգացմունքները, այս մասին հոգեբանը նշեց, որ, բնականաբար, այդ ամենն ազդելու է պտղի զարգացման վրա, քանի որ հայտնի է, որ յուրաքանչյուր էմոցիա, հույզ, ինչ որ կրում է մայրը, սպունգի նման վերցնում է բալիկը՝ սաղմը:

«Ընդունված կարգ կա, որ հղիության ժամանակ երեխան զգում է նաեւ հոր կապը, իսկ ոչ պլանավորված հղիության ժամանակ լինում է, որ հոր կերպարը, որպես այդպիսին՝ չկա, այդ դեպքում կնոջ պատասխանատվության զգացումը բազմապատկվում է, երբ ցանկանում է հոգեբանորեն առողջ բալիկ ունենալ: Շատերը ցանկանում են հիմնականում «աստղով» երեխաներ ունենալ, իսկ այդպիսիները հենց սաղմնային վիճակներից գիտեն, զգում են, որ իրենք սիրելի են, ցանկալի եւ սպասված»,- ասաց Աննա Բադալյանը:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31