Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը տպավորված է կառավարության ծրագրով:
«Առաջին անգամ ոնց որ թե երեւում է, որ բաժակաճառեր չեն, այսինքն, ծրագրի հոտ է գալիս: Մեզ մոտ այսքան ժամանակ ինչքան ծրագրեր ներկայացվել են, լինի կառավարության, թե տարբեր կազմակերպությունների, բաժակաճառեր են, ընդամենը ցանկություններ: Այստեղ նաեւ որոշ մեխանիզմներ եւ կոնկրետ ժամկետներ են տրված»,- Aravot.am-ին ասաց փորձագետը:
Պարոն Մեսրոբյանը, կառավարությանը նաեւ առաջարկ ունի. «Ծրագիրը համարվում է կատարյալ, երբ ունի թիրախներ, թիրախներին հասնելու ժամկետներ, մեխանիզմներ, բայց այստեղ պետք է պարտադիր նշված լինի, թե այս կամ այն բնագավառի համար ով է կոնկրետ գլխով պատասխան տալու եւ ինչ պատասխանատվություն է կրելու: Որ վերջ դրվի Հայաստանում, երբ մի տեղի համար հարյուր նախարար է աշխատում:Այն պահին, երբ Հայաստանում դժվար կլինի գտնել նախարար աշխատելու ցանկացողներին, այդ ժամանակ պետությունը կսկսի կայանալ»:
Փորձագետը ծրագրում առանձնացրեց նաեւ ԶՈՒ-ին վերաբերող հատվածը. «Որ զինուժը պետք է ոչ թե բեռ դառնա, այլ՝ խթանիչ պետության ու տնտեսության զարգացման համար: Սա ճիշտ գաղափար է, ու նման ճանապարհով գնաց Իսրայելը եւ հիմա ունի բավականին հզոր, զարգացած ռազմաարդյունաբերություն: Բայց այստեղ դիտողություն ունեմ, ոչ միայն Զինուժը պետք է լինի խթանիչ, այլեւ պատմականորեն ձեւավորված այն ոլորտները, որոնք ռազմավարական նշանակության օբյեկտներ են, մասնավորապես, ատոմային էներգետիկան…ես զարմացա, բայց ծրագրում չնկատեցի Հայաստան – Իրան երկաթգիծը: Սա պարտադիր հարց է, ու մեզ համար կենսական նշանակություն ունեցող, այդ թվում նաեւ Հարավ-հյուսիս մայրուղին, եթե խոսում ենք տրանսպորտային համակարգի մասին, ապա այստեղ տեսնում ենք, որ այս երկու հարցերը հանգուցային են այդ համակարգում»:
Կարդացեք նաև
Ծրագրում, ըստ պարոն Մեսրոբյանի, կարեւոր կետեր կան նաեւ կառավարման համակարգի վերաբերյալ. «Շեշտված է պետական կառավարման համակարգի բարելավումը, կառավարիչների կրթումը, էլ չեմ ասում հայթայթումն ու ներգրավումը: Սա շատ կարեւոր է, եթե ուզում ենք բարելավել համակարգը առանց մասնագետների անհնար է, սիրողական մոտեցումը տապալում է: Եվ իհարկե, շատ կարեւոր կետ է՝ ապօրինի հարստացման քրեականացման հարցը, սա վաղուց պետք է արվեր ու բավականին կոշտ պետք է արվի դա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ