Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շաքարի գործարանը դարձյալ չի աշխատում. Սահակաշվիլին Ալիևի հետ փակել են Սամվել Ալեքսանյանի ճանապարհը

Հոկտեմբեր 19,2016 21:12

Շիրակի մարզի վարչական տարածքում՝ Ախուրյանում գտնվող շաքարի գործարանը հուլիսի 15-ից դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին մեզ տեղեկացրեցին գործարանի աշխատակիցները՝ խնդրելով ճշտել, թե ե՞րբ է վերսկսելու իր աշխատանքները։ Աշխատակիցների փաստմամբ, իրենք սովորաբար այս ժամանակաշրջանում՝ ամառվանից մինչև դեկտեմբերի կեսն աշխատել են, հարկադիր պարապուրդի չեն մատնվել։

Այժմ էլ սրտատրոփ սպասում են, թե երբ պիտի գործարանն աշխատի։ Կամո գյուղի աշխատակիցներից մեկն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղի տղամարդկանց մեծ մասն աշխատում է հենց այդ գործարանում, բայց, քանի որ այս շրջանում գործարանը դադարեցրեց իր գործունեությունը, տղամարդկանց մի մասը ստիպված արտագնա աշխատանքի մեկնեց։ Աշխատակիցների ներկայացմամբ, գործարանում պարտաճանաչորեն, ճիշտ ժամանակին աշխատողներին վճարում են, աշխատավարձը տատանվում է 100-300 հազար դրամի սահմաններում, օրինակ՝ բեռնակիր բանվորը օրական 8 հազար դրամ է ստանում։

Նրանց ասելով, թեև աշխատաժամերը բավական երկար են՝ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 21․00-ը, կամ երեկոյան ժամը 21․00-ից առավոտյան ժամը 9-ը, սակայն իրենք չեն դժգոհում, քանի որ բանվորական ավտոբուսը բոլորին տուն է հասցնում։ Այս գործարանում Գյումրիից, մոտակա գյուղերից՝ Ազատանից, Ախուրյանից, Բասենից ու Կամոյից բացի գալիս են աշխատելու նաև հարևան Սպիտակից։ «Եթե անգամ նոյեմբերին ու դեկտեմբերին աշխատի, մենք յալվար կլինենք, աշխատաժամը ինչքան էլ երկար լինի, թող աշխատանք լինի»,- ասաց աշխատակիցներից մեկը։ Ի դեպ, նրանց տեղեկություններ են հասել, թե գործարանը չի աշխատում հումք չունենալու պատճառով, այն ներկրում են դրսից։

Ինչո՞ւ չի աշխատում շաքարի հսկան, նախ փորձեցինք ճշտել Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանից, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ գործարանի չաշխատելու պատճառի մասին։ «Ճիշտ է՝ իմ տարածքում է , բայց իմ լիազորությունների շրջանակում չէ, անկեղծ ասած տեղեկություն էլ չունեմ աշխատում է, թե ոչ»,-ասաց գյուղապետը։

Հարցին՝ իսկ Սամվել Ալեքսանյանը հարկերը նորմալ վճարու՞մ է, Արծրուն Իգիթյանը պատասխանեց․ «Հարկ-տուրքերը նորմալ վճարում են, ճիշտ ժամկետում, մեկ-մեկ էլ խնդրում ենք մի քիչ շուտ մուծեն, որ պլանները կատարենք, տարեկան 1,5 միլիոն է կազմում հողահարկն ու գույքահարկը»։

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն էլ ասաց, որ իր տեղեկություններով մինչև տարեվերջ գործարանը չի աշխատելու, կոնսերվացված է, սակայն պատճառների մասին հստակ տեղեկատվություն չկա։

Շիրակի մարզպետարանի մասնագետներից մեկն էլ, որը թեև համաձայնեց ձայնագրել իրեն, սակայն խնդրեց չնշել իր անուն-ազգանունը, քանի որ ի պաշտոնե իրեն իրավունք վերապահված չէ պարզաբանումներ ներկայացնել այս թեմայի շուրջ․ մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինը դեռ պետ չունի, տեղեկացրեց, որ շաքարի գործարանի չաշխատելու պատճառը շուկա չունենալն է։ Այս գործարանը, ըստ մասնագետի, ներքին շուկային մեկ տարվա կտրվածքով անհրաժեշտ արտադրանքը, այն է՝ 60-70 հազար տոննա շաքարավազն արտադրում է երեք ամսում, բնականաբար մյուս ամիսներին պիտի հարկադիր պարապուրդի մատնվի։ «Օրական արտադրում է 700 տոննա, ուրեմն ամիսն արտադրում է 21 հազար տոննա, եթե գործարանն ամեն օր աշխատի երկու հերթով, այս ձևով 3 ամսում փակում է հանրապետության պահանջարկը»։

Ըստ մասնագետի, ի սկզբանե շաքարի գործարանը հիմնվել էր հարևան Վրաստանի շուկա ներթափանցելու հաշվարկով․ երկաթուղին գործում է, սա դժվար չէր։ Սկզբում՝ մոտ մեկ ամիս Սամվել Ալեքսանյանին հաջողվել է վրացական շուկային շաքարավազ մատակարարել, սակայն կարճ ժամանակ անց Սահակաշվիլին Ալիևը հետ փակել են դռները Սամվել Ալեքսանյանի առջև, վրացական շուկա շաքարավազ մտել է Ադրբեջանից․ Բաքվում ևս կա շաքարի արտադրություն։ Մեր զրուցակցի ասելով, առանձին դեպքերում էլ վրացական շուկա է մտնում Կարսի մաքուր ճակնդեղով արտադրված շաքարավազը, Նախիջևանում մշակվում է ճակնդեղը, Կարսն էլ ամբողջությամբ հումքը գնում է, օգտագործում։ «Մերը սախառոզա է, իրենցը՝ ֆրուկտոզա է, այդտեղ մի H-ի տարբերություն կա, եթե շաքարի մեջ ֆրուկտոզան շատ է, դա օրգանիզմին վնասակար չէ, իսկ եթե սախառոզան շատ է, դա մի քիչ վտանգավոր է»,- ասաց մեր զրուցակիցը։

«Գիտեք Սամվել Ալեքսանյանը չի՞ ուզում, որ իր գործարանը աշխատի, 80-90 միլիոն դոլարը ներդրեց՝ հաշվի առնելով, որ Վրաստանին ինքը շաքարավազ կմատակարարի, բայց Սահակաշվիլին ու Ալիևը դեմն առան։ Արտաքին շուկա դուրս գալը դժվար է, չորս կողմից փակ է, մեր երկրի դեմոգրաֆիկ իրավիճակն էլ ազդում է ներքին շուկայի վրա, էսօր արդեն մարդը չկա, գնորդը չկա, առևտրի ծավալները նվազել են։ Գնողունակությունը ընկել է ոչ միայն ֆինանսական միջոցների բացակայության կամ սղության պատճառով, այլ մարդու ֆիզիկական գոյության չլինելու պատճառով։ Եթե մի ժամանակ ասում էին 68-70 հազար տոննա է անհրաժեշտ հանրապետությանը, այժմ համոզված եմ, որ 60-65 հազար տոննան լիուլի բավարար է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ապրիլ լրագրողը, սաղից հարցնում ա թե ինչու չի աշխատում, բայց մոռանում ա երկու հոգուց հարցնի՝ 1.մեր դեմի շենքի Ազգուշից, 2. մեկ էլ հենց գործարանի տնօրինությունից:
    մի հատ սեմինար անեի էլի Ձեզ համար- իրավական թեմաների լրագրողներ((((((((

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31