Հոկտեմբերի 19-ին Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Վրեժ Սարուխանյանի «Տարոնականչ» գրքի շնորհանդեսը: Այն թեմատիկ ու գաղափարական կապվածություն ունի նախորդ գրքի՝ «Էրգրականչի» հետ:
Հայոց ճակատագրի ծանր դրվագներից է ծնվել «Տարոնականչ» ժողովածուն, որի պատմվածքները տպագրվել են «Իրատես» թերթում:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը «Տարոնականչը» անվանեց Կարոտականչ: «Այն բոլոր կարոտները, որ Վրեժը դրել է իր ստեղծագործության մեջ, ես տեսել եմ իմ տատի աչքերում»:
Կարդացեք նաև
Գիրքը նվիրված է բոլոր ժամանակների հայ զինվորին: «Տարոնականչի» բոլոր հերոսները իրական են: Նրանք Տարոն աշխարհի զավակներն են, բայց տարոնցին հենց հայն է: Սա հայության գաղափարն է: Այսօր, երբ մեր մայրաքաղաքն ու սահմանը նույնն են, հայը հստակ պետք է իմանա՝ ով է իր հերոսը»,-նշում է Վրեժ Սարուխանյանը:
«Տարոնականչը» արցախյան գոյամարտի մասին է: Այստեղ անհուն կարոտ կա, բայց դա կորսված հայրենիքը ետ բերելու կարոտն է, ոչ թե սուգի: Հեղինակը կարևորել է պայքարը, որով պետք է տեր դառնանք «մեր էրգրին»: Իսկ անցյալը հիշողություն չէ, անցյալը դաս է:
Մեր մեծերից շատերը (Խորենացի, Նարեկացի…) հենց Տարոն աշխարհից են: Սա հայրենիքի գաղափարն է, իսկ հայրենասիրության մասին գրելը հեշտ չէ. «Ինձ միշտ հետաքրքրում է, թե գրողն ինչպես է գրում, ոչ թե ինչի մասին է գրում: Գրել կարելի է ամեն ինչի մասին, բայց պետք է լավ գրել: Հայրենիքի մասին գրելը բարդ է: Ամեն հուզական բան հայրենասիրություն չէ, և դրանից Վրեժ Սարուխանյանը խույս է տվել: Իսկ մեր մեծ կորուստները ոչ թե հուզելու, այլ մեզ պնդացնելու, ապագան պահպանելու համար են»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը»:
Արձակագիր Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ առավել բարդ է հայրենասիրական նյութ գրել լրագրող-գրողի համար, որովհետև «լավագույն լրագրողը նա է, որը տարիների կյանքն ամփոփում է մի քանի տողում, իսկ գրողը ակնթարթն է մի ամբողջ կյանք դարձնում: Վրեժ Սարուխանյանը մեծ վարպետությամբ մտավ գրականության ու լրագրության երկփեղկ դռների մեջ: Նա հայրենասիրությունը դարձրեց հայրենաՏիրություն»:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ