Aravot.am-ի հարցին, թե ընտրություններից առաջ, որպես ընտրակաշառք, բարեգործական երթուղիներ են բացվում, որոնց ուղեւորափոխադրումները, հաճախ կատարվում են անգամ գործածությունից դուրս եկած «պազիկներով», ինչը ողբերգական դեպքերի են հանգեցնում, ինչի վկայությունը հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վթարն էր , որի արդյունքում պարզվել էր, որ Վարսերի գյուղապետի թեկնածուն է բարեգործական տրանսպորտ տրամադրել, ինչպե՞ս է վերահսկվում այս դաշտը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Ճանապարհները եղել են մաքրած եւ վթարի հիմնական վարկածը, որը դեռ հաստատված չէ եւ քննությունը ցույց կտա, եղել են մաշված անվադողերը»:
Մեր ճշտող հարցին, թե բարեգործական երթուղիներն ինչպե՞ս են վերահսկվում, պարոն նախարարը պատասխանեց` «Վերահսկողությունը պետք է խստացվի, պետք է կանոնակարգել բոլոր ուղեւորափոխադրումները»:
Այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ասուլիս էր կազմակերպվել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարին, ապա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանն ասաց, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների ճնշող մեծամասնությունը տեխզննումն անցնում են ձեւական. «Այսինքն` ձեռք են բերում այդ կտրոնն ու համարվում է տեխզննումն անցել են: Բայց կանոնավոր ուղեւորափոխադրումների նկատմամբ մենք հսկողություն ենք իրականացնում, այնպես որ դրանք էապես տարբեր հսկողություններ են»:
Փոխնախարարն ասաց, որ շուտով կառավարություն են ներկայացնելու նախարարության առաջարկը տեխզննման նոր կարգ հաստատելու մասին, որով կբացառվի ձեւական տեխզննում անցնելու երեւույթը. «Գտել ենք այդ մեխանիզմը, որ ոչ թե մարդը վերահսկի, որը հնարավոր է հետագայում ռիսկեր առաջացնի, այլ` համակարգը»:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է տեխզննման կայանները նույնպես «պետականացվեն», ինչպես որ նախկինում էր, հատկապես, որ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշեց մաքսային բրոքերների գրասենյակները դարձնել պետական, նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ հնարավոր է եւ տեխզննման կայանների հետ կապված հարցերը քննարկման փուլում են:
Հարցին, թե Բեսլանում վթարված ավտոբուսը ճիշտ տեղո՞ւմ է կայանված եղել եւ արդյոք երկրորդ վարորդ ունեցել է, քանի որ խնայողություն անելու համար ուղեւորներ տեղափոխող վարորդները երկար ճանապարհն անցնում են առանց հերթափոխի` մենակ, Արամ Արսենյանն ասաց, որ վթարի ենթարկված ավտոբուսն ունեցել է երկրորդ վարորդ, որի աչքն է վնասվել եւ որին այս պահին տեղափոխում են Երեւան: Ինչ վերաբերում է քանի ժամը մեկ պետք է վարորդները միմյանց փոխարինեն, ապա ոլորտի պատասխանատուները նշեցին, որ եթե երթուղին 8 ժամից ավելի է, պարտադիր երկրորդ վարորդով պետք է լինի եւ 4 ժամ վարելուց հետո կես ժամ ընդմիջում պետք է տան եւ երկրորդ վարորդը մեքենան վարի:
Փոխնախարարն ասաց, որ Բեսլանում վթարված ավտոբուսը ճիշտ տեղում է կայանված եղել:
Ասուլիսին ներկա առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ասաց, որ ներկայումս Հայաստանի ոչ մի հիվանդանոցում Բեսլանում ավտոբուսի վթարից տուժածներ չկան, իսկ ՌԴ-ում գտնվում են 4 անձիք, որից մեկը՝ ծանր վիճակում:
Պարոն նախարարն ասաց, որ քննարկվում է ավտոբուսի վթարից տուժածներին աջակցություն ցուցաբերելու հարցը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սխալ հարցադրումներ մի արեք բարեգործական երթուղիները մեծ օգուտ են տալիս անապահով մարդկանց գոնե դրանց մասով մի գրեք ամոթ է