«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կառավարության ծրագրում տեսել է միայն լավ ցանկություններ:
«Լավ ցանկությունների փաստաթուղթ է: Գնահատականը կա, որ իրավիճակը ծանր է, լրջագույն մարտահրավերներ ունենք, որոնք պետք է հաղթահարենք, բայց չեն վերհանված պատճառները, թե ինչու է այդպես: Առաջին հերթին պետք է պատճառները վերհանվեն, որ դրանք վերացվեն, եւ մարտահրավերները հնարավոր լինի լուծել»,- Aravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա գնահատմամբ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք, 2008 թվականին կառավարության ներկայացրած ծրագիրը շատ ավելի լավն էր. «Իսկապես շատ ավելի բովանդակալից էր, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, որեւէ խնդիր չեն կարող լուծել, որովհետեւ ակնհայտ է, որ հիմնախնդիրները, որոնք դրված են իրենց առջեւ, չեն լուծվելու»:
Պարոն Մարտիրոսյանի խոսքով, կառավարության այս ծրագրում խոսվում է ժողովրդի վստահության կառավարության անհրաժեշտության մասին, բայց այդ կառավարությունը վստահության որեւէ աստիճան չունի ժողովրդի մոտ, որովհետեւ. «Այսօրվա պաշտոնատար անձանցից որեւէ մեկը քաղաքական ուղի չի անցել եւ նույնիսկ կարելի է ասել, որ քաղաքականությունից հեռու լինելով՝ որեւէ վստահության քվե չունեն ժողովրդի մոտ: Ժողովրդավարական երկրներում, իսկ այդ փաստաթղթում նաեւ ժողովրդավարության մասին է խոսվում, կաբինետը բացառապես քաղաքական դեմքերից է կազմված լինում, որոնք քաղաքական պայքարի ճանապարհ են անցնում, իսկ այս պարագայում ժողովրդի վստահության կառավարության մասին խոսք լինել չի կարող: Ծրագրում նաեւ խոսք է գնում կառավարիչների մասին, որոնք, այսպես ասած, անընդհատ զարգանում են, տեղում չեն դոփում: Կառավարիչը կարող է իր գիտելիքներն անընդհատ հարստացնել, բայց խնդիրն այն է՝ այդ գիտելիքներն ինչի համար է օգտագործում, որովհետեւ նախորդ կառավարություններում էլ, այսօրվա իշխանությունում էլ շատ խելացի անձինք ունենք, որոնք անընդհատ կատարելագործում են իրենց, բայց իրենց գիտելիքները ոչ թե ի նպաստ պետության ու ժողովրդին են օգտագործում, այլ հակառակը՝ ի վնաս: Ինչ արդյունք կարող ենք ունենալ կատարելագործվող կառավարչից, եթե իր մեջ չկա պատասխանատվության զգացում պետության նկատմամբ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ծրագրում տեղ գտած ՏԻՄ զարգացման կետերին՝ պարոն Մարտիրոսյանը շարունակեց. «Այս ընտրությունները, որ Վանաձորում ու Գյումրիում եղան, մեր վարչապետից մի բառ լսեցի՞նք: Ինքն արդեն գործող վարչապետ էր, մի բառ լսեցի՞նք, թե ինչպիսի ընտրություններ անցկացվեցին: Գյումրիի նման բոնուսի բոնուս անելով՝ վաղը չէ մյուս օրը կարող է քսան տոկոսի իջեցնեն բոնուսի շեմը, վերցնեն դրանով իշխանություն ձեւավորե՞ն: Որ մի երկրում է 34 % տեղական իշխանություն ձեւավորում: Այդ նույն իրավիճակն ենք չէ՞ հիմա տեսնում Վանաձորում ու Գյումրիում: Էլ ի՞նչ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացում: Գեղեցիկ խոսքեր կան փաստաթղթում, որտեղ ես տեսա ոչ միայն վեց ամսվա կառավարության ծրագիր, այլեւ, ծրագիր, որը բացի գեղեցիկ խոսքերից, որեւէ բովանդակային խնդիր չի լուծում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ