Հայաստանում հորդորում են առանձնապես ուշադրության չարժանացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման մասին հնչած դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր. «Փոխզիջումը կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման շուրջ, ապագայում, եթե մենք համաձայնության գանք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»:
«Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այս առիթով ասաց. «Ապրիլյան իրադարձություններից հետո, երբ անհաջողության մատնվեց ռազմական միջոցներով խնդրի կարգավորման իրենց տարբերակը, Ալիևը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ ինքը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը»:
Այս հայտարարությունը պարոն Պողոսյանը կապում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այս շաբաթվա վեջին տարածաշրջան այցելության հետ: Ըստ պատգամավորի`Ադրբեջանի նախագահը փորձում է դրական ֆոն ապահովել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն զգուշացմանը, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմի, պարոն Պողոսյանը փաստեց, թե մեր պատերազմը 1994-ից չի ավարտվել: Այնուհետև հավելեց. «Այդ տեսակի մարդկանց կարծիքները ուշադիր պիտի լսել ու իմանալ, որ դրանք չքննարկելն ու արհամարհելը սխալ մոտեցում է: Սա շատերի համար սթափության կոչ է, որ այն քաղաքականությունը, որ վարում եք, չի նպաստում նրան, որ հանրության և ողջ հայության մեջ ձևավորվի այն ճիշտ հոգեվիճակը և ունենանք այն գիտակցությունը, որ եթե մեր թշնամին պատրաստվում է լայնածավալ պատերազմի, մենք էլ պետք է պատրաստ լինենք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ