Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն իր ծրագրով հարկային եւ մաքսային ծառայողներին կերպարանափոխելու է

Հոկտեմբեր 19,2016 17:59

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմով, ինչպես երեւում է կառավարության նոր ծրագրից, կարճ ժամանակում ուզում է անել այն, ինչը երկար տարիներ չի հաջողվել Տիգրան Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին:

Կառավարության նոր ծրագրի սկզբունքային դրույթներն, ըստ էության, նախորդների ծրագրերում էլ կային՝ կոռուպցիայի, ստվերի դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, արտահանման խթանում, փոքր ու միջին ձեռներեցությանն աջակցություն, տնտեսական աճի տեմպերի ապահովում եւ այլն: Բայց Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, այնուամենայնիվ, մի լծակ ունի, ինչը չունեին նախորդները. վարչապետի ծրագրով նախատեսվում է բիզնեսի որոշակի ճյուղերի համար բնական գազ օգտագործող տնտեսվարողներին սակագների արտոնություն տրամադրել:

Կառավարության նոր ծրագրով, ինչպես նախորդներն էլ են մտադրվել, նախատեսվում է գործազրկության կրճատում, սակայն, եթե վարչապետը հանձնարարել է կառավարման օպտիմալացում՝ ավելորդ պետական հիմնարկների կրճատման միջոցով, այդ թվում նաեւ ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի կրճատում, ապա սա ենթադրում է, որ գործազուրկների թիվը պիտի ավելանա:

Կարապետյանի ծրագրային նորամուծություններից են պետական գնումներում կտրուկ փոփոխությունները: Ըստ ծրագրի, պետք է 6 ամսվա ընթացքում իրականացնել գնման գործընթացների պարզեցում, պատվիրատուների թվի կրճատում եւ մասնակի կենտրոնացված համակարգի ներդրում: Այս ոլորտում նաեւ ծրագրվում է օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ծրագրերի համաձայն իրականացվող գնումների թղթային եղանակով կազմակերպումից աստիճանական անցում էլեկտրոնային եղանակի՝ օգտագործելով պետական գնումների էլեկտրոնային հարթակը, գնման գործընթացներում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարությունների եւ գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում, գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացի՝ էլեկտրոնային եղանակով կազմակերպում:

Պաշտպանության ոլորտում այս կառավարության նորամուծությունը զինված ուժերում կանանց ներգրավվածությունն է. ծրագրով նախատեսվում է՝ կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում:

Ծրագրում այս ոլորտին առնչվող մյուս ուշագրավ դրույթը վերահսկողությանն է վերաբերում: Եթե մինչ Կարապետյանի պաշտոնավարելը, հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ տարբեր պաշտոնյաններ եւ ՊՆ-ի ներկայացուցիչներ, պնդում էին, թե՝ ռազմական գաղտնիք է, այս կառավարության ծրագրում պաշտպանության ոլորտին առնչվող դրույթով նախատեսվում է՝ զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության եւ հանրային հաշվետվողականության ապահովում, պաշտպանական ռազմավարական պլանավորման, ծրագրային բյուջետավորման ներդրման, ռազմական ոլորտի գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացում:

Բացի այս ծրագրվում է ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետության եւ տնտեսական շահավետության ապահովման եւ այդ ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Հարկային եւ մաքսային ոլորտներում էլ նոր ծրագրով, վարչապետ Կարապետյանն, ի տարբերություն նախորդների, մտադիր է հարկային եւ մաքսային աշխատողի կերպարը փոխել. ըստ ծրագրի, նախատեսվում է հարկային եւ մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը: Այս կառավարության ծրագրով որոշվել է ապրանքների ներմուծման ընթացակարգերը եւ դրանց վրա ծախսվող ժամա­նակը կրճատելու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրակա­նաց­նող տնտեսա­վա­րող սուբյեկտների կողմից իրականացվող ներ­մուծման գործառնությունների ռիս­կայնության աստիճանի գնահատման նոր համակարգի ներդրում իրականացնել, ինչպես նաեւ նախատեսվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների եւ հումքի ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ընթացակարգի պարզեցում:

Նոր ծրագրի նորամուծություններից են՝ հայրենադարձների անձնական գույքի ներմուծման ընթացակարգերի պարզեցում, օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակի ընդլայնում:

Զբոսաշրջության ոլորտում այս կառավարության ծրագրային նորամուծություններից են՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում, առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում, առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագրի մշակում, զբոսաշրջային ծառայությունների եւ ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31