ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Նախարարը նշել է, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները: «Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն է` հնարավորինս աջակցել ազգային փոքրամասնություններին և փոքր ժողովուրդներին:
Ինչպես արտերկրում են աջակցում մեր հայրենակիցներին, այնպես էլ մենք պետք է աջակցենք մեր բարեկամ եզդի ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներն էլ` որպես փոքր ազգեր, կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, հետևաբար պետք է միասին լինենք` դրանց դիմակայելու և մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու համար: Եզդի համայնքի բոլոր հիմնախնդիրները համայնքի ներկայացուցիչը կարող է բարձրաձայնել նախարարին կից հասարակական խորհրդի նիստին` որպես այդ խորհրդի անդամ` այդպիսով դառնալով համայնքի խոսնակը»,-նշել է նախարարը և հավելել. «Առհասարակ, եթե համայնքում կա կոնկրետ կրթական հարց, ապա պետք է դրան անպայման լուծում տրվի»:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն իր երախտիքի խոսքն է ուղղել ՀՀ կառավարությանը` նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան մեծ կրթական հնարավորություններ են ընձեռվել եզդի համայնքին: «Մասնավորապես, ՀՀ 50 դպրոցում ուսուցանվում է եզդիերեն լեզու և գրականություն, որը մեր պատմության, մեր ժողովրդի գոյատևման համար շատ կարևոր է: Միայն Հայաստանում է, որ մենք կարողացել ենք ստեղծել գիր-գրականություն, մայրենի այբբենարան, հաղորդաշար, թերթ և այլն: Հետևաբար մենք գնահատում ենք պետության ողջ օժանդակությունը և շատ շնորհակալ ենք դրա համար»,-նշել է Եզդիների ազգային միության նախագահը` բարձրացնելով եզդի ուսուցիչների վերապատրաստումների թվի ավելացման, ԵՊՀ-ում եզդիերեն դասավանդելու հնարավորության, դասագրքերի, դպրոցներում եզդիերենի դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու խնդիրները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ:
Կարդացեք նաև
«Եզդիերեն» և «Եզդի գրականության» զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Եզդիների ազգային միության նախագահ, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Ազիզ Ամարի Թամոյանը և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի Եզդիերեն հաղորդման ղեկավար, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Հասան Մախմուդի Թամոյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մանկավարժներ Օմար Հասանի Այիբյանը և Սանամ Խդրի Ավդալյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Ժենիկ Զորաբի Բրոյանը, Գյուլփերի Քյարամի Թամոյանը, Ռոստամ Քյամիլի Հասանյանը և Ազիզ Սայիդի Մուրադովը` ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն