Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգավոր միտում՝ ըստ իսպանաբնակ գրողի

Հոկտեմբեր 19,2016 17:26

Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական միության նախագահ, գրող, հրապարակախոս, պատմաբան, «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր իսպանաբնակ Արարատ Ղուկասյանը հոկտեմբերի 19-ին «Նոյյան տապան» գործակալության մամուլի սրահում տեղեկացրեց, որ իր «Փնտրտուքների ճանապարհին» խորագրով գրքի շնորհանդեսը առաջիկայում կկայանա ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Նա նշեց, որ իր գիրքը բանաստեղծությունների ժողովածու է, որը երկու անգամ հրատարակվել է Մոսկվայում, երկրորդ անգամ էլ Հայաստանում է հրատարակվում: Հեղինակը ծնվել է Հրազդանում, այնտեղ նաեւ դասավանդել է, ու մի շնորհանդես էլ ժամանակին հենց Հրազդանում է կայացել:

«Այս անգամ գրքում ավելի մեծ թվով ստեղծագործություններ են ընդգրկվել, գիրքը կավարտվի 2018-ին: Բանաստեղծությունները սիրո ու կյանքի մասին են»,-հավելեց Արարատ Ղուկասյանը: Ասաց, որ կարեւորել է ոչ միայն իր անձական փնտրտուքները, այլեւ մարդկության:

«Կոնկրետ Իսպանիայում դասական համայնք գոյություն չունի, բայց պահանջարկը իմ գրքի առումով բավականին մեծ է, Մադրիդում դեսպանատանն է շնորհանդես կայացել, Բարսելոնայում եւ Վալենսիայում: Կարծում եմ ընթերցողը կարողացել է դրական պատասխան տալ գրքին, ընկալել այն»,-շեշտեց բանախոսը: Ինչ վերաբերում է իսպանահայ ընթերցողի ճաշակին, հեղինակի խոսքով, այնտեղ ընթերցասերների ճաշակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում, որովհետեւ իսպանահայ համայնքում հիմնականում Հայաստանից գնացած հայերն են ապրում:

Նրա ձեւակերպմամբ, ներկայումս Իսպանիայում մի վտանգավոր միտում է նկատվում՝ անընդհատ շրջանառվում են օտարների կողմից Ցեղասպանության մասին գրված գրքեր, ու դրանք ներկայացվում են որպես հայ մշակույթի արտահայտություն, մինչդեռ, գրողի խոսքով. «Մենք պետք է ներկայացնենք մեր դասականներին, մեր ունեցածը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Իսպանիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները դեռեւս բարձրագույն մակարդակի չեն, հիմնականում շեշտադրված են մշակութային կապերը:

Արարատ Ղուկասյանը «Հայրենիք» շաբաթաթերթին էլ անդրադարձավ, որը միակ հայալեզու թերթն է Իսպանիայում: Նա նշեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի Իսպանիայում ապրող 10 հազար հայությունը «Հայրենիքի» միջոցով մայրենի լեզվով ծանոթանա Իսպանիայի, Հայաստանի, Սփյուռքի ու ընդհանրապես աշխարհի նորություններին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31