Հարգելի խորհրդարան
Այսօր մենք կյանքի ենք կոչում մի համաձայնագիր, որը կայացել է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ եւ որը, ինչ ուզում եք ասեք, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նախադեպը չունի: Շատ շոշափվեց տարբեր շրջանակներում, եւ ընդդիմության, եւ իշխանության, եւ լրատվամիջոցներում, արդյոք կարելի է սա կոչել ՛՛պատմական՛՛, ՛՛դարակազմիկ՛՛, թե ընդամենը կարեւոր մի ձեռքբերում, կամ ընդհանրապես դատարկ մի բան, բայց ես կարծում եմ, որ այդ բանավեճի մեջ շատ խորանալ պետք չի եւ հասարակական կոնսենսուս կարելի է ձեւավորել այն գնահատականի շուրջ, որ սա էական առաջընթաց է Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների ունենալու ճանապարհին, այն էլ մի պայմանով, եթե համաձայնագիրը ստորագրած ուժերը՝ առաջին հերթին իշխանությունը, հավատարիմ մնան համաձայնագրի կետերին եւ կատարեն դրանք անխտիր բոլորը:
Համաձայնագրի դերը հասկանալու համար պետք է նախ եւ առաջ պաչզենք Հայաստանում ստեղծված արատավոր համակարգի գլխավոր խնդիրը:
Դա այն է, որ թեեւ թղթի վրա Հայաստանը հռչակված է ժողովրդավարական երկիր, ժողովուրդը իրականում Հայաստանում իշխանություն չի ձեւավորում եւ չի դառնում պետական կառավարման գլխավոր տերը եւ մասնակիցը: Այլ կերպ ասած՝ ժողովուրդը օտարված է սեփական պետությունից, քանի որ ընտրությունները կեղծվում են իշխանության կողմից եւ իշխանության որեւէ փոփոխություն ընտրությունների միջոցով անհնար է: Սա է այսօր մեր պետության ամենամեծ խոցելիությունը, նրան քայքայող ամենամեծ գործոնը, ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը, հարեւան երկրների կողմից իրականացվող շրջափակումը կամ նմանատիպ այլ արտաքին գործոններ:
Այն պահից, երբ որ ժողովուրդը տեսնի, որ իր ձայնից է կախված իշխանության ձեւավորումը Հայաստանում, այդ պահից սկսած ժողովուրդը իրեն տեր կզգա մեր երկրին, իշխանավորների կողմից կեղեքվող զանգվածից կվերածվի հպարտ եւ ստեղծագործ հանրության, որն ունակ է իր երկիրը պաշտպանել արտաքին վտանգներից, իր երկիրը ծաղկեցնել անգամ շրջափակման պայմաններում, դարձնել տեխնոլոգիաների եւ մշակույթի զարգացման համաշխարհային կենտրոններից մեկը: Հենց այդ պահից սկսած կդադարի արտագաղթը եւ Հայաստանը կդառնա պետություն իր բոլոր քաղաքացիների համար, այլ ոչ թե մի քանիսի հարստանալու դուքյան:
Կարդացեք նաև
Այո, Հայաստանում մինչ այսօր դեռ հնարավոր չէր իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով, անգամ եթե ընդդիմությանը հաջողվում է քաղաքականացնել խնդիրը եւ մոբիլիզացնել ժողովրդական զանգվածներին, անգամ եթե ընդդիմությանը հաջողվում էր հասնել մի վիճակի, երբ չեն գործում ընտրակաշառքը եւ վարչական ճնշումները, իշխանությունը ուներ ընտրությունների կեղծման կես միլիոն ձայների ոսկե պաշարը: Դա այն ընտրակեղծարարությունն է, որ կապված է ուրիշի փոխարեն ապօրինի քվեարկության հետ: Թեեւ բոլոր լուրջ հաշվարկներով Հայաստանում ամենաշատը կա մեկ միլիոն երկու կամ երեք հարյուր հազար ընտրող, իշխանությունը շարունակում է պահել երկուս ու կես միլիոնանոց ուռճացված ընտրացուցակը, որի մեջ ընդգրկված են վաղուց Հայաստանից դուրս ապրող ընտրողներ, որոնց մասին անգամ հայտնի չէ, թե երբ են նրանք վերջին անգամ Հայաստանում եղել: Իշխանությունը այդ ոսկե պաշարը օգտագործելիս ընտրական մատյաններում ձեւակերպում էր բացակաների, մահացածների, ընտրությանը չմասնակցածների քվեարկությունը եւ հենց այդ պատճառով էլ ընտրողների ստորագրված ցուցակները պահպանվում էին որպես պետական գաղտնիք, կամ միգուցե ավելի խիստ:
Առաջարկված փոփոխությունների մեխը հենց սա է: Այսուհետեւ ընտրողների ստորագրված ցուցակները ընտրություններից անմիջապես հետո կսքանավորվեն եւ կհրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքում, ինչը թույլ կտա աշխարհի որեւէ ծայրում գտնվող Հայաստանի ցանկացած քաղաքացուն, ցանկացած մարդուն, դիտորդին, փորձագետին, քննիչին ներբեռնել այդ ցուցակները եւ համադրել այնտեղ հայտնված ստորագրությունները իրականության հետ: Ամեն ոք հնարավորություն կստանա ստուգել իր բարեկամի, հարեւանի, ծանոթների կողմից կատարված քվեարկության իսկությունը:
Իհարկե մենք նախատեսել ենք նման ստուգման արդյունքում ընտրությունները բողոքարկելու եւ անվավեր ճանաչելու, բայց ես կարծում եմ, որ ավելի ազդեցիկ է լինելու ցուցակների հրապարակման կանխարգելիչ էֆեկտը: Ակնհայտ է, որ նման մեխանիզմի պայմաններում եթե տեղի ունենա ստորագրությունների զանգվածային կեղծում, վաղ թե ուշ այդ փաստերը հայտնի են դառնալու եւ պարզ կդառնա, որ ոչ միայն իշխանությունը յուրացված է, այլ նաեւ Հայաստանի քաղաքացիների եւ միջազգային հանրության ձեռքում կան այդ յուրացման անհերքելի փաստացի ապացույցներ: Ոչ մի իշխանություն նման քայլի բնականաբար չի գնա:
Շատերը հարցնում են՝ միթե մենք կարծում են, թե իշխանությունները պատրաստվում են ընտրական գործընթացով հանձնել իշխանությունը: Ոչ, հարգելիներս, իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ խաղի մեջ են մտնում: Իշխանությունների ամբողջ հույսը կապված է այն բանի հետ, որ նրանք կարողանան իշխանության պահպանման խնդիրը ապահովեն այսպես կոչված տարածքային վարկանիշային ցուցակների օգնությամբ, որի կիրառումը Հայաստանի պայմաններում էապես ուժեղացնում է ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի դերակատարումը: Այսինքն, իշխանությունը, ըստ էության, ասում է իր ընտրակեղծարար համակարգին, որ այսուհետեւ մենք չենք կարող գերեզմաններից կամ արտերկրից ընտրությունների օրը ընտրողների տեղափոխման հրաշքը գործել եւ պետք է այսուհետեւ հույսը դնենք Հայաստանում ֆիզիկապես գտնվող եւ տեղամաս այցելած ընտրողի վրա, բայց ահա այդ ընտրողի վրա ներազդելու գործում հանրապետական կուսակցության կողմից 200 թեկնածուները կգործադրեն կաշառելու, խոստումներ տալու, վախեցնելու ամբողջ զինանոցը: Շվարած ընտրակեղծարարների դուխը բարձրացնելու նպատակով Հայաստանի իշխանությունները վերահաստատեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկաբեկված կազմը եւ Գյումրիում ու Վանաձորում անցկացրեցին ընտրկաշառքի եւ վարչական ռեսուրսի կիրառման զինավարժությունները: Դրանք կոչված են ապացուցելու, որ ընտրակեղծարարության համակարգը ունակ է լուծել իշխանության հարցը:
Իշխանության նպատակն է 2017թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի այնպիսի ընտրությունների անցկացումը, որը թույլ կտա մաքսիմալ ապահով իրենց իշխանության լեգիտիմությունը: Դրա համար նրանք, ըստ էության, հրաժարվում են տեղամասերում ընտրակեղծարարության կիրառումից եւ փորձելու են հարցը լուծել բացառապես փողի կիրառմամբ եւ տարբեր լծակների ազդեցության տակ գտնվող հնազանդ ընտրողների բերման ենթարկման գործընթացով:
Այսուհանդերձ, վստահ եմ, որ այս համաձայնագրի կիրառումը դուռ է բացում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար: Մարդիկ հակված էին ընտրակաշառք վերցնելու եւ հնազանդվելու սպառնալիքներին, քանի որ գիտեին, ինչպես էլ քվեարկեն, միեւնույն է ընտրատեղամասային մատյաններում արդյունքը կեղծվելու է եւ հռչակվելու է իշխանության հաղթանակը: Եթե մենք իշխանությանը զրկում ենք արդյունքները կեղծելու կես միլիոն ձայների ոսկե պաշարից, ժողովուրդը շատ ավելի հակված կլինի ընբոստանալու, ընտրակաշառքը եւ սպառնալիքները մերժելու, կամ եթե անգամ վերցրել է ընտրակաշառքը, իր հոգու ընտրությունը կատարելու ուղղությամբ: Ժողովուրդը հասկանալու է, որ ընտրակաշառքը մերժելու այդ գործողության մեջ ինքը հնարավորություն ունի ազդելու ընտրության արդյունքի վրա: Ուստի՝ 2017թ. ապրիլին սպասվող ընտրական ճակատամարտը լինելու է հետեւյալի շուրջ:
Իշխանությունները ամեն ինչ անելու են, որ ընտրությունները վերածեն մաֆիոզ, կլանային, տեղական ազդեցությունների տակ գտնվող եւ կենցաղային առեւտրի բնույթ ունեցող ընտրությունների: Իսկ գաղափարախոսական ընդդիմության գործը պետք է լինի վերածել գալիք Ազգային ժողովի ընտրությունները իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի, ինչպես դա տեղի ունեցավ 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այս փոփոխություններով ընտրությունների խաղը արմատականորեն փոխված է լինելու: Պայքարը թեեւ կրելու է անհավասար բնույթ, բայց իշխանությունը զրկված է լինելու վերջնական իր հաղթանակը ապահովելու ոսկե պաշարի իր երաշխիքից: Եթե ընդդիմությանը հաջողվի բացատրել, որ Ազգային ժողովի ընտրություններ այսուհետեւ կունենան նախկինում անցկացված նախագահական ընտրությունների նշանակությունը, ապա այս փոփոխությունների պայմաններում հնարավոր է արձանագրել ժողովրդի հաղթանակը:
Մենք մեծ հաշվով այս գործընթացի հեղինակն ենք եւ ամեն բան անելու ենք, որ այն դառնա ժողովրդավարության հաղթանակի գործիք: Սակայն ներկայացված օրինագծում կա մի կետ, որը մեր կարծիքով, շեղվում է համաձայնագրի ոգուց եւ տառից: Այն վերաբերվում է սուտ հայտարարության դիսպոզիցիայի խնդրին, որի մասին խոսել է Գագիկ Ջհանգիրյանը: Մենք հրավիրում ենք Դավիթ Հարությունյանին Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցություն այս խնդիրը հարթելու նպատակով եւ միայն այդ քննարկումից հետո կհայտնենք մեր վերջնական դիրքորոշման մասին: