Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կառավարության ծրագիրը համարում է ժամանակավորապես գլուխ պահելու ծրագիր:
«Իրատեսական չէ իր բովանդակությամբ, անիրականանալի է ծրագրով սահմանված ժամկետների առումով եւ չեն առանձնացված առաջնահերթությունները, որոնց ուղղված կառավարությունն այս կարճ ժամանակահատվածում քայլեր կիրականացներ»,- Aravot.am-ին ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, ծրագրով նախատեսված գործողությունների ժամկետները ու կառավարության կյանքի տեւողությունը իրար չեն համապատասխանում.
«Կառավարությունը շատ ավելի քիչ է ապրելու, ըստ օրենքի ու իր գոյության համար տրված ժամկետի, քան այն գործողությունները, որոնք ծրագրում նշված են: Մի կողմից հայտարարեցին, որ կառավարության ծրագիրը վեց ամսվա ծրագիր է, բայց մյուս կողմից ծրագրում կան կետեր, որոնք վերաբերում են ամբողջ 2017, 2018 , 2020 թվականներին: Օրինակ՝ գինեգործական արտադրանքի մակնշման համար նախատեսված գործողությունները ժամանակային առումով շատ ավելի երկարաժամկետ են, քան այս կառավարության գոյության ժամկետն է»:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն հայտարարությունները, թե իբր սա վեց ամսվա ծրագիր է. «Կամ պետք է ենթադրել, որ հերթական անգամ ՀՀԿ-ի ներկայացուցիչները ստում են եւ արդեն իսկ ընտրության արդյունքները կանխորոշված են, որ իրենք հաղթելու են ու ունենալու են կայուն քաղաքական մեծամասնություն եւ այդ վստահության պարագայում կարող են միայն նման երկարաժամկետ գործողություններ ներգրավել կառավարության ծրագրում: Հակառակ դեպքում, անհեթեթություն է ստացվում: Վեց ամսվա կյանք ունեցող կառավարությունը երկարաժամկետ ծրագիր է առաջարկում: Այսինքն, ծրագիր է առաջարկում նաեւ ապրիլից հետո՞ ձեւավորվող նոր կառավարության համար»:
Ծրագրի նախաբանում հիմնական շեշտադրումը դրված է նաեւ պաշտպանվածության վրա, սրանով, ըստ մեր զրուցակցի, «կարեւոր փաստ են ընդունել, որ ԶՈւ թվակազմի պահպանումը եւ զարգացման պաշարները անհամաչափ են երկրի ազգաբնակչության թվին: Սա կարեւոր ինքնախոստովանություն է, որը մշտապես հերքվում էր պետական պաշտոնյաների կողմից, թե մենք խնդիրներ ու անհամաչափություն չունենք թվակազմի»:
Պարոն Սաքունցը պնդում է, որ ծրագրում հիմնականում դեկլարատիվ ձեւակերպումներ են, որոնք հետագա գործողությունների ապահովմանն ուղղված իրական քայլեր չեն ներկայացվում. « Օրինակ` մարդու իրավունքներ, արդարադատություն ու միանգամից սկսվում են ընտրական գործընթացներ: Ո՞նց պետք է այդ գործընթացների նկատմամբ վստահության աճ ապահովեն, չի նշվում:
Հստակ չեն այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի դեպքում, նշել են վեց ամսյա ժամկետում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, իսկ ոնց պետք է արվի, քիչ է դեռ կոռուպցիայի դեմ պայքարն է հռչակագրային ձեւակերպմամբ, նաեւ գործողությունն են հռչակագրային ձեւակերպել:
Կամ գրված է մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում: Հիմա կներեք, եթե դուք վեց ամսվա կյանք ունեք մեկ տարվա ընթացքում ոնց եք ապահովելու , ով է անելու: Ավելի ազնիվ կլիներ ասել, որ այս ծրագիրը ոչ միայն վեց ամսվա ծրագիր է, այլեւ հաջորդ կառավարության համար է»:
Պարոն Սաքունցի համար տարօրինակ է նաեւ ծրագրում նշված ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կոնցեպտը ազգ, բանակ կոնցեպտի հետ համատեղ ներկայացնելու հանգամանքը. «Նույն ծրագրի մեջ տարբեր բովանդակային եւ համակարգային մոտեցումների համատեղումը արդեն իսկ վիճահարույց է: Եվ տարօրինակ է՝ բացարձակապես անդրադարձ չկա Եվրամիության եւ ԵՏՄ-ի հետ հարաբերությունների հարցերին: Կարծես թե, Հայաստանը արտաքին մարտահրավերների առջեւ կանգնած չէ, հարցեր չունի լուծելու ոչ ԵՏՄ-ի, ոչ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ