Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս՝ Շվեյցարիայի «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ, որը համապատասխան պայմանագիր կնքելուց հետո նոյեմբերի 1-ից կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը:
Aravot.am-ի մարզական բաժինն իր գործընկերներին խնդրեց կարծիք հայտնել այս նշանակման մասին:
Էդուարդ Քալանթարյան: «Արմենիա» հեռուստաընկերություն. «Կարծում եմ, այս պահին ավելի լավ թեկնածու հնարավոր չէր գտնել: Որպես ֆուտբոլիստ, Արթուր Պետրոսյանը երկար ժամանակ Հայաստանի հավաքականի խորհրդանիշն էր: Նա սիրված եւ հարգված կերպար է մեր ֆուտբոլում: Հավաքականը գլխավորելու համար էլ Պետրոսյանն արդեն հասունացել էր: Նա ունի մարզչական փորձ, թեկուզ պատանի եւ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելով: Այս հավաքականի հետ էլ ծանոթ է, քանի որ օգնել է Բեռնար Շալանդին: Վստահ եմ, որ Պետրոսյանը ժամանակ ստանալու դեպքում մարտունակ եւ համակրելի թիմ կկառուցի»:
Կարդացեք նաև
Դավիթ Ալավերդյան: «Մեդիամաքս». «Սպասումներս դրական են: Արթուրին հիշում եմ որպես բարձր տեխնիկա ունեցող ֆուտբոլիստ, որը մեծ օգուտ տվեց հայկական ֆուտբոլին՝ Անկախության առաջին տարիներին: Հուսով եմ՝ նույն համառությունը, պատվախնդրությունը նա կցուցաբերի նաեւ մարզչի պաշտոնում: Դրան գումարած՝ մարզչական այն փորձը, որ ձեռք է բերել արտասահմանում աշխատելիս: Կարծում եմ, Արթուր Պետրոսյանը կարող է դառնալ այն մարդը, ով կվերադարձնի հավատը Հայաստանի հավաքականի հանդեպ»:
Ռաֆաել Խալաթյան: «Armfootball.com». «Արթուր Պետրոսյանը երկրպագուների կողմից սիրված է եւ հարգված: Նա հաստատ սկզբնական շրջանում երկրպագուների աջակցությունը կունենա: Այս իմաստով դրական քայլ եմ համարում: Իսկ մնացածն արդեն իրենից է կախված, թե ինչպես կկարողանա կառուցել հարաբերությունները ֆուտբոլիստների ու ամենակարեւորը՝ այն ֆուտբոլիստների հետ, որոնք այսօր մերժված են ֆեդերացիայի կողմից: Ցանկացած մարզիչ էլ, ով այսօր գա, հասարակությունը դա է պահանջելու»:
Հովհաննես Շողիկյան: «Ազատություն». «Ցանկացած նոր նշանակում, եթե տրամաբանված է, ողջունելի է: Չնայած Արթուր Պետրոսյանի անցած ուղուն, պետք է թողնեն, որ աշխատի եւ հավաքականը համալրի նվիրված ու պատասխանատու մարզիկներով: Ինքն էլ պետք է զբաղվի միմիայն ֆուտբոլով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ