«Իրականում վիճակը շատ վատ է»,- հոկտեմբերի 19-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանությանը, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ հիմնական խնդիրն այն է, որ հանրությունը այդ ոլորտում խնդիր չի զգում. «Ինչքան էլ ուզում ես օրենք ունեցիր, եթե մարդիկ չեն զգում, որ կա խնդիր, խնդիրը, միեւնույն է, մնում է: Եվ կան մի քանի կարեւոր կետեր՝ առաջինը՝ հանրությունը տեղյակ չէ, թե ինչ խնդիրների առջեւ ինքը կարող է կանգնել, եթե իր անձնական տվյալները չպաշտպանվեն: Իսկ այստեղ խնդիրները շատ-շատ են եւ աճում են, օրինակ՝ եթե նայենք վերջին տարիների իրավիճակը կիբեր հանցագործությունների վերաբերյալ Հայաստանում, ապա կտեսնենք, որ մենք հիմա որակական աճ ենք ապրում, եւ եթե դեռ մի քանի տարի առաջ հարձակումները խառը բնույթ ունեին, այսօր իրավիճակը փոխվել է»:
Սամվել Մարտիրոսյանը ընդգծեց, որ վերջին ամիսներին սկսեցին արձանագրվել կիբեր հանցագործությունների ոլորտում գործողությունները, որոնք կոնկրետ Հայաստանի դեմ են ուղղված, հայերեն են, օրինակ՝ ոստիկանության անունից տարածվող պատուհանը, որը պահանջում է գումար, որպեսզի քրեական գործ չհարուցվի պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու համար. «Շատերը հավատում են, որովհետեւ նորմալ հայերենով է գրված: Մինչեւ այդ «Google translate»-ով Մոզամբիկից էին գրում, ապա սա գրողը հայերեն գիտի, հավանականությունը կա, որ այդ խմբավորումը Հայաստանում է գործում կամ այնտեղ կան հայեր: Դա նշանակում է, որ հենց Հայաստանի տարածքն է թիրախավորված, իսկ դա նշանակում է՝ ինչքան տվյալների արտահոսք եղավ, այնքան կոնկրետ մարդուն ուղղված հարձակումներ կարող են լինել, եւ դա կարող է լուրջ վնասների բերել, ընդհուպ մինչեւ ֆինանսական»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ