Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս մի քանի հոգին ենք մնացել, դուրս արեք Գյումրիից ու դռները փակեք»․ բողոքի են դուրս ելել տաքսու վարորդները

Հոկտեմբեր 19,2016 15:35

Այսօր Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի շենքերի դիմաց բողոքի էին դուրս ելել տաքսու վարորդները։ Բանն այն է, որ նրանց հարկադրում են կատարել ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված պահանջները։

Այսօր արդեն իսկ չլիզենզավորված 10 տաքսու վարորդների նկատմամբ վարչական ակտ է կազմվել, համաձայն որի՝ ամեն մեկի համար սահմանվել է 50 հազար դրամ տուգանք։

«Առանց նախազգուշացնել տուգանո՞ւմ եք, այդ ո՞ր իրավունքով, ինչո՞ւ եք Գյումրին համեմատում Երևանի կամ եվրոպական մի հատ հզոր քաղաքի հետ։ Օրենքներ են հանում ու ասում են՝ Եվրոպայում գործում է այս օրենքը, բայց հեչ չեն ասում Եվրոպայի կառավարությունը իր ժողովրդին ինչ հնարավորություն է տվել, դուք էլ տվեք ու պահանջեք, երբ որ չկատարեցինք, նոր ընկեք հետևներիցս։ Բյուջեն վռազ լցնել է պետք, էլի սկսեցին հետևներիցս վազել, օր կա ամբողջ օրը կանգնում ես, 500 դրամ չես աշխատում, 50 հազար դրամ որտեղի՞ց ճարենք, տանենք, մուծենք։ Փոխանակ շնորհակալ լինեք, որ վարկով մեքենա եմ գնել, թեև վարկը չեմ կարող տալ, ամեն դեպքում մեր ուժերով ու միջոցներով աշխատատեղ ենք ստեղծել, հետևներից եք ընկել, հա՞։ Գյումրին փախեփախ է եղել, մարդ չի մնացել, էս մի քանի հոգուս էլ որ դուրս արեցիք Գյումրիից, ո՞ւմ պիտի պահեք էստեղ, թե՞ որոշել եք ինչպես Երևանը պարսիկներին տրամադրեցիք, Գյումրին էլ մեկին տաք, պրծնեք։ Լավ իմացեք, այն շենքը, որտեղ դուք ապրում եք, վերջին քարը հանեցիք, դուք էլ հետները կփլվեք»,-զայրացած ասաց վարորդներից մեկը։

gyumri_taxsu_varordner-2

Մեկ այլ վարորդն էլ ներկայացրեց, որ Ֆելիքս Ցոլակյանի շնորհիվ դեռևս մեկ տարի առաջ այս պահանջը սառեցվել էր Գյումրիի համար, հիմա նորից սկսել են։ «Գյումրիում տիրող իրավիճակից ելնելով՝ Ֆելիքս Ցոլակյանը հասել էր նրան, որ մեզանից այդ գումարը չգանձեին։ Իսկ հիմա նորից սկսեցին, հոկտեմբերի 10-ին մարդիկ գալիս, շպիոնություն անելով, գաղտնի նկարում են տաքսու վարորդներին ու նամակներ ուղարկում, թե համաձայն էս ինչ օրենքի՝ դուք 50 հազար դրամ մուծելու եք»։

Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը տեղում չէին, նրանց այս կառույցում ընդունող չեղավ, վարորդները իրենց բողոքը շարունակելու են տրանսպորտի տեսչությունում։ Ըստ նրանց, եթե իրենց պահանջը չբավարարվեց, որպես բողոքի նշան՝ ճանապարհներ կփակեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31