Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի բնորոշմամբ, կառավարության ծրագիրը իրատեսական է:
«Այն թիրախներն են դրված, որոնք լուծելի են կառավարության համար: Այն բավականին ողջամիտ ծրագիր է՝ հստակ շեշտադրումներով, նվազագույն ու առավելագույն թիրախներով: Նվազագույնը՝ առաջիկա երեք եւ վեց ամիսներն են, առավելագույնը՝ հեռանկարային է: Հուսադրող, իրատեսական ծրագիր է»,- կարծում է տնտեսագետը:
Պարոն Մանասերյանին ծրագրում ամենից շատ հետաքրքրել է կրթության եւ գիտության ոլորտը. «Հստակ տարիֆային սահմանափակումներ կան, հասարակությանն արդեն ձանձրացրել է ծերուկների կողմից կրթության եւ գիտության ոլորտի ղեկավարումը, որոնք նոր մտածելակերպից մի քիչ հեռու են: Այս պարագայում սերնդափոխություն պետք է տեղի ունենա, երիտասարդ շնորհալիներին ու միջին տարիքի մասնագետներին պետք է տեղ տրվի, որոնք վաղուց շրջանցվում են, ինչն էլ արտագաղթի հիմք է տալիս: Վերջապես կկարողանան հետեւողական քաղաքականություն իրականացնել»:
Նոր կառավարությունն էլ, նախորդների պես, խոստանում է գործարարության զարգացում եւ խրախուսում, այս առումով պարոն Մանասերյանը դեռ չի շտապում գնահատականներ տալ. «Չէի շտապի դատողություններ անել կամ համեմատել մի կառավարությանը մյուսի հետ: Յուրաքանչյուրը յուրովի իր մոտեցումներն ունի, ամեն մեկը տարբեր տեսանկյուններից կարող է ասել՝ փորձել է լավագույնն անել: Այս կառավարության համար կարելի է դրական գնահատել այն, որ մի քիչ ավելի հստակ ոլորտային թիրախներ ունի, կարեւորելով ներդրումները՝ մի ավելացում կանեի, որ ոչ միայն օտարերկրյա, այլեւ ներքին ներդրումներ են պետք անել եւ թույլ չտալ, որ միջոցների արտահոսք տեղի ունենա: Այս պայմաններում կկարողանանք արդյունքների հասնել»:
Կարդացեք նաև
Կառավարության ծրագրում որեւէ ոչ իրատեսական թիրախ կամ խոցելի հատվածներ տնտեսագետը չի առանձնացրել. «Որեւէ խոցելի բան չեմ տեսնում, հուսադրող ծրագիր է, առաջընթաց կարող ենք գրանցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ