Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում

Հոկտեմբեր 19,2016 14:56

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 409 ուսանող և աշակերտ:

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ Նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ: Նախագահի հաճելի պարտականություններից մեկը պարգևներ հանձնելն է, բայց այս պարագայում՝ ինձ համար սա կրկնակի հաճույք է, որովհետև նախ պարգևների են արժանանում երիտասարդ մարդիկ, ովքեր վաղը կերտելու են Հայաստանը, ապա նաև՝ սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար շատ կարևոր ու հեռանկարային է: Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախոսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում: Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող և բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք: Այս ճանապարհը փորձված ճանապարհ է: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը մշտապես տեսել, ընկալել և ընդունել է առաջավորը, տեղայնացրել ու նաև սրա շնորհիվ է, որ կարողացել է հարատևել, և մենք պետք է այս ճանապարհը շարունակենք:

Սիրելի՛ երիտասարդներ,

Ձեր հաջողությունները մեզ լավատեսություն և ուրախություն են պարգևում: Եղե՛ք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում և համառ՝ կրթության մեջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեր ծառայության համար, իսկ սա ծառայություն է: Հաստատ իմացեք՝ լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Շատ շնորհակալ եմ: Իհարկե, նաև շնորհակալություն եմ հայտնում մրցութային հանձնաժողովին:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31