Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը:
Վկա Արտյոմ Քոչարյանը, որը ներկայացավ որպես «Երեւանի ստորգետնյա կայանատեղիի» աշխատակից, դատարանին հայտնեց. «Ձայներ ենք լսել, հետաքրքրության համար բարձրացել վերեւ: Վիճաբանություն էր՝ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Երկար ժամանակ չէի կարող վերեւում մնալ: Ոչ մեկին չեմ ճանաչել, զուտ վիճաբանություն էր»:
Դատախազի հարցին ի պատասխան, թե հայհոյանք լսե՞լ է, վկան ասաց. «Հայհոյանք էլ է եղել, գոռգոռոց էլ»:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը հետաքրքրվեց, թե ինչ է տեսել վկան՝ քաղաքացիների եւ ոստիկանների վիճաբանության ժամանակ: «Ոստիկանն ընկավ: Քաղաքացու քաշել-գցելը տպավորվել է, Ինչ-որ այդպիսի պահ է եղել: Ոստիկանը կռացած էր, այդ պահին է կարծես հարվածել, նման ինչ-որ բան»,-ասաց Արտյոմ Քոչարյանը:
Նա նաեւ հայտնեց, որ տեսել է Ազատության հրապարակ մտած տոնածառի հանդերձանքով մեկին. «Մոտավորապես նման մի բան հիշում եմ՝ տոնածառը վրեն՝ մի մարդ էր գալիս…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ