ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Նորայր Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 90ա հասցեում գտնվող «ԱրմենՏել« ՓԲԸ-ի գրասենյակ եւ այնտեղից գողացել զգալի չափերով՝ ընդհանուր 96 հազար 900 դրամ արժողությամբ պլանշետ եւ ինտերնետային կապի 3 մոդեմ՝ իրենց լրակազմով:
Ն.Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Այդ հոդվածով բնութագրվող գործողությունը պատժվում է 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Ն.Նիկողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը վաղը՝ հոկտեմբերի 20-ին կմեկնարկի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ