Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեղն առնում, ներարկում ես, մարդն ընկնում է շոկի մեջ». Արամ Մանուկյանը SOS է հնչեցնում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2016 14:22

ՀՀ ԱԺ-ում քննարկման ժամանակ պատգամավորները մի շարք մտահոգություններ հայտնեցին 2015-ի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրի վերաբերյալ:

ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ստեղծվելու է նոր տեսչական մարմին, որը կունենա դեղերի որակի, շրջանառության վերահսկողության գործառույթներ: «Դեղերի մասին» ՀՀ օրենքը մնալու է ուժի մեջ:

Անդրադառնալով համաձայնագրի ստորագրման «պլյուսներին»՝ պարոն Խաչատրյանն ասաց. «Բազմաթիվ արտադրողներ չեն ուզում իրենց արտադրանքը գրանցել Հայաստանում, քանի որ շուկան փոքր է: Միանալով ԵՏՄ-ին, այդ շուկան ընդլայնվում է, ու երբ ունենանք միասնական շուկա, այս հարցը կլուծվի»:

Պայմանագրի «մինուսների» մասին փոխնախարարն ասաց. «Բացասական է այն, որ դաշտն ավելի է բացվում, և եթե պատշաճ պայքար չմղվի կեղծ դեղերի, բժշկական սարքավորումների տարածման հարցով, ապա մենք վտանգ ենք տեսնում, որ դրանց շրջանառության ծավալները մեծանան:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ համաձայնագրին «կողմ» է քվեարկելու, սակայն մտահոգություն հայտնեց ոլորտում գործող բարձիթողի վիճակի մասին. «Հայաստանում բնակչության մեծամասնությունն ամեն օր շփվում է այս համակարգի հետ ու բախվում գնի և որակի խնդրի հետ: Փաստ է, որ մեզ մոտ դեղերի վրա ծախսվող գումարները միջին վիճակագրականով բարձր են»:

Պարոն Մանուկյանը ցավով նշեց, որ բժիշկների մեծամասնությունը խորհուրդ է տալիս վրացական դեղեր ձեռք բերել՝ պատճառաբանելով, որ դրանք և՛ որակյալ են, և՛ էժան: Պատգամավորը կարծիք հայտնեց, թե որոշ դեպքերում բժիշկները մեղավոր չեն. «Մեկ-մեկ լինում են դեպքեր, որ բժիշկը դեղ է նշանակում, առնում բերում, ներարկում ես, մարդն ընկնում է շոկի մեջ, քրեական գործ է բացվում: Այս ամենի պատճառը բարձիթողի վիճակն է, երբ ցանկացած մարդ կարող է ցանկացած քանակի դեղ բերել ու թունավորել ցանկացած թվով մարդկանց: ՀՀ դեղերի համակարգում պետք է SOS բարձրացվի, քանի որ ՀՀ ժողովրդի առողջապահական վիճակը վտանգված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31