Նոյեմբերին Նյու Յորքում կայանալու է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի հավակնորդ Սերգեյ Կարյակինի միջեւ մրցամարտը, որին բոլոր գրված ու չգրված օրենքներով պետք է ներկա լինի նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Սակայն ԱՄՆ-ը ռուսաստանցի պաշտոնյային անցած տարի մտցրել է «սեւ ցուցակ»՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մեղադրանքով: Հետեւաբար, Իլյումժինովը չի կարող մուտք գործել այդ երկրի տարածք:
Ինքը՝ ՖԻԴԵ-ի նախագահը, չի ընդունում մեղադրանքները եւ դատական գործ է սկսել:
«Իզվեստիան» երեկ տեղեկություն է տարածել, թե ԱՄՆ-ը Կիրսան Իլյումժինովին, այնուամենայնիվ, կարող է սահմանափակ հնարավորություններով մուտքի վիզա տրամադրել, եթե նա դեսպանատուն ներկայացնի իր անցյալի մասին լրացուցիչ փաստաթղթեր: Աղբյուրը հրապարակել է դեսպանատան՝ ՖԻԴԵ-ի նախագահին ուղարկված հարցաթերթիկը, որի պահանջներով Իլյումժինովը պետք է «մանրադիտակի» տակով անցնի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ РИА Новости-ի