Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատասխանատվության ենթարկել ատելության կոչերը հովանավորող դատավորներին

Հոկտեմբեր 19,2016 12:53

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին`խնդրելով հարուցել կարգապահական վարույթ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լևոն Գրիգորյանի եւ Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ:

Հիմքը դատավորների ոչ իրավաչափ վարքագիծն է, որը դրսևորվել է Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ներազդմամբ: Վերջինս, հանդիսանալով «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, բողոք է ներկայացրել «Իրավունք» թերթի դեմ կայացված և արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ:

Հայկ Բաբուխանյանն իր բողոքում նշել է, թե ինքն իբրև հանդիսացել է վերոնշյալ դատական վեճի մասնակից և չի ծանուցվել դատական նիստի մասին: Սա բացահայտ կեղծիք է, քանի որ Բաբուխանյանի դեմ հայց չի ներկայացվել, նրա դեմ կայացված դատական ակտ չի եղել, նա որևէ պատասխանատվության չի ենթարկվել, որպեսզի հետագայում բողոքարկի իր դեմ կայացված դատական ակտը:

«Բաբուխանյանը չունի որևէ իրավական շահ բողոքարկելու մի դատական ակտ, որով նրա նկատմամբ որևէ անբարենպաստ հետևանք չի առաջացել: Դեռեւս առաջին ատյանի դատարանում տվել եմ պարզաբանում կապված նրա մասնակցության հարցի հետ՝ նշելով, որ հայցը ներկայացված է ոչ թե նրա , այլ ընկերության դեմ, ինչը և հետագայում բավարարվել է»,- պարզաբանում է Արման Սահակյանի ու Գրիգոր Գեւորգյանի շահերը ներկայացնող փաստաբան Մարո Խաչատուրյանը:

Նա նշում է, որ Վերաքննիչ դատարանը կարող էր և պարտավոր էր փաստել Բաբուխանյանի բողոքարկման իրավունքի բացակայությունը դեռևս բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս, մինչդեռ կատարել է ճիշտ հակառակը և փաստորեն ճանաչել է Հայկ Բաբուխանյանին գործով պատասխանող: «Ես անմիջապես ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացրել երեք դատավորների դեմ, քանի որ նրանք կողմնակալ են եղել գործի հենց սկզբից: Իմ միջնորդությունը մերժվեց, փոխարենը բավարարվեց Բաբուխանյանի բերած բողոքը, ինչը այսքանից հետո շատ սպասելի էր»,- ասում է Մարո Խաչատուրյանը:

Արման Սահակյանն ու Գրիգոր Գեւորգյանն արդեն դիմել են Վճռաբեկ դատարան, որը նախկինում արտահայտել է իր դիրքորոշումը սույն գործով՝ «Իրավունքի» դեմ կայացրած վճիռը թողնելով օրինական ուժի մեջ: Սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման պայմաններում, նրանք կանխատեսելի են համարում կայացվելիք դատական ակտը՝ փաստելով դատական համակարգի անկախության բացակայությունը:

Հիշեցնենք, որ 17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում մի նյութ էր հրապարակվել, որը հեղինակել է լրագրող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում հեղինակը կոչ է արել դրսևորել անհանդուրժողականություն «Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության և դրա անդամների նկատմամբ, այդ թվում այլ քաղաքացիների, ովքեր հոդվածի հեղինակի կարծիքով՝ կապ ունեին կազմակերպության հետ։

«Իրավունքի» կողմից «ցուցակագրված» Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դատական հայց էին ներկայացրել ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի և հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանի՝ պնդելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող են, այլև՝ ատելության խոսքի դրսևորումներ։

2015թ. մայիսի 14-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվեց նաև զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Խտրականության (ատելության խոսքի) մասով հայցը մերժվել է Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքի բացակայության հիմքով։

Դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, քանի որ հունիսի 12-ին պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը և դրան հաջորդող վճռաբեկ բողոքը մերժվել են։

Այսքանից հետո Հայկ Բաբուխանյանին հաջողվել է բեկանել օրինական ուժ ստացած դատական ակտը: «Խախտումն ակնհայտ է, քանի որ վճռի եզրափակիչ մասի ուսումնասիրումն արդեն իսկ բավարար է այն հաստատելու համար: Այսինքն, առանց գործի նյութերի մանրամասն ուսումնասիրման, հնարավոր է վճռի եզրափակիչ մասին առաջին իսկ հայացքից արձանագրել, որ Հայկ Բաբուխանյանը որևէ ձևով չի առնչվում գործի հետ՝ նրա նկատմամբ չկա կայացված անբարենպաստ դատական ակտ: …..Սույն հանգամանքն այնչափ ակնհայտ է, որ նույնիսկ ոչ իրավաբանի համար կասկածի հիմքեր չի առաջացնում»,- նշված է Արդարադատության նախարարին հասցեագրված դիմումում:

«Ես հուսով եմ, որ ատելության կոչերը հովանավորող դատավորները պատասխանատվության կենթարկվեն, այլապես ստացվում է, որ պետությունը հովանավորում է ատելություն քարոզող անձանց»,- ասում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամ Գրիգոր Գևորգյանը:

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31