Ինչպես տեղեկացրել ենք, այսօր քվեարկության դրվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Մինչ քվեարկությունը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Միտում ենք տեսնում ձեռք բերված համաձայնությունը տապալելու: Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում մեկ բառ՝ դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով սուտ բառը ավելացնել: Մեր քննարկումները որեւէ հանգուցալուծման չենք գալիս»:
Նա ասաց, որ կարող է չեղարկվել ընտրացուցակները հրապարակելու, ուրիշի փոխարեն քվեարկելու քրեական պատասխանատվությունը, տեսախցիկներ տեղադրելու որոշումը: Նա հայտարարեց, որ առաջին ընթերցմանը կողմ են քվեարկելու միայն նրա համար, որ չտապալվի համաձայնությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ մինչեւ երկրորդ ընթերցում կշարունակեն քննարկումները եւ կփորձեն հարթել: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույնպես ասաց, որ կողմ են քվեարկելու, բայց քրեական պատասխանատվություն նախատեսել նաեւ անզգույշ կերպով հանձնաժողովին դիմողին, ինչ է, բավարար հնարավորություն չի ունեցել ստուգելու իր տեղեկությունը՝ անընդունելի է քրեական իրավունքի պրակտիկայում:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ պայմանավորվել են առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկել, հետո կքննարկեն անհամաձայնությունը:
Կարդացեք նաև
Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ կրկնաքվեարկությունը բացառելու համար են հենց պահանջել ընտրացուցակների հրապարակումը, իսկ այս պարագայում ցուցակները հրապարակելը դառնում է առ ոչինչ. «Զարմանում եմ, որ համառորեն չեք ցանկանում ինչ-որ բան փոխել: Ես դեմ եմ քվեարկելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ