Քիչ առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ ընդունվեց 104 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ձեռնպահ քվեարկած միակ պատգամավորը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն է: Դեմ է քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Զարուհի Փոստանջյանը:
Ինչպես պարզեցինք, կողմ քվեարկել են անգամ այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել: Օրինակ, Վրեժ Մարկոսյանը չկար, բայց կողմ էր քվեարկել: Սեյրան Սարոյանը նույնպես չկար: Նրա փոխարեն բոլոր նախագծերին կողմ քվեարկեց Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը: ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը նույնպես ակտիվորեն «դաշնամուր» էր նվագում քվեարկելու կոճակների վրա, սկզբում՝ իր փոխարեն, հետո՝ բացակաների:
Ուշագրավ է, որ գրանցվել է, բայց չեն քվեարկել Մհեր Սեդրակյանն ու Նահապետ Գեւորգյանը: Վարդան Այվազյանը, որը հաստատ դահլիճում էր, նույնպես չի քվեարկել:
Կարդացեք նաև
Չնայած ՀԱԿ խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է, բայց Ստեփան Դեմիրճյանը նույնպես չի քվեարկել: Համախմբում կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը, ինչպես նաեւ Մելիք Մանուկյանը, Մուրադ Գուլոյանը, Հայկ Խաչատրյանը չեն քվեարկել:
Մեր տեսախցիկն այսօր արձանագրել է ուրիշի փոխարեն քվեարկության մի շարք դեպքեր: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ին «ԱԺ կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխության համաձայն, ուրիշի փոխարեն քվեարկությունը սահմանվել է որպես զանցանք եւ նախատեսվում է պատիժ՝ կարգազանց պատգամավորների համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ