Փորձենք ներկայացնել 2012 եւ 2016 թվականներին Հայաստանի երկու խոշոր համայնքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում, տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վիճակագրությունը, որը կփաստի ՀՀԿ-ի տապալման մասին։ Այսպիսով՝ 2012 թվականին Գյումրիում գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, կազմում է 46 093, իսկ 2016 թվականին՝ 45 670։ 2012 թվականին Գյումրիում ՀՀԿ-ի հովանավորյալ ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի օգտին քվեարկել է 27500 ձայն։ Հատկանշական է, որ 2016 թվականին նույն Սամվել Բալասանյանը, թեեւ ընտրություններին մասնակցեց Խոսրով Հարությունյանի կուսակցության՝ ՀՔԴԿ-ի հետ դաշինքով՝ «Բալասանյան դաշինք», այնուամենայնիվ ստացավ ընդամենը 14 987 ձայն։ Ավելին՝ դաշինքի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը քաղաքապետ դարձավ բոնուսային համակարգի օգնությամբ միայն։
ՀՀԿ-ի քարոզչական մեքենան նույն հետընթացն է գրանցել նաեւ Վանաձոր քաղաքում։ 2012-ին գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն այստեղ, ըստ ստորագրությունների, եղել է 44 540, իսկ 2016- ին՝ 41 278։ Եվ եթե 2012 թվականին ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Դարբինյանի օգտին քվեարկել էր 21 321 վանաձորցի, ապա 2016 թվականի ընտրություններում ՀՀԿ-ն ներկայացնող Մամիկոն Ասլանյանը ստացավ 14 889 ձայն, մոտ 7 հազար ձայնով պակաս նախորդ ընտրություններից։ Իհարկե, հայտնի է, թե ինչ ջանքերի գնով Մամիկոն Ասլանյանը մի կերպ քաղաքապետ դարձավ։
Այսպիսով՝ նաեւ պաշտոնական թվերի համեմատությունն է հուշում, որ իշխանական ՀՀԿ-ի վարկանիշը, մեղմ ասած, ընկել է։ Եվ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ավելի մեծ խնդրի է բախվելու 2017 թվականին։
Կարդացեք նաև
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում