Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց աճեցրած թաղային հեղինակությունները ձայն են բերում այլ քաղաքական ուժերի. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 19,2016 10:46

ՀՀԿ-ում առհասարակ գտնում են, որ իրենց գեղեցիկ ելույթներում արտացոլվող նոր քաղաքական համակարգին կյանքում միայն մի դետալ է պակասում՝ ընդդիմությունը։ Իրենք ամեն ինչ անում են քաղաքական նոր մշակույթի ձեւավորման համար՝ համապատասխան փոփոխություններ Սահմանադրությունում, համապատասխան փոփոխություն ԸՕ-ում, սակայն ընդդիմադիր ուժերը չեն կարողանում մեկ գաղափարի շուրջ միավորվել եւ իշխանության համար դառնալ արժանի մրցակից եւ հակակշիռ ուժ։ Եթե հավատանք Վահրամ Բաղդասարյանի անկեղծությանը, նման ընդդիմությունը արդեն երկար ժամանակ իշխանության համար երազանքի նման մի բան է դարձել։ Գուցե եւ հավատայինք, եթե չլիներ մի փոքրիկ հանգամանք, որի մասին երեկ նաեւ Բաղդասարյանը հիշատակեց։

Նա սրտի կսկիծով արձանագրեց, որ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ՏԻՄ ընտրություններում որոշակի ձայներ են հավաքել իրենց աճեցրած մարդկանց շնորհիվ, ովքեր ընդգրկվել են այս կուսակցությունների ավագանու ցուցակներում։ Խոսքը բնականաբար քաղաքական դեմքերի մասին չէ, այլ նրանց, ովքեր, օրինակ, 4-5 հազար ձայն ունեն իրենց քաղաքում։ Այլ կերպ ասած՝ թաղային հեղինակությունների, որոնց, ինչպես Վահրամ Բաղդասարյանը անկեղծորեն խոստովանեց, ՀՀԿ-ն է աճեցրել։ Եվ քանի որ նրանք բոլորը չէին կարող տեղավորվել ՀՀԿ ավագանու ցուցակում, մի մասը հայտնվեցին ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ցուցակներում՝ այդպիսով նրանց որոշակի ձայներ բերելով։ Սա ՀՀԿ-ին իհարկե մեծ ցավ է պատճառում, իրենց տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը, իրենց աճեցրած թաղային հեղինակությունները ձայն են բերում այլ քաղաքական ուժերի։ Գոնե այսքանից հետո այդ քաղաքական ուժերը ՀՀԿ-ին արժանի գաղափարական եւ միասնական ընդդիմություն լինեին։

Նման ընդդիմություն աճեցնելու համար, արձանագրենք, ՀՀԿ-ի ինտելեկտուալ բազան դեռ շատ փոքր է։ Վերջին 15 տարում նրանց հաջողվել է աճեցնել թաղային հեղինակություններ, ընտրակեղծարարներ, օլիգարխներ, կոռուպցիոներներ։ Ընդդիմության հարցում էլ, իհարկե, տասնյակ փորձեր եղել են, սակայն բոլորը առայժմ լիակատար ձախողմամբ են ավարտվել։ Մեկ-մեկ նկատելի է, որ ՀՀԿ-ականները անկեղծորեն սրտնեղում են այս իրավիճակից, բայց, կարծում ենք, չարժե հուսահատվել, լավ աշխատելու դեպքում ի վերջո ՀՀԿ-ին կհաջողվի նաեւ իրենց երազանքների ընդդիմությունն աճեցնել։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանը երեւի աշխարհի այն եզակի պետությունն է, որտեղ ընտրություններից հետո դեռ երկար ժամանակ հիասթափված են լինում բոլորը՝ ընտրություններին մասնակցած եւ չմասնակցած քաղաքական ուժերը, պարտվողները, հաղթողները եւ իհարկե՝ ընտրողները։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31