Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խոստանում Կարեն Կարապետյանը

Հոկտեմբեր 19,2016 10:34

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է. երեկ գործադիրն արտահերթ նիստում հավանություն է տվել այս ծրագրին: Վարչապետը ծրագրի վերաբերյալ երեկ ասել է. «Մենք ձեւակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը: Հաշվետվություն ենք տալու, ժամանակը գալու է, պետք է բացատրենք՝ ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչը պրակտիկորեն պետք է բացառե՛նք»:

Հիշեցնենք, որ վարչապետն իր պաշտոնավարման առաջին իսկ օրից շեշտել է մեր երկրում ներդրումների խնդիրը, ինչը նաեւ տեղ է գտել ծրագրում, ըստ այդմ՝ նախատեսվում է 1 տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում եւ գործունեության արդյունավետության բարձրացում: 2017 թվականի ընթացքում կառավարությունը ծրագրում է ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձեւավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցություն գործող ֆոնդ ունենալու տեսլականով: Այս կառավարությունն էլ ցանկություն ունի գործարար միջավայրի եւ տնտեսական զարգացման որոշակի քայլերի միջոցով ապահովել 2017-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում եւ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում Հայաստանի դիրքի բարելավում, Կարապետյանի կառավարությունը մտադիր է առնվազն 4 կետով վարկանիշի բարձրացում:

Նոր կառավարությունն էլ, նախորդների պես, խոստանում է գործարարության զարգացում եւ խրախուսում: Կարապետյանի կառավարության ծրագրով նախատեսվում է տնտեսվարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում եւ առավել բարենպաստ միջավայրի ստեղծում (այդ թվում նաեւ էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանելու միջոցով), նոր ստեղծվող ձեռնարկությունների, ինովացիոն ձեռնարկությունների, գերակա համարվող ճյուղերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների եւ որոշակի չափանիշներին բավարարող՝ մրցակցություն չունեցող նոր ձեռնարկությունների համար, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի պարբերական մշտադիտանցմանն ու իրականացմանը խոչընդոտող խնդիրների վեր հանման ու կարգավորման նպատակով, փոքր եւ միջին ձեռներեցության խթանման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով:

Մինչեւ 2016-ի ավարտն, ըստ ծրագրի, նախատեսվում է բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ եւ այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների սահմանում: Կառավարությունը խոստանում է բնական գազ օգտագործող ընկերությունների համար որոշակի արտոնություններ կիրառել, օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով: Կառավարությունը 6 ամսվա ընթացքում ծրագրել է տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում իրականացնել, տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավանորմերի վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացում, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առավել արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձեւավորում:

2017-ին կառավարությունը ծրագրել է գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների եւ լիցենզիաների ցանկի կրճատում ու տրամադրման գործընթացների առավելագույն պարզեցում, առնվազն 6 ոլորտում տեսչական գործառույթների փոփոխություն` պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով, ոչ ռիսկային համարվող երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու ժամանակ ՀՀ լիազոր մարմնի զննման կամ լաբորատոր փորձաքննության պահանջների վերանայում եւ կրճատում, բիզնես հաշտարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում եւ 2018 թվականին ինստիտուտի գործարկում, արժեթղթավորման օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում եւ դրան համապատասխան ինստիտուցիոնալ դաշտի ձեւավորում, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի համար Հայաստանում ստեղծվելու ու գործելու համար բարենպաստ պայմանների ձեւավորում:

Արտահանման խթանման ուղղությամբ էլ կառավարությունը ծրագրել է Հայաստանի համար արտոնյալ առեւտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում եւ հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում, տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացում՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:
2017-ից սկսած, ինչպես գրված է ծրագրում, նախատեսվում է արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում եւ գործընթացների պարզեցում, արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների (օրինակ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների) ներդրում։

Ծրագրի այլ դրույթներին կանդրադառնանք առաջիկայում:

Նշենք, որ ծրագիրը օրերս պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

19.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31