Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ հիմա մնում է, որ Պուտինը վախենա Հայաստանին սպասվող դեֆոլտից. «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2016 10:21

Որոշ տնտեսագետներ (իշխանական թեւից) շտապում են պնդել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է։ Համաձա՞յն է, արդյոք, այս տեսակետի հետ Տեր-Պետրոսյանը։ Ներքուստ՝ գուցե, արտաքո՞ւստ՝ չգիտենք։

Հիմա, երբ ԿԲ-ն պաշտոնապես հայտարարել է, որ դեֆոլտի վտանգ չկա, գնդակը գլորվել է Տեր-Պետրոսյանի դաշտը, եւ նա առնվազն պարտավոր է խոսել, այլապես իր մի քանի տող հայտարարությունը մոտալուտ դեֆոլտի մասին պատվերի տպավորություն է թողնում։ Կա՞ն տնտեսագիտական հաշվարկներ, ուսումնասիրություններ, թե՞…

Իշխանական թեւի տնտեսագետները հատկապես վիրավորված են, որ Տեր-Պետրոսյանն այդ հայտարարությունն արեց ՀԱՊԿ անվտանգության խորհրդի Երեւանում կայացած նստաշրջանի նախօրյակին։ Ասում են՝ բա արժե՞ր, որ Պուտինի եւ մյուս նախագահների գալստյանն ընդառաջ նման բան ասեր, ու նրանք էլ լսեին, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի գործերը վատ են, տնտեսությունը բանի պետք չէ, դեֆոլտախառն վիճակ է եւ այլն։

Դիցուք՝ Վարդան Այվազյանի այս կշտամբանքը, մեր կարծիքով, տեղին չէ։ Էլ ում, եթե ոչ Պուտինին՝ ԵԱՏՄ հիմնադրին պետք է բողոքել վատ վիճակից, հասկացնել՝ սա չէ՞ քո տնտեսական միությունը, որտեղ երկրները ծաղկելու փոխարեն դեֆոլտի դուռն են հասնում։

Եթե մտածում ենք, որ ռուսամետ Տեր-Պետրոսյանն իր հայտարարության համար հենց Պուտինի գալու օրերն է ընտրել, ուրեմն նույնիսկ լավ է, որ նման հայտարարություն է հնչել, որից Պուտինը կարող է թասիբի ընկնել, ինչպես արեւմտյան երկրներն են թասիբի ընկնում, երբ ռուսներն ամեն առիթով խոսում են Ուկրաինային սպասվող դեֆոլտի մասին։

Հետեւաբար, եկեք չբացառենք, որ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն այս դեպքում միասին են գործում, ավելի ճիշտ՝ փոխհամաձայնեցված։ Եվ հիմա մնում է, որ Պուտինը վախենա Հայաստանին սպասվող դեֆոլտից ու մի քիչ փող սրսկի զարգացման դինամիկա չունեցող մեր տնտեսության մեջ։ Այլապես հայաստանյան դեֆոլտից կսկսեն զգուշանալ ոչ միայն ԵԱՏՄ պարկի մեջ հայտնված երկրները, այլեւ նրանք, որոնք ցանկանում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն սկսել։

էլ չենք խոսում այն մասին, թե քարոզչության ասպարեզում ինչ կանի Արեւմուտքը։ Կասի՝ Հայաստանի նման թառլան երկիրը տարաք ԵԱՏՄ, կաշին ու ոսկորները թողեցիք։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31