Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն «մարդկային դեմքի»

Հոկտեմբեր 19,2016 09:57

1968 թվականի հուլիսի 18-ին կոմունիստական Չեխոսլովակիայի ղեկավար Ալեքսանդր Դուբչեկը հանդես էր եկել տեղական հեռուստատեսությամբ եւ հայտարարել էր, որ պետք է անցկացնել այնպիսի քաղաքականություն, որ սոցիալիզմը չկորցնի իր մարդկային դեմքը: Բնականաբար, այդ հայտարարությունը դուր չէր եկել այն ժամանակվա խորհրդային ղեկավարներին, եւ նրանք Չեխոսլովակիա զորք ուղարկեցին եւ ղեկավար կարգեցին մի մարդու, որը, հավանաբար, կարծում էր, թե սոցիալիզմը չպիտի մարդկային դեմք ունենա: Բայց դա այլ պատմություն է. խոսքն այստեղ «մարդկային դեմք» արտահայտության մասին է, որը կիրառվում է ցանկացած հասարակարգի եւ ցանկացած ռեժիմի հանդեպ:

Թվում է, որ այս կամ այն ռեժիմին «մարդկային դեմք» հաղորդելն առանձնապես մի մեծ բան չի՝ կոսմետիկա է, արտաքին հարդարում, գուցե պարզապես դիմակ, որը ծածկում է գազանի մռութը: Բայց փորձը ցույց է տալիս, որ արտաքինն ի վերջո պայմանավորում է ներքինը:

Օրինակ՝ եթե դուք, անկախ ձեր տրամադրությունից, քայլում եք գլուխը բարձր եւ մեջքն ուղիղ, ապա դա ի վերջո կազդի նաեւ ինքնազգացողության եւ տրամադրության վրա: Ճիշտ այդպես էլ հասարակարգը, որ իր էությամբ դաժան է, երբ փորձում է «մարդկային դեմք» ձեռք բերել, այդ պահից սկսած սկսում է կորցնել իր դաժանությունը, զսպվում, քաղաքակրթվում է: Ի դեպ, սոցիալիզմը, որպես գաղափար, շատ ավելի մարդասիրական է, քան ազատ շուկայական հարաբերությունները: Պարզապես սոցիալիզմի գաղափարներն, ի թիվս այլոց, փորձում էին իրագործել ռուս բոլշեւիկները, իսկ շուկայական հարաբերությունները զարգացնում էին պուրիտանական հայացքներ ունեցող բողոքական հավատացյալները: Արդյունքում առաջինը ձեռք բերեց գազանային արտահայտություն, իսկ երկրորդը դարձավ քիչ թե շատ տանելի:

Այնպես որ՝ իշխանությանը մարդկային դեմք հաղորդելու ներկայիս փորձերը՝ անկախ նրանից, թե ինչով են դրանք թելադրված, միայն առաջին հայացքից են մակերեսային թվում: Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ հակառակը՝ արտաքինն է որոշում ներքինը: Եկեք վերհիշենք իշխանության «ոչ մարդկային» դեմքը, որը ձեւավորվել է 90-ական թվականներին՝ լկտի, ամբարտավան, իրեն ամեն ինչ թույլ տվող, ոչ մի չափ ու սահման չճանաչող մի կերպար: Հիմա էլ կան այդպիսի պատգամավորներ եւ չինովնիկներ: Բայց համաձայնեք՝ նրանք այլեւս «թրենդի մեջ» չեն:

Իհարկե, «հին դեմք» ունեցող վերնախավը հենց այնպես չի հանձնվի. նրանք, իհարկե, չեն ասի՝ «մենք լավն ենք», դա համոզիչ չի հնչի, ավելի «խորամանկ» ձեւ կա ասելու՝ «այս նորերը մեզնից ոչնչով լավը չեն»: Բայց ի վերջո, մարդկային դեմք ունենալու առավելությունները բոլորը պետք է որ հասկանան:

Իսկ այս մտքերի համար լրացուցիչ խթան հանդիսացավ վարչապետի նոր, երիտասարդ օգնականների նշանակումը:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Նոր, երիտասարդ օգնականների գործունեությունը կնպաստի՞ թագակիր օրգանի չարորակ կնճիռների կոսմետիկ հարթեցմանը:
    Եվ վերջում, կրկին կհնչի առավել կարեւոր քաղաքական հարցը (խնդիրը).՝ «ո՞վ պետք է մարի (վճարի) պետական կառավարության եւ կենտրոնական բանկի պարտքերը:
    Հարկ վճարողնե՞րը (հարկատունե՞րը):
    Ե՞ս, թե՞ դու:
    Թե՞ սոցիալիզմի «մարդկային» դեմքերը:

  2. Լավատես says:

    Չեմ կասկածում, որ նոր նշանակված կառավարությունը ռազմավարական առաջընթաց կիրականացնի երկրում՝ արտագաղթը կկասեցվի, կսկսվի հայրենադարձությունը, կլավանա ժողովրդագրական պատկերը՝ հարսանիքների, երեխաների թիվը կտրուկ կաճի: Ժողովուրդն էլ, սփյուռքն էլ իրենց կողմից պետք է պաշտպանեն ու աջակցեն մեր կառավարությանը արտաքին թե ներքին բարդ խնդիրների լուծման գործում: Եթե նույնիսկ նման ռազմավարական խնդիրներ չեն դրված նորանշանակ կառավարության առջեւ, մենք ազգովին այնքան ուժեղ պետք է պաշտպանենք ու աջակցենք նրանց, որ նրանք ուզած չուզած իրենց ողջ ունակությունները, խելքն ու ժամանակը լիովին ծախսեն այդ բարդ ռազմավարական խնդիրները հաջողությամբ լուծելու վրա:

  3. Իրավաբան says:

    Վարչապետի օգնականների հարցում համամիտ եմ:
    Վատ ճաշակ չունեք))))))))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31