Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ Երեւանում

Հոկտեմբեր 19,2016 17:00

ԼՂ խնդրով հայտարարություն` Սերժ Սարգսյանի պահանջով

Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեւան էին ժամանել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Ղազախստանը ներկայացված էր վարչապետ Բակիջան Սագինտաեւի մակարդակով։ Նուրսուլթան Նազարբաեւի աշխատակազմն ավելի վաղ հայտնել էր, որ նա առողջական խնդիրներ ունի, ինչը տարբեր վերլուծաբանների որակմամբ` պատրվակ էր Հայաստան այցելելուց խուսափելու համար:

Ամփոփելով երեւանյան նստաշրջանի արդյունքները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նստաշրջանի գլխավոր արդյունքներից ընդգծեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը: «Փաստաթղթի մշակման ուղղությամբ ավելի քան հինգ տարի տեւած աշխատանքն ավարտված է, ինչպես եւ մենք նշել էինք ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթությունների մեջ: ՀԱՊԿ երեւանյան Ռազմավարությունը ամրագրում է Կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչեւ 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները: Անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հանրության հետ հավասարության եւ անվտանգության անքակտելիության հիման վրա հարաբերություններ կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից խուսափելու եւ միեւնույն ժամանակ առաջացող խնդիրների լուծման ընթացքում քաղաքական-դիվանագիտական մեթոդներին առաջնահերթություն տալու իրենց պատրաստակամությունը: Կարծում եմ՝ Ռազմավարության ընդունումը վկայեց ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին: Անկասկած, դա, ինչպես նաեւ ավելի վաղ ձեռք բերված որոշումների ու նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջնահերթությունների կյանքի կոչումը հնարավոր դարձավ բոլոր մակարդակներում լուրջ, առարկայական եւ, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատանքի արդյունքում»:

Այնուհետեւ նա նշեց, որ պետությունների ղեկավարների կողմից մեկ անգամ եւս հաստատվեց Կազմակերպության դերը՝ որպես խաղաղության, կայունության պահպանմանը նպաստող եւ անդամ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովող կարեւորագույն գործիք: «ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես` ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա»:

Ուշագրավ էր, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների հրապարակումից առաջ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տարածեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ԼՂ հարցով հայտարարություն չեն ընդունելու: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հայտարարություն, այնուամենայնիվ, ընդունվել է: Ըստ ամենայնի, այն ընդունվել է Սերժ Սարգսյանի պահանջով ու պնդմամբ, եւ սա, իհարկե, կարելի է դրական համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ը մշտապես խուսափել է ԼՂ խնդրի առնչությամբ դիրքորոշում արտահայտելուց:

Այսպես, ԼՂ խնդրի վերաբերյալ ՀԱՊԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Մեր աջակցությունն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայի եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացման չթույլատրմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղության գործընթացի առաջընթացի համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով ԼՂ խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ), պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա»:

Ի դեպ, երեւանյան նստաշրջանի օրակարգից հանվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, Սերժ Սարգսյանը հայտնեց, որ այդ հարցը կքննարկվի տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում:

ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը դիտում է որպես սպառնալի՞ք

ՀԱՊԿ երկրները Երեւանում քննարկել են ոչ միայն ԼՂ խնդիրը, այլեւ ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունների միջեւ առկա լարվածությունը՝ նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքների չեզոքացման համար: Մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր կողքին, բայց պետք է ձգտենք, որպեսզի անցյալից մեզ հասած բոլոր խնդիրերը լուծվեն խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումներով: Հենց այն փոխզիջումներով, որին պատրաստ է գնալ ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմը: Այս համատեքստում մենք քննարկել ենք նաեւ Ղարաբաղյան խնդիրը»: Պուտինը նաեւ հավելել է, որ Երեւանում քննարկվել են նաեւ ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունների միջեւ առկա «որոշակի լարվածությունները»:

Նրա խոսքով՝ իրենց համար «անգամ կարեւոր չէ՝ ԽՍՀՄ այդ մյուս նախկին հանրապետությունները ՀԱՊԿ անդա՞մ են, թե՞ ոչ». «Կարեւորն այն է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձեւավորված հարաբերություններ: Եվ դրանք՝ այդ հարաբերությունները, շատ ավելի մոտ են, ավելի խորը, քան պարզապես ՆԱՏՕ-ի երկրների միջեւ հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել»:
Այս համատեքստում խիստ ուշագրավ էր ՀԱՊԿ նստաշրջանի մեկնարկից առաջ «Ինտերֆաքսին» ՌԴ ԱԳՆ հատուկ առաջադրանքներով դեսպան Վիկտոր Վասիլեւի տված հարցազրույցը:

Հայաստանը, ՌԴ-ն, ինչպես նաեւ ՀԱՊԿ մյուս երկրները ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը դիտում են որպես սպառնալիք եւ կդիմակայեն դրան, ՀԱՊԿ ռազմավարության մեջ համապատասխան դրույթը կընդունվի Երեւանում հոկտեմբերի 14-ին կազմակերպության գագաթնաժողովին՝ ասել էր Վասիլեւը` հավելելով. «Ռազմավարության մեջ առանձին բլոկով կարտացոլվի ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության թեման: Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության սահմանների երկայնքով եւ, համապատասխանաբար, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերի ավելացում»: Վասիլեւը պարզաբանել էր, որ նախկինում ԵվրաՀՀՊ-ի տեղակայումը կապվում էր իրանական միջուկային սպառնալիքի հետ, իսկ այժմ այդ վտանգը չկա, «բայց, այնուամենայնիվ, ամերիկյան ՀՀՊ ենթակառուցվածքների տեղակայումը շարունակվում է ե՛ւ Լեհաստանում, ե՛ւ Ռումինիայում»: «Դա իր արտացոլումն է գտել նաեւ մեր հավաքական անվտանգության ռազմավարության մեջ: Մենք մտահոգություն ենք հայտնում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այդ քայլերի կապակցությամբ եւ, համապատասխանաբար, պատասխան գործողություններ կձեռնարկենք»,- նկատել է Վասիլեւը:

ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երեւանում 20 փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում է նաեւ «Մինչեւ 2025 թվականը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Արդյոք ՀԱՊԿ երկրները ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը դիտո՞ւմ են որպես սպառնալիք, եւ հենց Վասիլեւի որակումներով որոշում է ընդունվել, թե՞, այնուամենայնիվ, գնահատականները մեղմացվել են՝ թերեւս պարզ կլինի հետագայում:

Ինչու Լավրովը հիշեց ԼՂ խնդրում Թուրքիայի դերի մասին

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարեւոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց կապելու դա Ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով՝ ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»:

Նախ` անհասկանալի է, թե ինչու է Լավրովը Ղարաբաղի, այլ ոչ թե Հայաստանի ապաշրջափակումը կապում Թուրքիայի հետ: Իսկ ընդհանուր առմամբ, որքան էլ ցավոտ լինի արձանագրելը, այո՛, ԼՂ խնդիրն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը միմյանց փոխկապակցված հարցեր են: Թուրքիան Հայաստանի հանդեպ թշնամական գործողություն է իրականացնում՝ ապաշրջափակելով հարեւան երկիրը ԼՂ խնդրի պատճառով:

Սակայն Թուրքիան երբեւէ ցույց չի տվել պատրաստակամություն դրականորեն ազդելու ԼՂ խնդրի կարգավորման վրա, օրինակ` «եղբայրական Ադրբեջանին» համոզելու այս կամ այն զիջմանը գնալ: Ավելին` Թուրքիան կապեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացումը ԼՂ խնդրի հետ: Ի՞նչը կարող է ստիպել Անկարային շեղվել այդ քաղաքականությունից՝ թերեւս, Լավրովը կարող է ճշտել այդ հարցը թուրք գործընկերներից: Այնպես որ` «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ», եթե նման ցանկություն առհասարակ Անկարան ունենա:

Ռուսներն էլ լավատես չեն

Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էր նշել, թե ԼՂ հակամարտության կարգավորման հստակ ճանապարհ առայժմ չի տեսնում, որ հստակ լուծումներ դեռ չեն ուրվագծվում: Օրերս նմանատիպ կարծիք է հնչել նաեւ ՌԴ-ից: Մոսկվան լավատեսորեն չի տրամադրված առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, բայց շարունակում է աշխատանքները Երեւանի եւ Բաքվի հետ՝ նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ քննարկման են դրված բազմաթիվ տարբերակներ եւ առաջարկներ. «Բայց առայժմ, կրկնում եմ, հատուկ լավատեսության հիմքեր չեն նկատվում»:

Ինչպես Քերիի, այնպես էլ Ուշակովի հայտարարությունը վրդովեցրել է Ադրբեջանին: Այն առաջացրել է ադրբեջանական կողմի «զարմանքը եւ ափսոսանքը»՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: «Հայտարարությունը մեզ մոտ զարմանք եւ ափսոսանք է առաջացնում: Պարոն Ուշակովի հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախագահների մակարդակով արված հայտարարություններին: Այն նաեւ չի համապատասխանում այն մանրակրկիտ բանակցություններին, որոնք վարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած իր այցերի ընթացքում»,- նկատել է Հաջիեւը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 18.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31