Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի՝ պետք է վարկերի տոկոսադրույքն իջեցնեն, որպեսզի մարդիկ շատ վարկեր ներգրավեն
Մոտ 20 օր առաջ` սեպտեմբերի 27-ին, Կենտրոնական բանկը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6.75%: Իր այդ քայլը Կենտրոնական բանկը բացատրեց ոչ թե կառավարության փոփոխությամբ, այլ օգոստոսին արձանագրված 0.5 տոկոս գնանկմամբ:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման պարագայում առեւտրային բանկերը կարող են էժան վարկեր վերցնել Կենտրոնական բանկից եւ տնտեսվարողներին տրամադրել ավելի ցածր տոկոսներով վարկեր, քան ներկայումս է, ինչը, մասնագետների հավաստմամբ, անշուշտ մեծ խթան կհանդիսանա տնտեսությունը աշխուժացնելու համար:
«Առավոտը» տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե առեւտրային բանկերն այս պարագայում որքա՞ն կարող են իջեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքները եւ արդյոք կգնա՞ն այդ քայլին: Տնտեսագետի համոզմամբ՝ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է, բնականաբար, դա իր ազդեցությունը պետք է թողնի ընդհանուր, ամբողջ երկրի դրամավարկային քաղաքականության էժանացման վրա, որի մեջ են մտնում նաեւ վարկային ռեսուրսները:
Կարդացեք նաև
«Իսկ վարկային ռեսուրսների տոկոսադրույքի իջեցումը պայմանավորված է այդ վերաֆինանսավորման բլոկից, թե որքան են բանկերը գումար վերցնում վարկերի համար: Այսինքն` այս գործոնը եւս կապ ունի: Իսկ հնարավոր է, որ վարկերը այս պահի դրությամբ ավելի էժան գումարների հաշվին են ներգրավվում, օրինակ` արտերկրի միջոցների հաշվին, որի պարագայում դառնում է, որ բանկերը գուցեեւ հնարավորություն ունեն այդ միջոցներով ավելի էժան գումարներ ունենալ եւ չօգտվել Կենտրոնական բանկի ռեսուրսներից, բայց, այնուամենայնիվ, գոյություն ունի պայման, որ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկնակիից ավելի տոկոսադրույքով տան վարկերը, այսինքն` այսպիսի չափանիշ եւս դրված է, կարծում եմ՝ սա է հիմնական գործոնը, որը ենթադրում է, որ վարկերի տոկոսադրույքները պետք է նվազեն»,- պարզաբանեց պարոն Խաչատրյանը: Նրա խոսքով, սակայն, մեկ խնդիր գոյություն ունի. «Վարկերի ծավալը միայն վերջին ժամանակներս է սկսել աճել, ինչը խոսում է այն մասին, որ վարկային պորտֆելը նվազման միտում է ունեցել այս ընթացքում, այդ իսկ պատճառով դա նշանակում է, որ վարկերի նկատմամբ պահանջարկը մեծ չէ, դա է նաեւ գործիքներից մեկը, որ պետք է նաեւ էժանացնեն, որպեսզի մարդիկ շատ վարկեր ներգրավեն: Բայց եթե չկան ծրագրեր եւ այլն, նշանակում է, որ դա եւս խանգարող հանգամանք է վարկերի ներգրավման հարցում՝ վարկեր տալու կամ վարկեր վերցնելու հետ կապված»,- նկատում է Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետի ներկայացմամբ՝ ավանդների պորտֆելն ավելի շատ է աճել, քան վարկային պորտֆելը, ինչը խոսում է այն մասին, որ տնտեսության մեջ մարդիկ ոչ թե վարկ են վերցնում, այլ հիմնականում խնայում են, այսինքն` այդ գումարների մեծ մասը գնում է դեպի խնայողություններ, ինչի արդյունքում էլ լուրջ նախագծեր ունենալու, ռիսկի դիմելու հիմքերն ավելի փոքրացել են:
Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի, համաշխարհային տնտեսության մեջ սառեցման միտումներ այնքան էլ չեն նկատվում. «Բայց այն հանգամանքը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքից բացի, օրինակ` համաշխարհային երկարաժամկետ տոկոսադրույքի որոշակի առումով թանկացում է նկատվում, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ աշխարհն անցնում է թանկ փողերի, իսկ թանկ փողերը խոսում են այն մասին, որ ռեսուրսների առումով կա ինչ-որ խնդիր: Չնայած ես հակված չեմ դրան, քանի որ բացասական տոկոսադրույքների դաշտ են մտել, իսկ դա նշանակում է, որ գումարներ կան, պարզապես ծրագրեր չկան»:
Մեր այն հարցին, թե ինչու Հայաստանում այդպես էլ վարկերի տոկոսադրույքները այնքան չեն նվազում, որպեսզի մարդիկ ավելի շատ վարկեր վերցնեն, ու վարչապետի նշած` «տնտեսությունն էլ սկսի շնչել», պարոն Խաչատրյանը պատասխանեց` գոյություն ունեն մի շարք ռիսկեր:
Ըստ նրա, օրինակ, մեր երկրում չվերադարձվող վարկերի պորտֆելը մոտ 9 տոկոս է կազմում. «Իսկ դա նշանակում է, որ պարտաճանաչ վարկառուները իրենց վրա կրում են նաեւ ոչ պարտաճանաչների ռիսկը, երկրորդը` դա վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, էժան փողերի բացակայությունը: Սրանք բոլորը գործոններ են, որոնք ազդում են դրա վրա»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
18.10.2016