Լրահոս
Օրվա լրահոսը

76-ամյա կինը բողոք ունի հետաքննիչի եւ դատախազի դեմ

Հոկտեմբեր 19,2016 16:00

Այգեստան փողոցի սեփական տներից մեկի բնակիչը՝ տարեց Մայրանուշ Աղաբաբյանը փետրվարի 24-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք: Հետաքննության բաժնի տեսուչ Հ. Ներսիսյանն իր որոշմամբ մերժել է քրեական գործ հարուցել:

Թոշակառուն հայտնել էր, թե դիմել էր նաեւ Երեւան քաղաքի նախկին դատախազին, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հայտնելով, որ իր հարեւանությամբ ապրող Վլադիմիր Ենոքյանի եւ Սպարտակ Գեւորգյանի կողմից իր հողատարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում:

Նա ներկայացրել էր նաեւ ծառահատումների նկարները:

Ապօրինի ծառահատումների վերաբերյալ ստեղծվել են նյութեր, սակայն մերժվել էր հանցակազմի բացակայության հիմքով, ինչը բողոքարկվել էր քաղաքի դատախազին: Քաղաքի դատախազը նույնպես մերժել էր:

Մայրանուշ Աղաբաբյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բողոքն էլ դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում է գտնվում:

Թոշակառուն «Առավոտի» խմբագրություն էր ներկայացրել իր հաղորդումը հանցագործության մասին, այն ձեռագիր բացատրությունը, որը գրել էր ոստիկանության հետաքննության բաժնում:

Ըստ նրա, հայրը անցյալ դարի հիսունականներին ստացել է Այգեստան փողոցի վրայի հողատարածքը, կառուցել է ներկայիս տունը: Հոր մահվանից հետո մայրը բնակարանի մի հատված ներքին կարգով վաճառել է նշյալ հարեւաններին՝ չունենալով դրա իրավունքը:
Չկա նոտարական վավերացմամբ պաշտոնական գրություն այդ գույքի վերաբերյալ:
Ըստ Մ. Աղաբաբյանի՝ «նոր սեփականաշնորհումից հետո»՝ ութ տարի առաջ ներկայացել է Երեւանի քաղաքապետարան, տարել է տանն առնչվող փաստաթղթերը, սակայն սեփականաշնորհման գործընթացը դադարեցվել է, քանի որ ի հայտ են եկել վերոնշյալ հարեւանները:

Քաղաքապետարանից հորդորել են դատի տալ հարեւաններին, քանի որ գործարքն ըստ էության անվավեր է եղել:

Դիմել է փաստաբանական գրասենյակ, միայնակ կինն անգամ տվել է կանխավճար:
Ոստիկանության բաժնում, ի դեպ, գրված է փաստաբանի տվյալները, նաեւ այն գրասենյակի, որը, ըստ դիմումատուի, իրականում գոյություն չի ունեցել:
Դիմել է փաստաբանների պալատ, նրան տրվել է այս անգամ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան՝ իրավաբանական օգնության համար:
Մ. Աղաբաբյանն ասում է, որ իր իրավունքները այդպես էլ չեն վերականգնվել, քանի որ հարեւաններն ապօրինի կառուցապատումներ են կատարել, ծառահատումներին զուգահեռ. «Չնայած այդ քաղաքացիները տվել են գրավոր պարտավորագիր այն մասին, որ իմ հողատարածքում ապօրինի գործողություններ չեն կատարի, այնուամենայիվ, արհամարհելով իմ սեփականության իրավունքը, իրենց սեւ գործը հեշտացնելու նպատակով կատարել են ծառահատումներ, արհեստականորեն չորացրել են հողամասում գտնվող մրգատու ծառերը»:

Ի դեպ, քաղաքացու բողոքներին ընթացք չի տրվել նաեւ Կենտրոնի թաղապետարանում:
Ըստ քաղաքացու, հետաքննության մարմինն էլ չի եղել հետեւողական, կողմնակալ վերաբերմունք է ցույց տվել թե իր հարեւանների, որոնց դեմ բողոքում է, թե թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ: Այդ վերաբերմունքի արդյունքում է, որ ըստ նրա՝ հարեւանները տիրացել են իր գույքին ու հողի մի մասին:
Դատարան դիմելով՝ Մ. Աղաբաբյանը խնդրում է վերացնել թե հետաքննիչի, թե դատախազի որոշումները, եւ կայացնել իր սահմանադրական իրավունքները վերականգնող դատական ակտ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կա Մ. Աղաբաբյանի անունով մի գանգատ: Թոշակառուն տեղեկացել է, որ գործը «տեղ է հասել», իսկ թե երբ կլսվի, քարտուղարությունից խոստացել են լրացուցիչ տեղեկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31