2015թ. հունիսի 5-ին ստենտավորեցին Արտակ Սիմոնի Էլմասակյանի սիրտը։ Հինգ ամիս հետո, 2016թ. փետրվարի 3-ին` ծննդյան տարեդարձի օրը, ԱԻՆ նախարարն ազատել է նրան ծառայությունից։ Բայց բազմավաստակ դոսաաֆական Ա. Էլմասակյանն այժմ էլ կանոնավոր սուզումներ է կատարում Սեւանում, Այղր լճում, Քարի լճում։ Աշխատում է «Սպիտակ» կենտրոնում որպես փրկարար-մարզիչ։ 2015թ. ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, Սեւանում Արտակ Էլմասակյանը «Այաս» ծովային գիտահետազոտական ակումբի դայվինգի դեպարտամենտի նախագահ Ռաֆայել Մկրտչյանի հայտնաբերած ստորջրյա քաղաքի եւ 1943 թվականին Շորժայի մոտ գերբեռնվածությունից խորտակված «Լուկաշին» ուղեւորաբեռնատար նավի չափման եւ նույնականացման գործում ակտիվ ստորջրյա աշխատանքներ է կատարել բուսաբան Իվան Գաբրիելյանի եւ դայվեր-պարաշյուտիստ, Գյումրիի լրագրող Սոնա Մարտիկյանի հետ:
Ով է Արտակ Սիմոնի Էլմասակյանը, ինչ ճանապարհ է անցել:
Նա ծնվել է 1964թ. փետրվարի 3-ին, Երեւանում։ 8-րդ դասարանից հետո նա իր ուսումը շարունակել է թիվ 2 ՊՏՈՒ-ում, սովորել ավտոփականագործի մասնագիտություն։ ԴՕՍԱԱՖ-ում է դեռեւս 7 տարեկանից: 1971թ.-ից զբաղվել է ստորջրյա լողով. մարզիչը քեռին էր`Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ Լիպարիտ Ալմասակյանը (աշխարհահռչակ Շավարշ Կարապետյանի մարզիչը): 1985-ին լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմատիվը՝ Սեւանում ԽՍՀՄ առաջնության ժամանակ (այժմ դա համարվում է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում)։
1977-ից զբաղվել է ռադիոսպորտով, լրացրել է 1-ին կարգի նորմատիվը 1981թ.-ին եւ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններում։
1978թ. առաջին անգամ թռել է պարաշյուտով, 1986թ.-ից 1-ին կարգի պարաշյուտիստ է, ունի 620 թռիչք։ 2016թ. մայիսի 14-ին եզրափակիչ թռիչքն է կատարել։
Արտակը զուգահեռ զբաղվել է նաեւ սավառնակային սպորտաձեւով (առանց շարժիչի 1 տեղանոց թռչող սարքավորում՝ լիարժեք ղեկային եւ ղեկավարման համակարգով «ԲՌՈ-11Մ»), ունի 60-ից ավելի թռիչքներ։ Արտակի առաջին սավառնակորդ-հրահանգիչն էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից Արտյուշա Ղազարյանը:
1981-1992 թթ. զբաղվել է նաեւ ինքնաթիռային սպորտով, կանոնավոր թռիչքներ է կատարել «ՅԱԿ-52» մակնիշի ինքնաթիռով մոտ 60 ժամ։ Իր առաջին օդաչու-հրահանգիչը եղել է Վիկտոր Նիկոլայի Չմալը (1981-1987թթ. մարզվել եւ մարզել է Հայաստանի ինքնաթիռային սպորտի հավաքականը, ինքնաթիռային եւ սավառնակային մարզաձեւերի աշխարհի բազմակի չեմպիոն): Երկրորդ օդաչու հրահանգիչը Լեւոն Մանուկյանն էր, երրորդ օդաչու-հրահանգիչը՝ Գեւորգ Բաբուջյանը:
Կարդացեք նաև
Արտակ Էլմասակյանն աշխատել է ԴՕՍԱԱՖ-ի Երեւանի Սպանդարյան շրջանի ռադիոկայանի պետ, զուգահեռ 1985թ. մայիսից մինչեւ 1988թ. դեկտեմբեր աշխատել է նաեւ ՆԳՆ Հակահրդեհային պահպանության վարչությունում՝ որպես կապի տեխնիկ եւ ռադիստ:
Նա 2000թ. դեկտեմբերի 15-ից փրկարար ծառայությունում է առ այսօր:
Արցախյան պատերազմի ժամանակ Արտակ Էլմասակյանն ուժերի ներածին չափով ազատամարտիկներին սովորեցրել է կապի եղած միջոցներից օգտվելու ձեւերն ու տարբերակները, «Արբալետ» ռադիոկայանից օգտվելը:
2003թ. հունիսին Սոբերտ Մանուկյանի 70-ամյակին նվիրված փրկալողի ՀՀ առաջնությանը 200 մ արգելապատնեշներով-լողանցում վարժությունում գրավել է առաջին տեղը, ցույց տալով փայլուն արդյունք:
Շարունակել է զբաղվել իր սիրած սպորտաձեւերով։ Աշխատել է լողի մարզիչ, ստորջրյա լողի մարզիչ, մանեւրային խմբի ջրասուզակ, փրկարար ուսումնական կենտրոնի ջրասուզակ-հրահանգիչ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրասուզակ-հրահանգիչ: 2008 թ. օգոստոսի 7-ից եղել է ջրասուզական խմբի հրամանատար, այնուհետեւ` փրկարար ծառայության ջոկատի հրամանատար:
Այժմ պաշտոնաթող ավագ լեյտենանտ է։ Զուգահեռ, առ այսօր դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Ջրասուզական գործ, ջրափրկարարական պատրաստություն, նավավարություն եւ մասնագիտական ֆիզիկական պատրաստություն» առարկաները։
Արտակ Էլմասակյանը միջազգային կարգի պրոֆեսիոնալ փրկարար է (վկայական 0015)։ Պարգեւատրվել է «Անվեհեր փրկարար» մեդալով, միջազգային կարգի դայվինգի հրահանգիչ է (վկայական 0002)։ Դայվինգը ստորջրյա զբոսաշրջությունն է։ Նա կանոնավոր կերպով ուսուցանում եւ պատրաստում է դայվերների- ստորջրյա զբոսաշրջիկների (տարբեր ազգությունների), որոնք սուզվում են աշխարհի տարբեր օվկիանոսներում, ծովերում եւ լճերում։
20.02.2010թ. Ա. Էլմասակյանին տրվել է միջազգային կարգի հրահանգիչ-ջրասուզակ որակավորումը «Այաս» ծովային գիտահետազոտական ակումբում։
2011թ. հուլիսի 20-21-ին Հայաստանում բարձր լեռնային գոտում, Արագած լեռան` 3207 մ ծովի մակերեւույթից բարձրության վրա ուսումնասիրեց Քարի լիճը՝ հետազոտական ջրասուզում կատարելու համար, եւ թիմի կազմում (Ռաֆայել Մկրտչյան, Կարեն Բալայան, Արտակ Էլմասակյան) սահմանել է առաջին անգամ աշխարհի ռեկորդ Հյուսիսային կիսագնդում։
Ավելի վաղ Հարավային կիսագնդում նման փորձ իրականացրել էր միայն Ժակ Իվ Կուստոն՝ Տիտիկակա լճում։ Արտակ Էլմասակյանը 2 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ջրափրկարար-ջրասուզակ:
2011թ. ամռանը «Հայէքստրիմ» էքստրիմալ մարզաձեւերի փառատոնին ամբողջությամբ ապահովել է երթուղիների անցումը, առաջնորդում է եւ ուղեկցում դայվերներին եւ ապահովում բոլորի անվտանգությունը։
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈՒԺ»
սոցիալ-մշակութային կենտրոնի նախագահ
«Առավոտ»
18.10.2016