Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության պատրվակով Ադրբեջանում «հայտնվող» իսրայելական սպառազինությունն ուղղվում է նաեւ Իրանի դեմ

Հոկտեմբեր 19,2016 13:30

Ադրբեջան-Իսրայել հակաիրանական դաշինքը եւ շիաների դեմ բռնաճնշումները

Այս օրերին աշխարհի շիաները նշում են իսլամի շիայական ուղղության ամենաառանցքային կերպարներից մեկի` ուղղության հիմնադիր Ալիի որդու, այսինքն` 3-րդ իմամ Հուսեյնի, նրա եղբոր եւ 70 զինակիցների նահատակությունը Քարբալայի դաշտում (Իրաք): Իսլամի շիայական ուղղության մեջ սա համարվում է ամենասրբազան ծեսերից, որը մի քանի օր շարունակ, ներառյալ նաեւ իսլամական օրացույցի՝ մոհարրամի 10-րդ օրը՝ Աշուրան, ուղեկցվում է ոգեկոչման աղոթքներով, սգերգերով, քայլերթերով եւ այլ ծիսական արարողություններով: Այս առնչությամբ վերջին շրջանում առանցքային զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում` որոշակի կրոնական ծեսեր արգելելու հետ կապված:

artyom_tonoyan-7-1

«Առավոտի» հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը նախ ընդգծում է՝ Ադրբեջանում, որի բնակչության 85%-ը համարվում է շիայադավան, վերջերս խորհրդարան ներկայացված եւ հաստատված օրենքով արգելվում է մզկիթներից բացի, որեւէ այլ տեղ Աշուրայի ժամանակ որեւէ կրոնական միջոցառում անցկացնել, փողոցներում եւ հասարակական այլ վայրերում կրոնական բովանդակությամբ, հատկապես իմամ Հուսեյնի անվան հիշատակմամբ պաստառներ փակցնել: «Բացի այդ, կրոնական քայլերթերի կանխարգելման համար ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ օգտագործել եւ շարունակում են օգտագործել երկրի սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասված է. «Կրոնական արարողությունների կատարումն ազատ է, եթե դրանք չեն խախտում հասարակական կարգը եւ չեն հակասում հասարակական բարոյականությանը»,- նշում է Արտյոմ Տոնոյանը, ապա անդրադառնում հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը, լինելով շիայական մեծամասնությամբ երկիր, չի ցանկանում թույլ տալ այդ կրոնի սրբազան ծեսի իրականացումը. «Կա երկու հիմնական պատճառ: Նախ, Ադրբեջանական Հանրապետության քաղաքական վերնախավը վախենում է մարդկանց՝ ցանկացած զանգվածային կուտակումներից՝ քաղաքական, թե կրոնական: Այս դեպքում ամբողջ շիայական աշխարհի համար իմամ Հուսեյնը մարմնավորում է բռնապետության դեմ պայքարը, ներկայացնում է ցանկացած միջոցով՝ նույնիսկ կյանքի գնով բռնությանը դեմ դուրս գալու խորհուրդը: Այս առումով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա շրջապատի համար ամենեւին հաճելի չէ տեսնել փողոցներում այդ բռնության դեմ պայքարի գաղափարները կիսող մարդկանց համախմբում, քանի որ, որպես բռնապետ, Ալիեւն այդ հավաքներից ակնկալում է ուղղակի եւ իրական վտանգ: Երկրորդ եւ ամենակարեւոր պատճառը. Ադրբեջանում վախենում են հասարակության շրջանում իրանական ազդեցության ուժեղացումից, քանի որ շիայական շարժումների թափ հավաքելն ուղղակիորեն նշանակում է ադրբեջանական հասարակության վերադարձ դեպի իրանական ինքնություն»:

Իրանագետը նաեւ նշում է, որ առհասարակ, Ադրբեջանական Հանրապետության տարածքում ցարական, ապա եւ խորհրդային իշխանությունների կողմից մեծ ջանքեր են գործադրվել՝ տեղի շիայական բնակչությանն իրանական մշակութային արմատներից կտրելու համար, ընդհուպ մինչեւ այն, որ «երկաթյա պատ» քաշելով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ՝ արգելել են ցանկացած տիպի ուխտագնացություն դեպի շիայական սրբավայրեր. «Հետխորհրդային շրջանում այդ առումով Ադրբեջանի իշխանությունները հայտնվեցին ծանր իրավիճակում. մի կողմից հայտարարեցին, որ երկրում խղճի ազատություն է, մյուս կողմից հասկացան, որ այդ ազատությունը կարող է նշանակել «վերադարձ դեպի իրանական ինքնություն», եւ սկսեցին լրջորեն վերանայել իրենց կրոնական քաղաքականությունը` չկորցնելու համար «200 տարվա ընթացքում ձեռք բերվածը»: Որպես առկա վտանգի լավագույն օրինակ պետք է հիշել 2014թ.-ի այս նույն ժամանակահատվածը, երբ Աշուրայի ժամանակ Բաքվի հարեւանությամբ գտնվող Նարդարան ավանում ծածանվեց Իրանի դրոշը, ինչպես նաեւ երեւացին պաստառներ Իսլամական հեղափոխության երկու առաջնորդների` այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի եւ այաթոլլահ Ալի Խամենեիի դիմանկարներով»:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նշված սահմանափակումներին ադրբեջանական հասարակության շիայադավան հատվածը, Արտյոմ Տոնոյանի բնորոշմամբ՝ այս պահին Ադրբեջանում առկա է հավատացյալ բնակչության դժգոհության մեծ ալիք. «Իհարկե, ադրբեջանական իշխանությունները մինչեւ այս որոշման ընդունումը կատարել էին անհրաժեշտ քայլեր՝ կտրուկ ցնցումներից խուսափելու համար: Նախ, անցած տարի այս շրջանում` Աշուրայի օրերին, ադրբեջանական հատուկ ծառայությունները եւ ոստիկանական ուժերը դաժան գործողություններ իրականացրեցին շիայականության պատվարը համարվող Նարդարանում` սպանելով 4 հավատացյալի եւ ձերբակալելով Ադրբեջանի շիայադավան հատվածի մոտ մեծ հեղինակություն վայելող կրոնական գործիչների, այդ թվում՝ հայտնի շիա աստվածաբան Թալեհ Բաղիրովին: Այս տարում կրոնական գործիչների ձերբակալություններ տեղի ունեցան Իրանի ազդեցության լուրջ գոտիներից Լենքորանում, Գյանջայում եւ Բաքվի շրջանում, որոնցով հող նախապատրաստվեց նշված օրենքի ընդունման եւ հետեւողականորեն դրա ի կատար ածման համար»:

Իրանագետի դիտարկմամբ՝ ադրբեջանական հասարակության շիայադավան հատվածը, մնալով առանց ղեկավարների, ունակ չէ ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են փոխել ստեղծված իրավիճակը, եւ այսպիսի պայմաններում, ինչպես խորհրդային աթեիզմի տիրապետության շրջանում, այնպես էլ հիմա, Ադրբեջանի շիաները իրենց ծեսն անում են հիմնականում գաղտնի, սեփական տներում` համատարած վախի մթնոլորտում: «Շարքային ադրբեջանցիների արտահայտած կարծիքները թեմայի առչությամբ մոտավորապես այսպիսի բովանդակություն ունեն՝ «արգելում են, քանի որ կառավարությունը վախենում է իմամ Հուսեյնի դրոշի տակ միավորվողներից», կամ՝ «Ադրբեջանում միայն վարչակարգը եւ նրա ծառաներն են իրենց ուզածով ապրում»,- նկատում է փորձագետը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսի՞ն են իրանական կողմի արձագանքները՝ Ադրբեջանում ընդունված վերոնշյալ օրենքի առնչությամբ: Արտյոմ Տոնոյանը տեղեկացրեց, որ Կովկասյան տարածաշրջանի հետազոտություններով զբաղվող իրանցի քաղաքագետներն Ադրբեջանի իշխանությունների իրականացրած կրոնական այս քաղաքականությունը դիտարկում են որպես «Ադրբեջանում իրանական ազդեցության մեծացումը եւ ադրբեջանական հասարակության մեջ իրանական ինքնության ուժեղացումը կանխարգելող միջոցառումներ»: Մինչդեռ, ինչպես իրանագետն է նկատում, այլ է Իրանի քաղաքական եւ հոգեւոր դասի մոտեցումը: Վերջինս խնդիրը դիտարկում է Ադրբեջան-Իսրայել ռազմաքաղաքական դաշինքի` Իրանի դեմ իրականացվող թշնամական գործողությունների համատեքստում եւ տեղի ունեցածը Իրանի դեմ տարվող ավելի մեծ՝ հանցավոր ծրագրի մի մաս համարում:

«Այդ հանցավոր ծրագրի մյուս հատվածը Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունն է, որի շրջանակներում Արցախյան հակամարտության պատրվակով Ադրբեջան է տարվում իսրայելական ժամանակակից սպառազինություն` իրականում ուղղված նաեւ Իրանի դեմ: Պատահական չէ, որ սեպտեմբերի 27-ին Բաքվում տեղի ունեցած «ADEX 2016» ռազմական ցուցահանդեսին մասնակցում էին միանգամից 13 իսրայելական կազմակերպություններ, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Իրանի հետ Ադրբեջանի սահմանային գոտի` Լենքորան էր մեկնել Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը` ըստ ամենայնի` հենց Իրանի սահմանամերձ այս տարածքներում առկա «հնարավորությունների» եւ տիրող տրամադրությունների հետ ծանոթանալու համար: Թերեւս, նաեւ հենց այս պատճառով է, որ վերջին 10 օրերին իրանցի ատրպատականյան այաթոլլահները Իլհամ Ալիեւին կոշտ բնորոշմամբ անվանեցին «Իսրայելի կամակատար»,- եզրափակում է Արտյոմ Տոնոյանը:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31