Ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ ատամների խնամքի հետ զուգահեռ պետք է ուշադիր լինել նաեւ լնդերի վիճակին. «Արյունահոսության ժամանակ, եթե հղի չէ, կամ սիստեմատիկ ինչ-որ հիվանդություն չունի, ապա նշանակում է, որ մարդը տարիներով ատամները չի գնացել մաքրելու, առաջացել են ստորլնդային ատամնաքարեր եւ օրգանիզմը սկսել է պայքարել դրանց դեմ` արյունամատակարարումը ուժեղացնելով` փորձելով միկրոբներին մաքրել, որը այդ եղանակով հնարավոր չէ: Եթե մարդ ունենում է լնդային արյունահոսություն, ապա այն նշան է կամ գինկիվիդի` լնդապտկիկի բորբոքում, կամ պարադոնտիտի»:
Ըստ մասնագետի` ընդհանրապես արյունահոսությունը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որը վկայում է այն մասին, որ արդեն բերանի խոռոչում կան միկրոբներ եւ օրգանիզմը սկսել է պայքարել այդ միկրոբների դեմ: «Որպեսզի վերացնենք արյունահոսությունը, նախ եւ առաջ պետք է վերացնել պատճառը: Այսինքն՝ պետք է վերացնել միկրոբներին: Այսինքն՝ ինչ ատամի մածուկներ, ինչ դեղեր ուզում է օգտագործենք, եթե միկրոբը մնաց, ապա արյունահոսությունը սկզբնական շրջանակում կլինի որպես ահազանգ, հետո կանցնի լնդային եւ ոսկրային հյուսվածքների իջեցման»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը: Միկրոբների վերացման համար, եթե հնարավոր չէ տնային պայմաններում վերացնել ստորլնդային ատամնաքարերը, ատամնանստվածքները, ապա պետք է դիմել ստոմատոլոգին, որպեսզի այդ նստվածքները հեռացնեն:
Ստոմատոլոգի խոսքերով` Հայաստանում ատամների եւ լնդերի պրոֆիլակտիկ խնամքը այնքան էլ ճիշտ հիմքի վրա չէ դրված, քանի որ ցանկացած կլինիկայում պետք է լնդերի հետազոտություն կատարվի, որը իր մեջ հիմնականում ներառում է ռենտգեն հետազոտություն եւ զոնդավորում՝ ատամնագրպանիկների: «Եթե հայտնաբերվում է 3, 4 եւ ավելի միլիմետր ատամնագրպանիկ, ապա նստվածքները խորացել են ու ստացել են գրպանիկներ, ապա համարվում է, որ այդ անձը ունի պարադոնտիտ հիվանդությունը, որը քրոնիկ հիվանդություն է եւ անձը պետք է ամբողջ կյանքում հետեւի իր լնդերի վիճակին: Եթե այդ գրպանիկները չվերացվեն, ապա դրանց խորությունը կմեծանա ամսեամիս, եւ շատ կարճ ժամանակում կարող ենք կորցնել մեր ատամները, որոնք կարող են լինել գեղեցիկ, սպիտակ, առանց կարիեսի»,- նշեց մասնագետը:
Խնդրի հայտնաբերման ժամանակ, երբ կատարվի խորացված ատամնանստվածքների մաքրում, որից 3 ամիս հետո կատարվի կրկնակի մաքրում, եւ գրպանիկի փոքրանալու` 1, 2 միլիմետրի դեպքում, մասնագետը նշում է, որ այդ ժամանակ է համարվում տվյալ անձն առողջ. «Այ, դրանից հետո նոր կարելի է միայն 6 ամիսը մեկ հաճախել ստոմատոլոգի»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
18.10.2016