Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանը շատ թեյ խմեք

Հոկտեմբեր 19,2016 12:30

Թեյը կկորցնի իր համն ու օգտակարությունը, եթե եռացնեք այն

Աշնանը շատերի նախընտրած ըմպելիքը համարվում է թեյը: Հատկապես լրացուցիչ համեմունքներով պատրաստված թեյերը: Բացի համեմունքները, եթե ցանկանում եք՝ սովորական թեյն էլ լավ բույր ունենա, ապա տուփի մեջ դրեք կիտրոնի կամ նարնջի կեղեւ: Թեյը կկորցնի իր համն ու օգտակարությունը, եթե եռացնեք այն: Այն պետք է խմել թարմ եւ ոչ շատ տաք վիճակում եւ չմոռանալ, որ ուշ երեկոյան խորհուրդ չի տրվում թունդ թեյ խմել: Այն պետք է խմել քնելուց առնվազն 1,5-2 ժամ առաջ: Նախընտրելի է քնելուց առաջ խմել նյարդերը հանգստացնող անանուխի թեյ:

14694780_993999884042942_37

Ցանկանալով թեյի եփուկից ստանալ բոլոր օգտակար միացությունները, պետք է հիշել, որ առաջին անգամ եռման ջուր ավելացնելիս նրա մեջ է անցնում օգտակար նյութերի մինչեւ 70 տոկոսը, երկրորդ անգամ ավելացնելիս՝ եւս 22, իսկ երրորդ անգամ՝ 10 տոկոսը: Այդ նշանակում է, որ երբ թեյնիկի թեյը կիսվում է, կարելի է կրկին ավելացնել նոր եռացրած ջուր: Իհարկե, թեյի թնդությունն այդ դեպքում նվազում է, բայց համը միանգամայն ընդունելի կլինի: Միայն չպետք է մոռանալ, որ երկրորդ անգամ եռացրած ջուրը լցնելուց առաջ չի կարելի թեյնիկը նույնիսկ մեկ րոպե լրիվ դատարկել, քանի որ թեյի տերեւներն առանց ջրի օդում մնալով՝ կորցնում են գույնը դուրս տալու հատկությունը: Այդպիսի թեյը դառնում է անգույն եւ անհամ:

Թեյի որակը կախված է ջրից: Օրինակ, նշվում է, որ հանքային աղերով հարուստ չոր, շատ քլոր պարունակող ջրով թեյը համեղ չի ստացվում: Որքան ջուրը մաքուր է եւ փափուկ, այնքան թեյը համեղ է:

Թեյի համար ջուրը նախընտրելի է եռացնել թույլ կրակի վրա:

Թեյը համեղ, բուրավետ եւ օգտակար կլինի միայն ճիշտ պատրաստելու դեպքում: Ջուրը երկար եռացնել չի կարելի: Թեյամանը պետք է լինի հախճապակյա կամ ճենապակյա, բայց ոչ մետաղյա, ողողեք տաք ջրով, մեջը լցրեք կիսով չափ եռացրած ջուր, ծածկեք անձեռոցիկով եւ թողեք 5 րոպե: Հետո նորից ջուր ավելացրեք եւ պահեք եւս 5-7 րոպե: Եթե մուգ թեյի սիրահար եք, ապա թրմելուց չոր թեյի հետ միասին թեյնիկի մեջ գցեք մի կտոր շաքար:

14699901_993999870709610_15
Մասուրը նույնպես օգտագործում են թեյ խմելու համար: Մասուրի թեյը ոչ միայն օգտակար է, այլեւ ունի դուրեկան թթվաշ համ: 100 գրամ թարմ կամ 30-50 գրամ չոր մասուրի վրա լցնել 1 լիտր եռացրած ջուր, թողնել մի քանի ժամ եւ օգտագործել: Խորհուրդ չի տրվում եռացնել, քանի որ վիտամինները քայքայվում են:

Թեյ կարելի է պատրաստել ոչ միայն մասուրով, այլ տարբեր մրգերով, խոտաբույսերով, համեմունքներով եւ երբեմն ավելացնել ալկոհոլային խմիչքներ:
Օրինակ, «թեյ-պունշ չինական»-ը կարող եք պատրաստել:

Պահանջվում է 2,5 կիտրոնի հյութ եւ 2 նարինջ, 0,25 միլիգրամ կոնյակ, 0,5 լիտր եռացրած ջուր, 2 ճաշի գդալ թեյ, 150 գրամ մեղր, 0,25 միլիգրամ ռոմ:

Պատրաստման եղանակը: Կոնյակը խառնել կիտրոնի եւ նարնջի հյութի հետ, ավելացնել 0,5 կիտրոնի եւ նույնքան նարնջի կտրտած կեղեւ: Թեյը թրմել եռացրած ջրի մեջ, 3 րոպե թողնել, այնուհետեւ միացնել կոնյակով ստացված զանգվածին: Վերջում լցնել մեղրը, ռոմը եւ մատուցել:

Անգլիական մեկ բաժին թեյ պատրաստելու համար պահանջվում է՝ 1 թեյի գդալ չոր թեյ, եռացրած ջուր, կաթ, շաքարավազ:

Պատրաստման եղանակը: Թեյը լցնել եռացած ջրի մեջ եւ թողնել 5 րոպե: Այնուհետեւ ստացված զանգվածը լցնել նախապես տաքացրած փոքր թեյնիկի մեջ: Գավաթները եւս տաքացնել, լցնել եռացրած կաթը, ապա՝ թեյը եւ մատուցել:
Ճապոնական թեյ պատրաստելու համար պահանջվում է: 2,5 թեյի դգալ թեյ, 1 լիտր եռացրած ջուր:

Պատրաստման եղանակը: Փոքրիկ թեյնիկը լավ տաքացնել, լցնել թեյի թուրմը, ավելացնել եռացրած ջրի մի մասը եւ տաքացնել մինչեւ 60 աստիճան ցելսիուսի: Ճապոնացիները կարծում են, որ հատկապես այս ջերմաստիճանի դեպքում է հնարավոր ստանալ թեյի բարձրագույն բույրը: Պատրաստի թեյը մատուցել 50 միլիգրամ տարողությամբ գավաթներով: Այս թեյը քաղցրացնում են, ըմպում դանդաղ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

18.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31