Կառավարության ծրագիրը, որը երեկ արժանացել է իշխող ՀՀԿ-ի, իսկ այսօր կառավարության դրական եզրակացությանը, վաղն էլ կներկայացվի խորհրդարանի դատին, առաջնահերթություն է հռչակել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության ապահովումն, իբրեւ ռազմավարական ամենակարեւոր խնդիր, ինչպես նաեւ 2015-ի սահմանադրական փոփոխությունների կենսագործման ապահովումը`քաղաքական եւ տնտեսական համակարգային փոփոխություններ իրականացնելու համատեքստում, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, ընտրական համակարգի նկատմամբ վերահսկողության ավելացումը, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ուժեղացումը, սոցիալական արդարության հաստատումը, գործարարության համար հավասար եւ արդար պայմանների ապահովումը, գործարարությունը խթանող պայմանների ապահովումը, արտահանմանը նպաստող արտադրության խթանումը, պետական աջակցություն`արագ տնտեսական աճ ապահովող նոր ձեւավորվող նախագծերին, ներդրումների ներգրավումը, սոցիալական աջակցության հասցեականությունը, պարենային անվտանգության բարձրացումը, պետություն- մասնավոր հատվածի համագործակցության խթանումը եւ այլն: Վերջին դրույթը, ի դեպ, առաջին անգամ է կիրառվելու:
«Այս բոլոր բնագավառներում էլ հնարավոր է որոշակի ժամանակաշրջանում ունենալ արդյունավետ եւ տեսանելի զարգացում: Կարճաժամկետ հատվածում պայքարը ստվերի, կոռուպցիայի դեմ, սոցիալական արդարության հաստատումը, տնտեսության մեջ թափանցիկության եւ հավասարության ապահովումը հասարակության մեջ վստահության աստիճանի լուրջ բարձրացման հնարավորություն կստեղծի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Նա վստահ է, որ այս ծիլերը իրենց արդյունքները դեռ կտան կառավարության երկարաժամկետ ծրագրում, որը կներկայացվի 2017-ի ապրիլին: Այս ծրագիրը եւս կներառվի հիմնական ծրագրում:
Ծրագրի արդյունավետ իրականացման եւ դրական ֆոն ապահովելու առումով մտահոգություններ ու մտավախություններ Գագիկ Մելիքյանը չունի: Այդ վստահությունը նրան տալիս են նաեւ կառավարությունում իրականացվող կադրային եւ կառուցվածքային փոփոխությունները:
«Այն, ինչ ասվում է, պետք է որ արդյունավետ իրականացվի: Համոզված եմ, որ իրականացման դեպքում մենք կարող ենք ապահովել արդյունավետ կառավարում եւ տնտեսավարում: Կարեւորն այն է, որ նպատակադրվածությունը եւ նպատակասլացությունն իրականում հասցնի ստվերի կրճատման, կոռուպցիայի վերացման`բոլոր համակարգային կառույցներում: Համոզված եմ, որ արդյունքները կարճ ժամանակում տեսանելի կլինեն»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մասնավորաբար անդրադառնալով ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանի այն հայտարարություն-հանձնարարականներին, որ օրենքի դաշտում գործող տնտեսվարողները չպետք է զգան հարկային ծառայության ներկայությունը։
Կարդացեք նաև
Հսկողության լայն գործիքակազմը սպառելուց հետո միայն կարելի է թիրախավորված ստուգում անցկացնել ՓՄՁ-ներում, այն էլ՝ հստակ չափորոշիչներով ռիսկայնությունը հիմնավորելով: Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել եւ պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը: Պետք է վերհանել և բացառել հովանավորչությունը։ Անկախ բարեկամական կապերից, զբաղեցրած դիրքից՝ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար դաշտում: «Բոլորս պարտավոր ենք նաեւ մեր աշխատանքով օգտակար լինել կառավարության օրակարգում դրված ծրագրերին: Համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել լուրջ փոփոխությունների»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա համաձայն չէ մեր այն դիտարկմանը, որ մինչեւ այս հայտարարությունները շատ նման են մինչեւ հիմա հնչած ու դեկլարատիվ բնույթ ունեցող հայտարարություններին. «Արձանագրված առաջընթացը բավարար չի եղել ու ժամանակն է ներքին եւ հատկապես արտաքին մարտահրավերների պատճառով, հատկապես տնտեսության բնագավառում նպատակադրված, արդյունավետ կառավարում իրականացնենք եւ տնտեսական աճ ապահովենք: Հակառակ պարագայում, ուղղակի կզրկվենք ամեն ինչից»:
Նա համաձայն չէ նաեւ այն քննադատությունների հետ, որ Կարեն Կարապետյանն էլ մյուս վարչապետների նման, «իր մարդկանց» է պաշտոնների նշանակում. «Քննադատությունը շատ հեշտ է, հատկապես ոչ կառուցողական»:
Իսկ Կարեն Կարապետյանի եւ նրա ղեկավարած կառավարության հաջողությունները Գագիկ Մելիքյանը տեսնում է այն հիմքով, որ դեռ փետրվար ամսին հանրապետության նախագահն իր ելույթում հստակ խոսեց պետական կառավարման ապարատում կադրային փոփոխություններ իրականացնելու, կադրերի պատասխանատվությունը բարձրացնելու մասին. «Ցանկացած պետական պաշտոնյայի համար պաշտոնը պետք է լինի պատասխանատվություն, ոչ թե իրավունք: Այդ սկզբունքով աշխատելու դեպքում, կարծում եմ, արդյունավետ կառավարում կունենանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մինչև ՀՀԿ կոչված չարիքը, ամեն գնով իրենց իշխանությունը պահպանելու մկրտումներով, չանհետանա մեր երկրից, որևե լուրջ առաջընթաց ապահովելն իրատեսական չէ: