Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը՝ ՀԱՊԿ անդամ երկրների հետ տեղեկատվության փոխանակման մասին

Հոկտեմբեր 18,2016 19:25

ԱԺ-ում քննարկվեց նախագահի ներկայացրած «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների փոխգործակցության մասին արձանագրությունը վավերացնելու հարցը: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ արձանագրությունը ստորագրել է Սերժ Սարգսյանը 2014-ի դեկտեմբերին՝ Մոսկվայում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ Ադրբեջանը հայկական տիրույթում կայքեր է բացում եւ ադրբեջանամետ քարոզչություն տարածում, հայկական անուն-ազգանուններով ապատեղեկատվություն են տարածում: Ինչքան էլ քարոզչական պատերազմի դար է, պիտի ընդունենք, որ հակառակորդները շատ ագրեսիվ են սոցիալական տիրույթում, վերահսկելն էլ չափազանց բարդ է: Նա հարցրեց՝ ի՞նչ աշխատանք է կատարվում այդ ոլորտում:

Պարոն Եղիազարյանը պատասխանեց, որ Ադրբեջանի դոմեյնները չեն կարող վերահսկել, բայց փորձում են կիբերհանցագործությունների բաժնի միջոցով աշխատանք տանել:

Միքայել Մելքումյանն էլ հարցրեց. «Քանի որ արձանագրությունը տեղեկատվական դաշտում հանցագործության մասին է, ապրիլյան պատերազմից առաջ մենք տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ անդամ մեր գործընկերների հետ ունեի՞նք որոշակի փոխադարձ պարտավորություն, որ ժամանակին որեւէ տեղեկատվություն ստանայինք»:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ նման տեղեկատվություն չէինք կարող ստանալ ՀԱՊԿ անդամ պետություններից: Դա կատարվում է զուտ քրեական գործերի շրջանակներում եւ բացառվում է ռազմական տեղեկատվության փոխանակումը:

Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական դաշտի կառուցվածքներն իրար չեն բռնում, ինչպե՞ս են իրար ներդաշնակեցնելու: Փոխոստիկանապետը պատասխանեց, որ իսկապես, մոտեցումներն այդ երկրներում տարբեր են, բայց տվյալ համաձայնագիրը դա չի կաշկանդում. «Մենք հնարավորություն ունենք մեր մշակած կիբերհանցագործությունների կոնցեպտը հարմարեցնել»:

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ ներկայացրեց Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր ֆինանսական բուրգերին: Գործող օրենքներով ֆինանսական բուրգերի որեւէ արգելք նախատեսված չէ, ինչը վտանգավոր է տնտեսության համար: Ֆինանսական բուրգի վերաբերյալ տեղեկատվություն տվողներին կազատեն քրեական պատասխանատվությունից՝ միայն թե բացահայտի այն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31