Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության եւ նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկումն էր ԱԺ-ում: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ ֆինանսական պարտավորություններ ենք սրանով ունենալու, բայց Հայաստանի համար բավականին թեթեւ են՝ 2016-ի համար 1 մլն 493 հազար եվրոյի փոխարեն 743 հազար 915 եվրո է:
Դեռ 2015-ին ՀՀ-ն 33 ծրագրերի մասնակցելով՝ 8 ծրագրով հաջողել է եւ 617 հազար եվրոյի եկամուտ է բերել: Մեծ աշխատանք է սպասվում՝ ծրագրին նախապատրաստվելու համար:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց բուհերը հիմնադրամ դարձնելու չարաբաստիկ գործընթացից. «Չե՞ք կարծում, որ ավելի ազնիվ կլինի, որ կառավարությունը իքս ռեկտորի համար որոշում կայացնի՝ ցմահ պաշտոնավարելու համար, ոչ թե բարդ ընթացակարգ սահմանի»:
Նա ասաց, որ, օրինակ, Գյումրիի ռեկտորը, եթե ուզում եք ընդմիշտ պաշտոնավարի, ավելի ազնիվ կարող են լինել, քան հիմնադրամների ինստիտուտով քողարկել ակնհայտ փաստը. «Ես հասկանում եմ, որ նայելով նոր կառավարության նշանակումները՝ հարս-փեսա, քավոր-սանիկ եւ այլն, հասկանում եմ, որ երեւի նոր կրեատիվ մոտեցում է դրսեւորվում:
Կարդացեք նաև
Նախկին բոլոր տարբերակները՝ գողական, կրիմինալ՝ չեն աշխատել, հիմա փորձ են անում ազգակցա-սանիկա-քավորական հարաբերություններով ինչ-որ բան փրկել մեր երկրում: Բայց չե՞ք կարծում, որ իսկապես ժամանակն է կանգ առնելու: Հայաստանում չկա մարդ, որ չհասկանա իքս բուհը ինչի համար է վերածվում հիմնադրամի»:
Նախարարը պատասխանեց՝ մեր երկրում ցմահ միայն կաթողիկոսն է ընտրվում:
Լեւոն Մկրտչյանն ասաց, որ եթե հիմնադրամ չի աշխատում, ուրեմն ՊՈԱԿ պիտի լինի, որը խիստ սահմանափակում է բուհի հնարավորությունները: Նախարարն ասաց, որ կարող են ԲՀԿ-ի հետ այդ հարցն առանձին քննարկել, բայց համաձայնագրին դա չի վերաբերում:
Նաիրա Զոհրաբյանն ընդունեց, որ քննարկվող հարցին չի վերաբերում իր ասածը, բայց առաջարկեց՝ թոշակի գնացող մարդկանց ուղարկեք թոշակի, ոչ թե արտոնություններ տվեք, որ հավերժ պաշտոնավարի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ