Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ի ղարաբաղյան ճաքերը. հավաքական անվտանգություն՝ ոխերիմ դաշնակցությամբ, փոխադարձ խոր անվստահությամբ, բայց ծիծաղաշարժ հոխորտանքով

Հոկտեմբեր 18,2016 18:50

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար

Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստ, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել դաշինքի անդամներ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահները: Ղազախստանն էլ մասնակցեց վարչապետի մակարդակով՝ ներկայացվածության ընտրած մակարդակը պատճառաբանելով նախագահի “մրսածությամբ”:

Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահների մակարդակով պետք է ամփոփեր 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ-ի համար կենսական նշանակության զարգացումներն ու ուրվագծեր անելիքներն ապագայի համար, մասնավորապես՝ ընդուներ մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև քննարկեր միջազգային ահաբեկչության հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը[1]:

Միջազգային իրավիճակն ամփոփվելու էր մի ժամանակաշրջանի համար, երբ ՀԱՊԿ Խորհրդում նախագահում էր Հայաստանը, որի ընթացքում ճակատագրի հեգնանքով վերջինս բառացիորեն կանգնեց պատերազմի նախաշեմին. ապրիլի 2-5-ն Ադրբեջանը ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ առաջին օրն ընդհուպ ներթափանցելով Արցախի տարածք, սակայն հաջորդ օրերին դուրս շպրտվելով ելակետային դիրքեր՝ բացառությամբ ԼՂՀ հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան մի քանի դիրքերի, որոնք անցան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:

Մինչդեռ ապրիլյան քառօրյա պատերազմը լուրջ փորձություն դարձավ առանց այդ էլ խարխլված դաշինքի համար՝ առավել խորացնելով երկկողմ ու դաշինքային հարաբերություններում մինչապրիլյան ճաքերը:

Որքան էլ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մեծացել էր ՀԱՊԿ անդամ Հայաստանի՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններում ներգրավվելու ռիսկերը, ինչի մասին ապրիլի 4-ի երեկոյան նախազգուշացրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[2], ՀԱՊԿ անդամ երկրները որևէ տեսանելի ու շոշափելի աջակցություն չցուցաբերեցին իրենց դաշնակցին: Իսկ Ռուսաստանն էլ այդ օրերին գործեց որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, այլ ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, որովհետև Կրեմլում լրջորեն անհանգստացան Հայաստանի նախագահի հատկապես երկու սպառնալիքներից:

Առաջինը, Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու նախազգուշացումն իսպառ խառնում էր բոլոր դերակատարների, այդ թվում՝ Մոսկվայի Մեծ Խաղն[3] ու սեպ խրում ռուս-ադրբեջանական սիրախաղում, որտեղ Արցախն ու նրա տարածքները երկկողմ քաղաքական առևտրում վճարամիջոց-մանրադրամի էին վերածվել: Ասել է թե՝ Երևանն այդպիսով փակում էր Արցախի կարգավիճակի անորոշության վրա սանձազերծված հին խաղն ու ստիպում համակերպվել նոր և անշրջելի իրողության, այն է՝ նրա կարգավիճակի ու ներկայիս սահմանների այլևս որոշակիության հետ:

Երկրորդը՝ ԼՂՀ-ի հետ միջպետական իրավական պայմանագրային հենքի վրա Հայաստանի ուղղակի ներգրավումը ռազմական գործողություններում, նշանակում էր եթե ոչ ՀԱՊԿ-ի բոլոր անդամների ներգրավում պատերազմում, ապա գոնե Ռուսաստանի համար ստեղծում էին Ադրբեջանի ու Հայաստանի միջև կողմնորոշվելու պարտադրանք, իսկ դա էլ հանգեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ու համանախագահների կազմում միջնորդի կարգավիճակից զրկվելուն:

ՀԱՊԿ-ի պահվածքից Հայաստանի հանրության ու պաշտոնական Երևանի զայրույթը գագաթնակետին հասավ, երբ Հայաստանի դաշնակիցները ոչ միայն նրան պաշտպանելու հայտարարություններ չարեցին, այդ օրերին դիրքավորվեցին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ նրանցից ոմանք ընդհուպ քաղաքականապես պաշտպանեցին Ադրբեջանին: Այս վերլուծության մեջ առավելապես կանդրադառնանք նրանցից երկուսին՝ Բելառուսին ու Ղազախստանին:

ԲԵԼԱՌՈՒՍ. ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՊՏՎԱԾ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ

ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 2-ին, երբ արդեն իսկ միջազգային լրահոսը հեղեղված էր Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին նորություններով, հանձնարարեց[4] իր Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյին ու Պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովին «խորհրդակցություններ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի հետ»: Խոսուն, սակայն Հայաստանին ծայրաստիճան գրգռող փաստ էր այն, որ Լուկաշենկոյի հանձնարարությունն ստացած բելառուս պաշտոնյաներն «անընդմեջ լրջագույն բանակցային և դիվանագիտական աշխատանք» կատարելիս առաջինը զանգահարել էին ադրբեջանցի և նոր միայն հայ պաշտոնակիցներին:

Նույն հերթականությունը նախընտրեց նաև Բելառուսի նախագահը՝ ապրիլի 2-ին նախ զանգահարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Բելառուսի նախագահականի տարածած հաղորդագրության[5] համաձայն՝ «նախագահը մտահոգություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բելառուսական պետության ղեկավարը նաև կողմերին երկխոսության կոչ էր արել և ցավակցություն հայտնել, որ բախումների արդյունքում մարդիկ են զոհվում, նրանց թվում՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ»:

Ադրբեջանի նախագահականի տարածած ու պաշտոնական Մինսկի կողմից չհերքված հաղորդագրությունների[6] համաձայն՝ «Բելառուսի նախագահին տեղեկացնելով վերջին իրադարձությունների մասին՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կանխել են ադրբեջանական դիրքերի վրա հայկական կողմի հերթական սադրանքն ու հարձակումը և հակառակորդ կողմին արժանի հակահարված տվել»:

Պաշտոնական Մինսկը ոչ միայն հօգուտ իր դաշնակցի հասցեական հայտարարություն չարեց ապրիլյան պատերազմը սանձազերծողի մատնանշումով, ինչն ակնհայտ էր, ոչ միայն ի գիտություն ընդունեց ադրբեջանական կողմի «վարկածը հակամարտության գոտում ստեղծված իրադրության կապակցությամբ», այլև ընդհուպ լեգիտիմացրեց Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում:

Ապրիլի 2-ին Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը, «խոր մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի շրջանում սպառազինության ծանր տեսակների օգտագործմամբ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումով» և կողմերին կոչ անելով «անհապաղ դադարեցնել կրակն ու ձեռնպահ մնալ լարվածության աճի ու մարդկային կորուստների հանգեցնող գործողություններից», հայտարարեց[7], թե «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան, նախևառաջ՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի ու ԵԱՀԿ որոշումների ապահովման ու հարգման հիման վրա»:

Բելառուսի ԱԳՆ տարածած հայտարարությունն այն աստիճան գրգռեց իրեն դավաճանված զգացած Երևանին, որ Հայաստանում այդ երկրի դեսպան Իգոր Նազարուկը հրավիրվեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին էր փոխանցել հայկական կողմի «խորը տարակուսանքը» Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: Պաշտոնական Երևանը մասնավորապես դեսպանին հայտնել էր, որ «նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»[8]:

Հայաստանի նման բողոքի նոտայից հետո պաշտոնական Մինսկը փոքր-ինչ վերախմբագրեց իր դիրքորոշումը[9], թե «առանցքային դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմը, միջազգային հարաբերութուններում ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարվելու կոչն է, ինչպես որ դա արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և այլ հեղինակավոր միջազգային-իրավական փաստաթղթերում»:

Այնուհետև Բելառուսի ԱԳՆ խոսնակ Դմիտրի Միրոնչիկը հավելել էր, թե «իրենք ուշադրությամբ լսել են իրենց հայ գործընկերներին» ու  «նախկինի նման հավատում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան»:

Չնայած այս վերախմբագրումներին՝ այդուհանդերձ, տեղի ունեցածը խոր անվստահություն հաղորդեց Մինսկ-Երևան հարաբերություններին, հատկապես, երբ Բելառուսի կողմից Հայաստանի շահերին դեմ գործելն ամենևին չէր սահմանափակվում ապրիլյան պատերազմի շրջանում որդեգրված դիրքորոշմամբ:

Քառօրյա պատերազմից օրեր անց՝ ապրիլի 13-14-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա այց կատարեց Ստամբուլ՝ հանդիպելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև մասնակցելով «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների 13-րդ գագաթաժողովին (ընդունված հայտարարության մասին՝ ստորև), որի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար Մինսկը դիմում էր ներկայացրել[10]:

Հարկ է հիշել, որ Բելառուսի նախագահը նաև 2015թ. ապրիլի 24-ին դիվանագիտորեն խուսափեց ընդունել Հայաստանի նախագահի հրավերն ու ներկա գտնվել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառմանը, այն դեպքում, երբ այդ նույն օրերին Ալեքսանդր Լուկաշենկոն այցով գտնվում էր հարևան Վրաստանում[11]:

Դրանից ավելի առաջ էլ՝ դեռևս 2013թ. աշնանը, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը քննարկելիս ղարաբաղյան խնդրով Ադրբեջանի զգայունակությունները հաշվի առնելու անհրաժեշտության մասին[12]: Մասնավորապես՝ 2013թ. հոկտեմբերի 22-ին Մինսկում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տրոյկայի նիստից (Այն առաջինն էր 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին) 2 օր առաջ «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հայտարարեց[13]. «Հայաստանն Ադրբեջանի հետ մեկ  չլուծված տարածքային հարց ունի: Նշանակում է՝ Ադրբեջանի կողմից  հարցեր կլինեն: Ինչպես ես եմ հասկացել, Իլհամ Ալիևն այդ հարցն իր ղազախ գործընկերոջն արդեն տվել է: Մենք պետք է հաշվի առնենք Ադրբեջանի կարծիքը»:

Նշելով, որ թեպետ Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ անդամ են, սակայն Մինսկը Բաքվի հետ կառուցում է նաև ռազմա-տեխնիկական հարաբերություններ, և «Ադրբեջանը գնում է մեր նորագույն մշակումները, զենքը, ես դրանով ընդգծում եմ, որ Ադրբեջանի հետ Բելառուսը փակ թեմաներ չունի», Ա. Լուկաշենկոն Ի.Ալիևին բաց հրավիրեց Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը հնչեցնելու, որոնք «պետք է հաշվի առնել»:  Ինչպես նաև՝ Բելառուսի նախագահն ի լուր աշխարհի բացահայտ դարձրեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ընդդիմանալու հարցում Ղազախստանը նույնպես Ադրբեջանի լոբբիստներից կլինի:

Հետագայում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը խոչընդոտելիս[14] Բելառուսի նախագահն այլևս ղարաբաղյան խաղաքարտը չէր օգտագործում՝ այդ հարցով մարաթոնը զիջելով Նազարբաևին, մինչդեռ չէր դադարում պարբերաբար սեղանին դնել միանգամայն այլ հակափաստարկներ:

Այսպես. 2013թ. հոկտեմբերի 24-ին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տրոյկայի նիստում Բելառուսի նախագահը հայտարարեց, թե «Մաքսային միությանը Հայաստանը չի կարող անդամակցել ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի և ոչ էլ նույնիսկ հաջորդ տարի», իսկ եռյակին միանալ ցանկացողները «պետք է անցնեն ինտեգրման նույն ուղին, որն արդեն անցել են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը և ամբողջ ծավալով ու առանց բացառությունների ստանձնեն բոլոր պարտավորությունները»: Ասել է թե՝ պահանջեց Հայաստանի կողմից պարտավորությունների «փաթեթային» կատարում, ինչը հաջորդող ամիսներին անհնար դարձվեց հենց եռյակի կողմից Հայաստանի համար «զգայուն ապրանքատեսակների» հարցով առկա անորոշությունները չլուծելու պատճառով:

Իսկ եվրասիական տրոյկայի 2014թ. ապրիլի 29-ի նիստում էլ Բելառուսի նախագահը հիշեցրեց, որ «Մաքսային միության ընդլայնումը պետք է շահավետ լինի ոչ միայն անդամակցողի, այլև ողջ Միության համար» (այսինքն՝ Հայաստանի միանալուց օգուտները չեն տեսնում, մինչդեռ տեսնում են հավելյալ բեռը), «չպետք է տրամադրվեն հատուկ պայմաններ ու կարգավիճակ» (իսկ Հայաստանը հայցում էր երկուսն էլ), դիմորդները «պետք է ապրեն ինտեգրացիոն էտապների այն նույն տառապանքը, ինչը երեք երկրներն են անցել» (Հայաստանն ուզում էր թռիչքով անդամակցել), «ոչ մեկը ոչ մեկի թիկունքից չհրի» (իսկ Ռուսաստանը ցույց էր տալիս, թե Հայաստանի թիկունքից հրում է)[15]:

ՂԱԶԱԽՍՏԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՀԱՊԿ-ՈՒՄ ԵՎ ԵՏՄ-ՈՒՄ

Եթե պաշտոնական Երևանի համար Բելառուսի կողմից հակամարտության կողմերի միջև հավասարության խախտումն անակնկալ էր (թեպետ իրականում պետք է միանգամայն սպասելի լիներ վերջին տարիներին բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների սերտացման համատեքստում), ապա ՀԱՊԿ-ում Հայաստանի մյուս դաշնակցի՝ Ղազախստանի պահվածքը միանգամայն սպասելի էր:

Դեռևս 2013-2014թթ., երբ Հայաստանը Մաքսային/Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացում էր, Աստանան նույնպես քանիցս Երևանի շահերի  դեմ քայլեր կատարեց, որոնք լուրջ նստվածք թողեցին երկկողմ հարաբերություններում:

Այսպես, 2013թ. դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, երբ հաստատվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության  «ճանապարհային քարտեզը», այս անգամ Ղազախստանի նախագահ  Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել այն, բայց հատուկ կարծիքով, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված մաքսային սահմանների  հարցով պարզաբանումներ է պահանջում:

Այդ շրջանում դա ընդամենն արժանացավ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարի մակարդակով հակադարձմանը, թեպետ հասկանալի էր, որ բարձրագույն ղեկավարությունը նույնպես զայրացած է դաշնակցի պահվածքից: Գալուստ Սահակյանը Ղարաբաղի հետ կապված Մաքսային միության սահմանների վերաբերյալ Նազարբաևի հայտարարությունը Հայաստանի համար անընդունելի համարեց,  իսկ նման հայտարարությունը պայմանավորեց Ղազախստանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններով[16]:

Այնուհետև, 2014թ. մայիսի 29-ին Աստանայում, երբ մինչ այդ քանիցս հայտարարվել էր, թե Հայաստանը գերազանց է կատարում իր տնային աշխատանքը՝ «ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունները, իսկ Երևանն էլ ակնկալում էր հենց այդ նիստում միանալ ԵՏՄ-ին ու դառնալ դրա հիմնադիր անդամ, կրկին սպասված որոշման խոչընդոտողը պաշտոնական Աստանան էր. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տրոյկայի նիստում Նազաբարևն ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ առաջարկելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշմանն ու հիմնադիր փաստաթղթին միանալու պայմանագրին վերապահում կցել նրա «միջազգայնորեն ճանաչված սահմանների մասով»:

«Որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում այնպես, ինչպես դուք անդամակցել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հարկ է նաև Եվրասիական միություն մտնել ՄԱԿ-ում ամրագրված սահմաններով: Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ է մտել վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքի վրա՝ ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններում: Դա՝ քննարկման համար»:

Այդպիսով՝ Նազարբաևը ղարաբաղյան թեմայով տորպեդահարեց ու կրկին մի քանի ամսով հետաձգեց[17] Երևանի կողմից երկար սպասված որոշումը, ինչը լուրջ կրքեր գեներացրեց Հայաստանում:

Այս և հաջորդող նիստերում Ղազախստանի նախագահի շուրթերով ասվածը սկսեց արժանանալ ոչ միայն հայ հասարակության, այլև պաշտոնական Երևանի (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյան և այլք) կոշտ գնահատականներին: Մասնավորապես Աստանայում տրոյկայի նիստից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»[18]:

Այս համատեքստում արժե հիշել նաև, որ 2014թ. ամռանը՝ հունիսից սկսած, Աստանայում տրոյկայի մայիսի 29-ի նիստի շրջանում ու հաջորդող օրերին ռազմա-քաղաքական լարվածությունն ու հրադադարի ռեժիմի խախտումներն ինտենսիվացել էին ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի ու ընդհուպ Նախիջևանի ուղղությամբ: Այդ ժամանակաշրջանում էլ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները լուռ մնացին ամառային շիկացման կապակցությամբ (հուլիս-օգոստոս ամիսներին այն սպառնում էր վերածվել լայնածավալ պատերազմի, և միայն կանխվեց, ավելի ստույգ՝ հետաձգվեց օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վ.Պուտինի հովանու ներքո կազմակերպված Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքում):

Ավելին, ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահը Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի նախագահների հետ միասին հենց հունիսի 5-ին, երբ Հայաստան-Նախիջևան/Ադրբեջան սահմանի վրա արձանագրվեց[19] զինադադարի կնքումից ի վեր սահմանի այդ հատվածի համար աննախադեպ ու ամենանշանակալի հրադադարի խախտումը, Թուրքիայի Բոդրում քաղաքում մասնակցում էր Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի IV նիստին[20]:

Նիստի նախօրեին՝ հունիսի 4-ին, Ադրբեջանի նախագահը երկկողմ հանդիպում ունեցավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում «իր և ադրբեջանական ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու համար»: Իսկ գագաթաժողովում իր ելույթի ժամանակ Ալիևը վերստին սպառնաց, թե «պետք է մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, մեր հայրենակիցները վերադառնան հայրենի հողերը»[21]:

Հատկանշական է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակահատվածում պաշտոնական Երևանը հասկացավ, որ Նազարբաևի այդ քայլերի տակ միայն թյուրքական աշխարհի շրջանակներում ադրբեջանա-ղազախական մերձավորության գործոնը չէ ընկած, այլ նաև այդ հարցում Ղազախստանի՝ տնտեսապես շահագրգռված չլինելը, ինչպես դա քիչ վերը փաստարկվեց Բելառուսի դեպքում:

Հայ-ղազախական լարվածությունը վերստին գագաթնակետին հասավ 2014թ. հոկտեմբերի  10-ից հետո, երբ Եվրասիական տնտեսական բաձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը: Այդ ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարեց[22], թե ԵՏՄ-ի ընդլայնման արդյունքում նրա արտաքին, մասնավորապես՝ Հայաստան-ԼՂՀ սահմանների հարցում ընտրվել է փոխզիջումների տարբերակը. «Հաջողվեց փոխզիջման հասնել մի նրբանկատ հարցով, որը մենք տալիս էինք սահմանների վերաբերյալ, որոնցով Հայաստանը միանում է ԵԱՏՄ-ին, այդ հարցն այլևս հանված է»:

Ի պատասխան Նազարբաևի այդ հայտարարության՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բավականին կոշտ հակադարձեց. «Տվյալ պահին Նազարբաևը ոչ մի պահանջ մեզ չի ներկայացրել և չի էլ կարող: Մենք գնում ենք մեր ընտրած ուղով և ոչ մի պահանջ չենք ընդունում»: Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, փոխարենը Նազարբաևի հայտարարությունը մեկնաբանելու, լրագրողի հարցին արհամարհանքով նետել էր՝ «Կբարևես իրեն»[23]:

Վերջապես, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման ընդունումից հետո ՀՀ Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանն իր հարցազրույցներից մեկում նախորդած ամիսների որոշ խոհանոցային մանրամասներ հրապարակայնացրեց. «Ղազախստանից ասում էին, օրինակ, այդ մեքենաների դրույքաչափի մասով Հայաստանին ինչի՞ համար տվեցիք արտոնություն: Ղազախստանում այդքան երջանիկ չեն, որ մենք մտնում ենք այդ Միության մեջ:  <…> Ղազախների պատճառով մինչև այս հոկտեմբերի մեկը դեռ պարզ չէր՝ (պայմանագիրը-Ս.Ս.) կստորագրվեր, թե չէր ստորագրվի: Մինչև հոկտեմբեր բոլորովին վստահություն չկար, որ այդ նախաստորագրումը լինելու է: Ղազախներն ուրիշ բան էին ուզում, իրենք ուզում էին Թուրքիային քաշեին այդ Միություն, Ադրբեջանին քաշեին: Միակ երկիրը, որ մեզ ուզում էր, Ռուսաստանն էր»[24]: Հասկանալիորեն ակնարկը վերաբերում էր ոչ միայն Ղազախստանին, ում անունը տրվել էր, այլ նաև Բելառուսին:

Հընթացս՝ հայկական ԶԼՄ-ներում ի պատասխան այդ ամենի սկսվեց հեգնանքը Հայաստանի շահերին դեմ գործած Նազարբաևի ու նրա նախաձեռնությունների հանդեպ,[25]  հատկապես, երբ Աստանայում 2014թ. հոկտեմբերին հայտարարվեց 2015թ. աշնանը Ղազախստանի պետականության 550-ամյակի հոբելյանական միջոցառումներ կազմակերպելու մասին[26]:

Ղազախստանի պետականության երիտասարդության ու բացառապես Նազարբաևի կողմից ստեղծված լինելու մասին Սելիգեր-2014 ճամբարում ՌԴ նախագահի գրգռող հայտարարությանն ու դրա շուրջ ռուսական լրատվամիջոցների խայթոցներին գումարվել էին նաև Հայաստանի ԶԼՄ-ների հեգնանքը, որն ամենևին դուր չեկավ Ղազախստանին[27]:

Աստանայում առնվազն փորձագիտական ու այլ մակարդակներով սկսեցին արձագանքել[28] Հայաստանում հնչող քննադատություններին՝ փորձելով հասցեագրված բոլոր մեղադրանքների համար արդարացնել Նազարբաևին: Այսպես. Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Աջար Կուրտովը նշել էր, թե «Աստանայի դիրքորոշման պատճառով հայկական ԶԼՄ-ներում ու քաղաքական գործիչների դրսևորած ցավագին վերաբերմունքը չափից դուրս է, քանի որ Ղազախստանն իրականում Միությանը Երևանի անդամակցությանը դեմ չի արտահայտվել»:

Իսկ քաղաքագետ Շինգիս Նուրլանովն էլ բացատրել էր Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով ԵՏՄ-ին միանալու Աստանայի պահանջի պատճառները. «Դա նշանակում է, որ Երևանի հնարավոր հավակնությունները Լեռնային Ղարաբաղի ու մի քանի ադրբեջանական շրջանների հանդեպ, որոնք 1990-ականների սկզբին Հայաստանը օկուպացրել էր հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում, ապագա Միության մեջ նրա դաշնակիցների կողմից չեն ճանաչվի: Ղազախստանը շահագրգռված չէ հակամարտության սրացման հարցում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի արտահանման պատճառով: Դրանից բացի Աստանան երբեք չի թաքցրել Ադրբեջանի հետ թյուրքական եղբայրական կապերի առկայությունը»:

Հայաստանյան արձագանքներին ի պատասխան՝ որոշ ղազախ փորձագետներ անգամ առաջարկեցին սահմանափակել Հայաստանից ապրանքների ներմուծումը Ղազախստան, թեպետ մյուս կողմից էլ գիտակցում էին, որ այդպիսի լուրջ ներմուծում չկա, ինչպես նաև՝ դա կհակասի շուկայական տնտեսությանն ու ԵՏՄ սկզբունքներին ու կանոններին, որոնք նախատեսում են մարդկանց, կապիտալի, ծառայությունների ու ապրանքների ազատ տեղաշարժ Միության սահմաններում:

Այս ամենի արդյունքում հայ-ղազախական հարաբերություններն այնպես էին թունավորվել, որ Բելառուսի նախագահի օրինակով այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նույնպես 2015թ. ապրիլի 24-ին դիվանագիտորեն խուսափեց Հայաստան գալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում՝ այդ կերպ ոչ միայն վերաբերմունք արտահայտելով Հայաստանում սկիզբ առած քննադատություններին, այլև հերթական անգամ չնեղացնելով Անկարային ու Բաքվին: Իսկ վերջիններս միասնական ճակատով ջանք չէին խնայում ստվերելու նույն օրը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելով (իհարկե, Ղազախստանի նախագահը նաև դրան չմասնակցեց):

Հայ-ղազախական հարաբերություններում համբերության բաժակի վերջին կաթիլը լցրեց ապրիլյան պատերազմը, երբ Ղազախստանն էլ բացահայտ չպաշտպանեց Հայաստանին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայում՝ կրկին հարգելով Հայաստանին ու Արցախին ռազմական սպառնալիք հարուցած Ադրբեջանի «ղարաբաղյան զգայունությունները»:

Պատերազմից բառացիորեն օրեր անց պարզ դարձավ, որ Աստանայի պահանջով չեղարկվել է Երևանում ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել դրան, ուստի Եվրասիական հանձնաժողովի որոշմամբ այն տեղափոխվեց Մոսկվա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայության պետի տեղակալ Մարինա Շկուռլատովան հրաժարվել էր մեկնաբանել կատարվածը. «Ինձ բարդ է սա մեկնաբանել, քանի որ սա ղազախական կողմի որոշումն էր»[29]։

Սակայն դրանով չավարտվեցին Ղազախստանի հակահայկական քայլերը: Այդ երկրի նախագահը նույնպես ապրիլի 14-ին Թուրքիայում մասնակցեց «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների 13-րդ գագաթաժողովին, որի ամփոփիչ փաստաթղթում[30] Հայաստանը մեղադրվեց ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների համար՝ դատապարտելով «հայկական զինված ուժերի շարունակական հարձակումներն Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում», և աջակցություն հայտնվեց Ադրբեջանին՝ պահանջելով «Հայաստանի զինված ուժերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ու Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»[31]:

Եզրափակիչ փաստաթղթի կետերից մեկով էլ ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ։ Մինչ գագաթաժողովն անդամ երկրների (այդ թվում՝ Ղազախստանի արտգործնախարարների) 13-րդ գագաթաժողովի նախապատրաստական նիստի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր. «Քանի դեռ Ղարաբաղը մնում է հայկական օկուպացիայի տակ, բախումների ռիսկը շարունակելու է: <…> Խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է, որպեսզի ԻՀԿ-ը նախաձեռնողականություն ցուցաբերի: Այս առումով շատ կարևոր քայլ կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի ձևավորումը»՝ ըստ այդմ աջակցություն հայտնելով այդ խմբի ստեղծման կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի առաջարկությանը[32]:

ԻՀԿ-ի եզրափակիչ փաստաթղթում ԼՂ-ին վերաբերող դրույթները բառացիորեն կրկնում էին վերոնշյալ նախապատրաստական նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությունները, որոնց այդ ժամանակ աջակցություն հայտնեցին ոչ միայն Թուրքիան, այլ կոնֆերանսի ժամանակ նաև՝ Ղազախստանն ու այլ երկրներ:

Ի պատասխան ղազախական կողմի նման դեմարշների՝ ապրիլի 14-ի երեկոյան Շիրակի մարզի Հառիճ գյուղի ավագանու անդամները միաձայն գրավոր համաձայնություն տվեցին իրենց համայնքում Նազարբաևի անունը կրող փողոցն անվանափոխելու վերաբերյալ, ինչպես նաև հանվեցին բոլոր ցուցանակները՝ խորհրդանշական կերպով առաջարկելով այն անվանակոչել Արցախի կամ Գրիգոր Լուսավորիչի անունով[33]: Ինչպես նաև՝ գյուղի գրադարանում ստեղծված Ղազախստանի անկյունից իջեցվեց Նազարբաևի մեծադիր նկարը, իսկ տարիների ընթացքում իրենց նվիրված նկարները, Ղազախստանի մշակույթի նմուշները, գրքերն իբրև բողոքի նշան արկղերով ուղարկվեցին Երևանում այդ երկրի դեսպանատուն[34]:

Այլևս խոսքերից գործողությունների վերածված նման միջպետական լարվածության արդյունքում Երևանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը հարկադրված եղավ հունիսի 24-ին մամուլի ասուլիս հրավիրել և անդրադառնալ[35] պաշտոնական Աստանայի հասցեին սաստկացող քննադատություններին՝ հերքելով, թե Ղազախստանը վարում է հակահայկական քաղաքականություն կամ որ նախընտրում է ադրբեջանական նավթը, և որ Թուրքիայում Ռեջեփ Թայիթ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հետ ջերմ ձեռքսեղմումները վերաբերմունք են Հայաստանի հանդեպ. «Երբ մեր նախագահը հանդիպումներ է ունենում Ադրբեջանի, Թուրքիայի, ՀՀ նախագահների հետ, բոլորի հետ ձեռք է սեղմում, և դա բացարձակապես չի նշանակում, որ կա սեր կամ որևէ նախապատվություն, մենք ուղղակի նորմալ փոխհարաբերությունների մեջ ենք բոլոր երկրների հետ: Ցանկացած նախագահ նախևառաջ իր քայլերը պայմանավորում է նրանով, թե իր ժողովրդի շահերն ինչ են թելադրում: Դրա համար մենք հավասար հարաբերություններ ենք պահում երկրների հետ»:

Իսկ Հառիճ համայնքում Նազարբաևի անունը կրող ցուցանակները հանելու ու փողոցը անվանակոչելու կապակցությամբ էլ դեսպանը նշեց. «Մենք ենթադրում ենք, որ այդ գործողությունները՝ փողոցի ցուցանակները հեռացնելու և այլն, սուվերեն իրավունքն է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ իշխանական որոշ մարմինների: Դա իրենց իրավունքն է, մենք որևէ կերպ դրան չենք արձագանքում: Եթե համեմատենք, Ղազախստանում երբեք որևէ փողոց չեն վերանվանել այդպես աղմուկով, այդպես նվաստացուցիչ կերպով: Փողոցների սովետական անունները մեզ մոտ էլ են փոխվել, բայց դրանք արվել են բացառապես օրենքի հիման վրա ու շատ հանգիստ, դանդաղ գործընթացով: Մենք դա երբեք ցուցադրաբար չենք արել:
Եվ հետո, ես կարծում եմ՝ այն, ինչ արվեց այստեղ, այնքան էլ իմաստուն որոշում չէր, որովհետև մենք երբեք չենք միջնորդել այդ փողոցը Նազարբաևի անունով կոչելու համար և չենք էլ միջնորդի հակառակ որոշման համար: Մենք որևէ կերպ չենք արձագանքել ու չենք էլ պատրաստվում արձագանքել: Դա ավելի շատ այն մարդկանց խղճի վրա կմնա, որոնք նման որոշում կայացրեցին
»:

Աստանայում տարատեսակ փորձագետների շուրթերով պաշտոնական Երևանից կատարվածի համար ներողություն խնդրելու, Ղազախստանում Հայաստանի դեսպանին բողոքի նոտա հանձնելու ու հանդիմանանքի այլ կոչեր ևս հնչեցին, ինչից կատարելապես հրճվում էր գլխավոր շահառուն՝ Ադրբեջանը[36]:

ՀԱՊԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ՝ ՆԵՂՍՐՏԱԾ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅՈՎ, ԱՌԱՆՑ «ՄՐՍԱԾ» ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՈՒ ԼՂ ՄԱՍԻՆ ԱՆԱՏԱՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Մինչ մեկնարկը երևանյան գագաթաժողովի առաջին սկանդալը դարձավ այն լուրը, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դրան չի մասնակցի[37] «մրսածության և դրանից բուժվելու» անհրաժեշտության պատճառով, որի համար չեղյալ են համարվել նրա որոշ ներքին ու արտասահմանյան շրջագայություններ, այդ թվում՝ դեպի Բաքու և Երևան: Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Այդոս Ուկիբայը նաև հայտարարեց, որ Երևանում իրենց կներկայացնի վարչապետը: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրանից դուրս կասկածներ չկային, որ գործ ունեն Նազարբաևի «դիվանագիտական հիվանդության» հետ, և որ այդպիսով Աստանան հերթական անգամ փորձում է չզայրացնել Ադրբեջանին[38]: Սակայն հենց երևանյան գագաթաժողովի օրը ղազախական լրատվամիջոցներն ավետեցին[39], որ Նազարբաևն այլևս վերադարձել է աշխատանքի և հանդիպումներ է ունենում:

Բացառել չի կարելի, որ Բելառուսն էլ կարող էր նման որևէ պատրվակ գտնել ու չներկայանալ երևանյան գագաթաժողովին, եթե 2016-2017թթ. ժամանակահատվածի համար Կազմակերպության Խորհրդում նախագահությունն ստանձնած երկիր չլիներ, որը պաշտոնապես պետք է ընդուներ Հայաստանում[40]: Երևան գալու մեկ այլ պատճառ էր այն, որ իրականում Ռուսաստանի ու ողջ դաշինքի անունից հենց նա պետք է սրտնեղած դժգոհություն հնչեցներ ՄԱԿ-ի կողմից ՀԱՊԿ-ը որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող կազմակերպություն չճանաչելու (ինչի կապակցությամբ ավելի վաղ դիմել էին նրան, սակայն՝ մերժվել) և, ընդհանրապես, ՆԱՏՕ-ի ու այլ կազմակերպությունների կողմից հարգանքի ու ճանաչման չարժանանալու կապակցությամբ: Հասկանալիորեն փքված ինքնասիրությամբ ՌԴ նախագահը չէր կարող դա անձամբ անել, և Լուկաշենկոն այդտեղ ծառայություն ուներ մատուցելու, ինչպես որ ապրիլի 13-14-ին մեկնեց Ստամբուլ՝ ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաշտեցման ստվերային միջնորդական առաքելություն իրականացնելու համար, ինչը չվրիպեց արևմտյան փորձագետների աչքից[41]:

Նման հիմնավոր ենթադրության ապացույցը Ա. Լուկաշենկոյի ելույթն էր, երբ ներկայացնելով ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ նեղ կազմով բանակցություններում քննարկված հարցերի լայն շրջանակը՝ բարձրաձայն հանդիմանեց[42] կազմված օրակարգը. «Ըստ որում՝ թե՛ արևմտյան, թե՛ Կենտրոնական Ասիայի ուղղություններով ամբողջ սահմանների եզրագծով, թե՛ Աֆղանստանում: Քննարկվել են հակամարտություններն ու չլուծված հարցերը: Ազնվորեն խոստովանում եմ, որ մեր նախագահության առաջնահերթություններով պատրաստված նյութերը չեն ձգում քննարկումների այն մակարդակին, որի վրա քննարկում ունեցանք նեղ կազմով»: Այդպես Լուկաշենկոն մասամբ արդարացնում էր նաև անլուրջ օրակարգով հարցեր քննարկելուց Նազարբաևի բացակայությունը…

ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովում ընդունված կարևորագույն փաստաթղթին ու քննարկված որոշումներին հարկ կլինի առանձին ու հանգամանալից անդրադառնալ, սակայն ՀԱՊԿ «ղարաբաղյան գլխացավանքին» վերաբերող երկու խնդիր սույն վերլուծության ընթացքում չեն կարող անտեսվել:

Առաջինը, ինչպես նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավետեց[43], «նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ»:

Հիշեցնենք, որ այբբենական կարգով ու ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու իրավունքը դեռևս մեկ տարի առաջ անցել էր Հայաստանին, սակայն այն ժամանակ ՀԱՊԿ խորհրդի նիստում գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը մեկ տարով երկարացնելու մասին որոշում ընդունվեց: Մինչև երևանյան գագաթաժողովը ՀԱՊԿ տարածած հաղորդագրությամբ ազդարարվել էր, որ Հայաստանում քննարկվելիք հարցերից ու ընդունվելիք որոշումներից մեկն էլ դա է լինելու: Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունները պետք է հաստատեն նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, ում պաշտոնավարման ժամկետը կառույցում 3 տարի է[44]:

Հայաստանյան ԶԼՄ-ներում արդեն իսկ շրջանառության մեջ էին դրվել մի քանի անուններ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Վաղարշակ Հարությունյանի ու Սեյրան Օհանյանի[45], ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի անունները: Երևանյան գագաթաժողովից մի քանի օր առաջ ընդհուպ ռուսական ԶԼՄ-ները գրեթե հաստատել էին Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու լուրը, թեպետ սեպտեմբերի 16-ին դեռևս ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ  նշանակմանը, այդպիսի առաջարկություն չի եղել, այսօր ես Պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ և չեմ պատրաստվում որևէ միջազգային կառույցում աշխատելու»[46]։

Թե ինչ էր ընկած հերքման հիմքում՝ նրա թեկնածության չհաստատումը ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների կողմից, թե իսկապես «որևէ միջազգային կառույցում չաշխատելու» նրա անձնական անդրդվելի որոշումը, տակավին անհայտ է: Սակայն երևանյան գագաթաժողովից հետո այլևս ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները հավանություն չեն տալիս Երևանի առաջադրած և ոչ մի թեկնածության, ինչից առայժմ շահում է Ռուսաստանը, իսկ մյուսները՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հակառակորդներն ու Ադրբեջանի լոբբիստներն էլ հերթական անգամ իրենց քայլը վաճառում են Բաքվին, որտեղ կատարվածը սեփական քաղաքական-դիվանագիտական հաղթանակն են համարում[47]: Ըստ չհաստատված զեկույցների՝ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից նշված թեկնածուների չհաստատման ոչ պաշտոնական պատճառ է վկայակոչվում թեկնածուների առնչությունը ղարաբաղյան առաջին ու վերջին ապրիլյան պատերազմին….

ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներն ակնհայտորեն փորձում են առավելագույնս հարվածել Հայաստանի շահերին՝ չգիտակցելով, որ ղարաբաղյան խնդիրն արդեն իսկ իսպառ թաղել է բարձրագոչ անվանմամբ հավաքական անվտանգության կազմակերպությունը, որտեղ ո՛չ հավաքականություն կա, ո՛չ կազմակերպություն, ո՛չ էլ անվտանգություն:

Ու թերևս ասվածի ապացույցն էր ԼՂ հակամարտության վերաբերյալ այդ կառույցի ընդունած հայտարարությունը[48], որն ավելի շատ մեղմասացություն է, քան ՀԱՊԿ անդամին սպառնացող մեկ այլ երկրին ուղղված լրջագույն նախազգուշացում: Ահավասիկ. ՀԱՊԿ անդամ պետություններն «աջակցություն են հայտնում մայիսի 1-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի համար պայմաններ ստեղծելուն: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես  խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտությունը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժ կամ դրա սպառնալիք     չկիրառելու, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ու իրահավահավասարության նորմերի և սկզբունքների հիման վրա կարգավորելու ջանքերին»:

Խնդիրը ոչ թե հայտարարությամբ ամրագրվածի (իբրև հռչակագրային դիրքորոշում այն միանգամայն Հայաստանի օգտին է, ավելին՝ Ադրբեջանին տխրեցնող ու հիասթափեցնող), այլ չամրագրվածի մեջ է: Ուշադրությունից չի կարող վրիպել այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ը խնամքով շրջանցել է ապրիլյան քառօրյա պատերազմի թեման, համալիր գնահատականներ չի տվել կատարվածին ու չի մատնանշել Հայաստանին լայնամասշտաբ ռազմական գործողությունների շեմին կանգնեցրած կողմին՝ Ադրբեջանին:

Թերևս, հենց դա էլ անուղղակիորեն վկայում է ՀԱՊԿ անդամ երկրների՝ գործնականում Հայաստանի կողքին երբևէ չկանգնելու ու իբրև դաշնակից պաշտպանության չարժանացնելու միանգամայն իրական վտանգը, հատկապես, երբ դա ակնառու դրսևորվեց 2016թ. ապրիլին՝ Հայաստանի ու նրա անվտանգության շահերի դեմ դաշնակիցների բացահայտ կամ անուղղակի գործողություններով:

Մինչև ապրիլյան պատերազմը՝ դեռևս 2015թ. դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես նշել էր[49]. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշամբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:

Ապրիլյան պատերազմում ու դրանից հետո ՀԱՊԿ-ի ու այդ կազմակերպությունում Հայաստանի դաշնակիցների ամոթալի պահվածքը վկայելու եկան ոչ միայն դաշինքի անճարակությունը, այլ ընդհուպ դաշինքի ներսում անվտանգության հարցերով խիստ հակադիր շահերը, որոնք անգամ մրցակցային չենք անվանի, այլ՝ դավաճանական:

Հիշատակված ելույթում Հայաստանի նախագահը, խոսելով Սիրիայում Թուրքիայի զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը հաջորդած զարգացումների մասին, անգամ անուղղակի ամոթանք տվեց ու կոչ արեց օրինակ վերցնել ՆԱՏՕ-ից. «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»:

Զավեշտալի է, որ սեփական դաշնակցի շահերը ոտնատակ տված դաշինքն ու նրա անդամ պետություններն իրենց պահվածքից հետո Երևանում սրտնեղում են այլոց կողմից իրենց չհարգելուց: Այսպես, երևանյան գագաթաժողովում Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հայտարարեց[50]. «Եվ պետք է ձևավորել լավ առաջնահերթություններ, որպեսզի մեր Կազմակերպությունը դուրս գա բավականին լուրջ մակարդակ: Որպեսզի նրանից ոչ թե վախենան, այլ հարգեն, և մենք երբեք չհամոզենք, որ մեզ ճանաչեն: <…> Կարծում եմ՝ մենք ինչ-որ լավ բան կարող ենք առաջարկել մեր Կազմակերպությանը միասնության և կոնտրգործընկերների կողմից  հարգանքի արժանանալու առումով: <…> Մենք բոլորս հաստատագրեցինք, որ ՀԱՊԿ-ին ոչ մեկը, հատկապես ՆԱՏՕ, չի ցանկանում ճանաչել (բա տեսա՞ք, Կազմակերպությունն այն չէ): Ես լսեցի այդ զրույցներն ու մտածեցի՝ եթե մենք նրանց խնդրենք, նրանք մեզ երբեք չեն ճանաչի: Մենք պետք է այնպես վարվենք, որպեսզի նրանց ստիպենք հարգել մեր Կազմակերպությունը»:

Սակայն Լուկաշենկոն և այլք մոռանում են, որ Կազմակերպության հանդեպ արդեն իսկ հարգանք հենց ներսում չկա՝ անդամ երկրների կողմից, հետևաբար այն չի լինի նաև դրսից՝ մուրաս, թե հայցես այն, և ոչ մի «լավ առաջնահերթություն», եթե այն կապ չունի անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի անվտանգության շահերը հարգելու, ռազմաքաղաքական անվտանգության մակարդակը բարձրացնելու հետ, չի փրկի այդ Կազմակերպությանը, որը ելույթներից դուրս միասնական չէ ոչ միայն իր անդամին, այլև ողջ դաշինքին առաջադրված փորձության պահին:

Միով բանիվ՝ ՀԱՊԿ-ը ղարաբաղյան խնդրով գլխավոր փորձությունը չանցավ, ու դա այլևս փաստ է: Հարկ է, որ Հայաստանը խորապես գիտակցի այս իրողությունը, անհարկի, անհիմն ու անհամարժեք իլուզիաներ չտածի ու սպասելիքներ չունենա նրանից: Հայաստանն արդեն իսկ քանիցս համոզվել է, որ այդ Կազմակերպությունում ինքը յուրային չէ: Ըստ որում, հանուն արդարության, յուրային չեն նաև մյուսները:

Ցավալի է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները չգիտակցեցին իրենց ամենամեծ ընդհանուր շահը՝ սեփական ինքնիշխանությունը Ռուսաստանից պաշտպանելու հրամայականը, որին նրանցից յուրաքանչյուրը յուրովի է բախվում: Ներկայիս Ռուսաստանի համար մյուս հետխորհրդային երկրների անկախությունը չբարձրաձայնվող սպառնալիք է, որի համար էլ պաշտոնական Մոսկվան փորձում է այդ երկրների ինքնիշխանությունը կիսել տնտեսական, ռազմական, քաղաքական ու այլ ոլորտներում՝ նրանց իր վերահսկողության տակ պահելու ու պետականությունները կլանելու հեռահար նպատակով:

Ցավալի է նաև, որ այս համատեքստում այժմյան Ռուսաստանն ինքն էլ չի գիտակցում Կովկասում իր միակ դաշնակցի ու նրա ինքնիշխանության իրական արժեքը հենց իր շահերի տեսանկյունից: ՀԱՊԿ-ն ու նրա անդամ պետությունները Հայաստանի համար կատարելապես խորթ ու օտար են դարձել: Սակայն, անգամ եթե դա գիտակցվի էլ, դժվար թե պաշտոնական Երևանի կողմից այդ Կազմակերպությունից դուրս գալու որոշում կայացվի՝ հենց Ռուսաստանից ունեցած վախերի ու կախվածության պատճառով:

Արդ, Հայաստանին որպես նվազագույն ռազմավարություն մնում է կառույցի ներսում սկսել դաշնակիցների ձեռագրով նրանց դեմ գործելու գործելաոճը. նրանք թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության տեսանկյունից ոչ պակաս զգայուն հարցեր ունեն, ինչպես Հայաստանը: Թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության հարթակներում Հայաստանը կարող է ձևերը գտնել նրանց անվտանգության խնդիրները շոշափելու ու «փոխշահավետ սակարկության» դաշտ բերելու համար:

Ինչպես Ադրբեջանն է վերջին տարիներին հետևողականորեն աշխատում Հայաստանի հակառակորդների, անգամ բարեկամների հետ՝ թունավորելով բարեկամ կամ դաշնակից երկրների հետ Երևանի հարաբերությունները, Հայաստանը նույնպես կարող է լավ ուսումնասիրել իր դաշնակիցների հակառակորդներին և մրցակիցներին ու ճանաչել նրանց շահերը…

Դժվար թե Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները սթափվեն խրատով, հավաքական անվտանգության մասին դասախոսություններով, ինչպես Սերժ Սարգսյանը մեկ անգամ փորձեց անել, քանի դեռ նրանց կոշտուկները տրորված չեն: Ըստ որում, Հայաստանը դա պետք է անի վերին աստիճանի հմտությամբ ու հնարամտությամբ: Առջևում Կազմակերպությունում Բելառուսի նախագահությունն է ու նոր փորձություններ դաշինքի համար… Հայաստանի համար դրանք այլևս հնարավորություն են, ոչ միայն մարտահրավեր:

Եվ, եթե Հայաստանը չփոխի իր խաղը, նրա նվաստացումները շարունակական են լինելու, անկախ նրանից՝ դաշնակիցներն անգամ չեն էլ գիտակցում, որ այդպիսով նվաստացնում են իրենց ու ՀԱՊԿ-ին:

Իսկ նման խարխլված դաշինքի հոխորտանքները ՆԱՏՕ-ի կամ այլ հեղինակավոր կառույցների ու տերությունների հասցեին առնվազն ծիծաղելի են դառնում: ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները դրանցով անգամ սեփական հասարակությանը չեն կերակրի, ուր մնաց միջազգային հանրությանը:

[1] Совет коллективной безопасности ОДКБ в Ереване 14 октября 2016 года принял Решение об утверждении Стратегии коллективной безопасности до 2025 года, а также о дополнительных мерах по борьбе с терроризмом и создании Центра кризисного реагирования, 14.10.2016

 

[2] Սաֆարյան Ս., Կրեմլը վերախմբագրո՞ւմ է քառօրյա պատերազմի մեղքերն ու հետքերը, թե՞ Հայաստանում սադրում նախընտրական նոր կրքեր, 14.09.2016, ՄԱՀՀԻ

[3] Սաֆարյան Ս., Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում և ԼՂ խնդիրը (2008-2016), 19.04.2016, ՄԱՀՀԻ

[4] Министр обороны Равков провел переговоры со своими коллегами из Азербайджана и Армении, 02.04.2016, Sputnik Беларусь

[5] Телефонные переговоры с президентами Азербайджана и Армении, 02.04.2016

[6] Состоялся телефонный разговор Президентов Азербайджана и Беларуси, 02.04.2016, Trend

[7] Заявление Министерства иностранных дел Республики Беларусь в связи с событиями вокруг Нагорного Карабаха, 02.04.2016

[8] Բելառուսի դեսպանին կանչել են Հայաստանի ԱԳՆ և տարակուսանք հայտնել, 03.04.2016, News.am

[9] Беларусь скорректировала свою позицию по Карабаху, 05.04.2016, Медиамакс

[10] Беларусь и Турция: ничего личного, только взаимная выгода, 14.04.2016, DW

[11] Александр Лукашенко позвонил Алиеву и выразил озабоченность, 02.04.2016, Лрагир

[12] Սաֆարյան, Ինչո՞ւ և ինչպե՞ս ղարաբաղյան խնդիրը «հայտնվեց» եվրասիական եռյակի սեղանին-1, 10.06.2014, Հետք, Ինչո՞ւ և ինչպե՞ս ղարաբաղյան խնդիրը «հայտնվեց» եվրասիական եռյակի սեղանին-2, 13.06.2014, Հետք

[13] Лукашенко: Надо учитывать позицию Баку в вопросе интеграции Армении в ТС, 22.10.2013, «МИР 24»

[14] Սաֆարյան Ս., Բելառուսը շարունակո՞ւմ է դիմադրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, 30.04.2014, Հետք

[15] Սաֆարյան Ս., Աստանա. ծուղակ և խայտառակություն-2, 04.06.2014թ. Հետք

[16] Գալուստ Սահակյան. Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշումը Երևանի համար անընդունելի է, 25.12.2013, Նյուզ.am

[17] Սաֆարյան Ս., Աստանա. ծուղակ և խայտառակություն-1, 01.06.2014թ., Հետք, Սաֆարյան Ս., Աստանա. ծուղակ և խայտառակություն-2, 04.06. 2014թ., Հետք

[18] Ս. Սարգսյան. «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ», 31 մայիսի, 2014թ., Հետք,  կամ՝ Президент Армении С. Саргсян: Заявления Назарбаева неприятны, но безвредны, 31.05.2014, panorama.am

[19] Երկու զոհ՝ հակառակորդի կրակոցից, 05.06.2016, Հետք

[20] Սաֆարյան Ս., Թեժացող հայ-ադրբեջանական սահման. Թուրքիան կմտնի՞ խաղի մեջ, 06.06.2014, Հետք

[21] Президент Ильхам Алиев: “Территориальная целостность Азербайджана должна быть восстановлена, наши соотечественники должны возвратиться на родные земли”, 05.06.2016, Day.az

[22] Армения подписала договор о присоединении к ЕАЭС, 10.10.2014, Радио Азатутюн

[23] «Կբարևես իրեն». Հովիկ Աբրահամյանը՝ Նազարբաևին, 17.10.2016, www.1in.am

[24] Ֆինանսների փոխնախարարի ուշագրավ բացահայտումները, 01.11.2014,  Լրագիր,  Замминистра финансов раскрывает секреты, 01.11.2014,  Лрагир

[25] Открытие Назарбаева — новая первая страница истории страны, 31.10. 2014, ИноСМИ.ru

[26] Казахской государственности в 2015 году исполнится 550 лет – Назарбаев, 22.10.2014, Tengrinews.kz

[27] В Казахстане озадачены словами Путина о русском мире, 02.09.2014, BBC

[28] В Армении началась информационная война против Казахстана?, КУРСИВkz 03.11.2014

[29] Չեղարկվել է Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը Երևանում, 15.04.2016, Ազատություն

[30] Final Communique Of The 13th Islamic Summit Of The Heads Of State/Government Of The OIC Member States, 15.04.2016

[31] Հառիճում Նազարբաևի անունը կրող փողոցը կվերանվանվի, 19.04.2016, Ազատություն

[32] Չավուշօղլուն առաջարկել է ԻՀԿ-ի շրջանակներում ձևավորել «ԼՂ հարցով կոնտակտային խումբ», 12.04.2016, Ազատություն

[33] Հառիճում Նազարբաևի փողոցը կանվանափոխվի, Պանորամա, 15.04.2016թ.

[34] Улица Назарбаева в Армении осталась без названия, 19.04.2016, Радио Азаттык

[35] Երբ Նազարբաևը Ալիևի, Էրդողանի ձեռքն է սեղմում, դա չի նշանակում, որ կա սեր, 24.04.2016, Առավոտ

[36] Казахстанская общественность требует наказать Армению, 20.04.2016, Haqqin.az

[37] Акорда: Назарбаев из-за недомогания не примет участие в заседании ОДКБ в Ереване, 12.10.2016, Радио Азаттык

[38] Путин с Лукашенко решили заставить НАТО уважать ОДКБ, 12.10.2016, МК

[39] Президент Казахстана вышел на работу после болезни, 14.10.2016, Радио Азаттык

Назарбаев вернулся к работе после болезни, 14.10.2016, Tengrinews.kz

[40] ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց Բելառուսը, 14.10.2016, Այսօր

[41] Беларусь и Турция: ничего личного, только взаимная выгода, 14.04.2016, DW

[42] Участие в сессии Совета коллективной безопасности ОДКБ, 14.10.2016, Пресс-служба Президента Республики Беларусь

[43] Կայացել Է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, 14.10.2016, ՀՀ Նախագահի պաշտոնական կայք

[44] ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարները որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածության վերաբերյալ, 11.10.2016, Արմենպրես

[45] Министр обороны Армении назван вероятным преемником Бордюжи на посту генсека ОДКБ, 11.10.2016, Интерфакс, կամ՝ Սեյրան Օհանյանը կարող է նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 11.10.2016, Ազատություն

[46] Սեյրան Օհանյանը մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, 16.09.2016, Նյուզ.ամ

[47] «ОДКБ скорее расколется, чем пойдет против Азербайджана», 15.10.2016, Haqqin.az

[48] Заявление глав государств – членов Организации Договора о коллективной безопасности по нагорно-карабахскому конфликту, 14.10.2016, ОДКБ

[49] Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, 21.12.2015, ՀՀ Նախագահի պաշտոնական կայք

[50] Участие в сессии Совета коллективной безопасности ОДКБ, 14.10.2016, Пресс-служба Президента Республики Беларусь

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31