Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սովոր ենք, որ Սամվել Բալասանյանը մանդատ պիտի խլի»․ Մարզպետունի Մարգարյան

Հոկտեմբեր 18,2016 18:25

Այսօր ՀՀ վարչական դատարանը որոշում կայացրեց՝ մերժելով «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հայցն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման։ Հանձնաժողովի որոշման համաձայն, «Բալասանյան» դաշինքին տրվեց 17 մանդատ, մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները պնդում են, որ այդ երկու մանդատները խլել են իրենցից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մարզպետունի Մարգարյանն, անդրադառնալով վարչական դատարանի այս որոշմանն, ասաց․«Ճիշտն ասած բոլորս էլ սպասում էինք, որ նման որոշում կլինի, օրենքը գրողները ովքե՞ր են եղել, իշխանության ներկայացուցիչները, հիմա դատարանը հո օրենքը չի կարող չեղյալ համարել։ Մենք բողոքարկելու ենք, շարունակական է լինելու, կդիմենք Սահմանադրական դատարան, հետո Եվրոդատարան։ Եթե Սահմանադրական դատարանը չգտավ, որ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 5-րդ կետը հակասահմանադրական է, բնական է՝ պետք է շարունակենք բողոքել։

Սամվել Բալասանյանը նորվա մանդատ խլողը չէ․ բոլորը գիտեն, նորություն չեմ ասում․ 1999 թվականին մեծամասնական ընտրակարգով ես ընտրվեցի պատգամավոր, 3 ամիս մասնակցեցի նիստերին, ելույթներ ունեցա Ազգային ժողովում, դրանից հետո, թե իրենք ինչ սարքեցին (ի նկատի ունի այդ ժամանակվա իր մրցակցին՝ Սամվել Բալասանյանին Ա․Ն․), ինչ արեցին, ինչ չարեցին, հասան էն բանին, որ ինձ նույնիսկ արգելեցին Սահմանադրական դատարանում դատական նիստին մասնակցել, չթողեցին»։

Մարզպետունի Մարգարյանն ասաց, որ այդ ժամանակ ընտրատարածքներ չկային, կար միայն մարզային ընտրական հանձնաժողով։ Ինքը Կոմունիստական կուսակցությունից էր, իսկ Սամվել Բալասանյանը, ըստ նրա՝ ո՞վ գիտի որ կուսակցությունից էր։ «Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահն Ավետիսյան Սուրիկն էր, քարտուղարն էլ Ավետիսյան Ջուլիկն էր, նրանք երկուսը Սահմանադրական դատարանում ընդունեցին, որ իրենք են խախտում կատարել, որի պատճառով երկուսին է դատեցին, երկու տարի տվեցին պայմանական։ Հետո, ըստ երևույթին, Սամվել Բալասանյանն ինչ-որ խոստացել էր, չէր արել, Ջուլիկը սկսեց ելույթներ ունենալ մամուլում, որ Մարզպետունի Մարգարյանը ճիշտ էր անցել, խեղաթյուրել ենք մենք Սամվել Բալասանյանի հորդորանքով։ Ես 1280 ձայնով առաջ էի Սամվել Բալասանյանից։ Բոլորին ինքը գնեց, այնպես որ՝ մենք սովոր ենք, որ Սամվել Բալասանյանը մանդատ պիտի խլի։

Բայց, իհարկե, ինձանից մանդատ խլելը շարունակություն ունեցավ, Մարգարյան Հովիկն ու Սամվել Բալասանյանը Վարդան Ավազյանի հետ գնացին տրանսպորտի ու կապի նախարար Մադաթյան Էդիկի մոտ, պահանջ ներկայացրեցին, որ դեպոյից ինձ ազատեն, հետապնդումներ եղան իմ նկատմամբ․ ես դեպոյի պետն էի այդ ժամանակ։ Ինձ կանչեցին, ասացին՝ շատ լավ ես աշխատել, բայց դիմում պետք է գրես, մանդատը խլելուց բացի նաև աշխատանքը խլեցին ինձանից, դա Բալասանյանի ոճն է։ Ես նրան բարև չեմ տալիս, ես նմանատիպ մարդկանց արհամարհել եմ, ամենամեծ պատժին արհամարհանքն է, նման մարդիկ ինձ համար գոյություն չունեն»,- ասաց Մարզպետունի Մարգարյանը՝ նշելով, որ իր համար տհաճ է անգամ հիշելը։

Այնուհետ հավելեց․ «Կարևորն այն է, որ ես Գյումրիում ինձ լավ եմ զգում, հարգում ու հարգվում եմ, ճակատս բաց է, աչքերս ուղիղ, մարդկանց հայացքներին հառելով՝ ես քայլում եմ, անհարմար զգալու ոչինչ չունեմ, թող իրենք մտածեն․․․»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դերո says:

    Բալասանյան Դաշինք Բոնուսովիչից ամեն ինչ էլ կարելի է սպասել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31