Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմամշակութային հուշարձան շենքը դեռ ուզող չունի. «Ռոստելեկոմն» առայժմ մտադրություն չունի այն գնելու

Հոկտեմբեր 18,2016 17:47

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն շենքը կառավարության հոկտեմբերի 6-ի նիստին որոշվեց վաճառել:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, շենքը պատրաստվում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, եւ վաճառքի մասին որոշում է եղել «Ռոստելեկոմից» ստացված առաջարկի հիման վրա:

Aravot.am-ի հարցին՝ «Ռոստելեկոմ»-ը պատրաստվո՞ւմ է մասնակցել նշված շենքի վաճառքի աճուրդին, ընկերությունից վստահեցրին, որ ներկայումս ընկերությունում նման որոշում եւ քննարկում չկա:

Պետական գույքի կառավարման վարչությունից մեզ վստահեցրին, որ առայժմ շենքի համար որեւէ գնորդ չկա, բացի այս, դեռ աճուրդ պետք է հայտարարվի, որից 15 օր առաջ այդ մասին կհայտարարվի: Ուստի, գնորդների մասին տեղեկություն կլինի միայն աճուրդին հայտ ներկայացնելուց հետո:

Նշենք, որ այս շենքի մի մասն արդեն սեփականաշնորհված է, իսկ նախարարության հատվածը 7809 քառակուսի մետր է, որն, ըստ կառավարության որոշման, գնահատվել է 13.2 միլիարդ դրամ, շենքի հետ նաեւ վաճառվում է կից 0.25 հեկտար հողամասը:

«Գույքի գնահատված արժեքի կազմում է 13 միլիարդ 223 միլիոն 413 հազար դրամ, գնորդը պարտավոր է վճարել նաեւ հողամասի բաժնային մասի կադաստրային արժեքը` 151 միլիոն 226 հազար դրամ»,- գրված է կառավարության որոշման մեջ:

Շենքի վաճառքի անհրաժեշտության մասին էլ պետական գույքի կառավարման վարչությունը հիմնավորել է հետեւյալ կերպ. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանն ամրացված 7809.9 քառ. մետր մակերեսով տարածքից մի շարք տարածքներ (ընդհանուր մակերեսը կազմում է 1887.4 քառ. մետր) վարձակալությամբ հանձնված են այլ կազմակերպությունների, որոնցից երկուսի վարձակալության ժամկետը լրանում է 2017, իսկ մեկինը` 2018 թվականներին:

Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ ներկայացված նախագծով առաջարկվում է նշված գույքը ներկայացնել օտարման՝ աճուրդով»:

Կառավարության որոշման մեջ պատմամշակութային այս շենքի պահպանման վերաբերյալ էլ գրված է՝ «Գույքի հանձնում-ընդունումից հետո՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր, ինչպես նաեւ գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ»:

Այսինքն, պատմական այս հուշարձանը որեւէ փոփոխության ենթարկելու համար, նոր սեփականատերը պետք է համաձայնեցնի համապատասխան պետական մարմինների հետ:

Հիշեցնենք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը եղել է «GNC-ալֆա»-ի, այսինքն՝ «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31